Արմեն Գուլակյան

Արմեն Գուլակյանը վարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1921), սովորել է Օվի Սևումյանի (1919), Մոսկվայի հայկական դրամատիկ (1921-1925) ստուդիաներում: 

Երբ Թիֆլիսում հիմնադրվում է հայ խորհրդային առաջին թատերական օջախը՝ Ստեփան Շահումյանի անվան թատրոնը, Գուլակյանն ընդունվում է այդ թատրոնում իբրև դերասան և ռեժիսորի օգնական: Պրոֆեսիոնալ ռեժիսոր դառնալու նպատակով նա 1921-ին մեկնում է Մոսկվա, սովորում տեղի հայ դրամատիկական ստուդիայում: Ավարտելով Ռուբեն Սիմոնովի դասարանը, Գուլակյանը վերադառնում է Թիֆլիս, ընդունվում հայկական թատրոն, սկզբում իբրև տեխնիկական, ապա՝ երկրորդ ռեժիսոր: 

Շուտով Գուլակյանի համբավը հասնում է Երևան: 1928-ի նոյեմբերի 17-ին նա Երևանի Առաջին պետական թատրոնում իրականացնում է Հ. Պարոնյանի‹‹Մեծապատիվ մուրացկաններ›› կատակերգությունը, ինչով և ապացուցում է, որ թատրոն է եկել մասնագիտորեն պատրաստված ռեժիսոր: 



1929-ի հունվարի 30-ին Արմեն Գուլակյանը նշանակվում է Երևանի Առաջին պետթատրոնի գլխավոր ռեժիսոր: 
Նրա անհանգիստ ու ակտիվ բնավորությունը առավել ևս՝ կազմակերպչական ընդունակությունը, խստապահանջությունն ու կարգապահական պանահջները արտահայտվեցին աշխատանքային առաջին իսկ օրերին, ինչը նպաստեց թատրոնի ստեղծագործական կյանքին գործնականորեն տնօրինելու հնարավորությունը: 

Գուլակյանի քառասունից ավելի բեմադրությունները բարձրացրեցին Մայր թատրոնի հեղինակությունը՝ դարձնելով հայ ռեժիսուրայի զարգացման չափանիշ, ինչը նկատելի հետք թողեց հայ թատրոնում, բեմական հմայքի ազդեցության տակ առնելով երիտասարդ ռեժիսորներից շատերին: 
Թատրոնի պատմության մեջ երևույթ դարձան սունդուկյանական երկերի գուլակյանական բեմադրությունները, որոնց ռեժիսորական ձևը մշակված էր փայլուն կերպով: Մինչև ‹‹Պեպոն›› Գուլակյանն իրականացրել էր Սունդուկյանի ‹‹Խաթաբալա›› պիեսի բեմադրությունը, ուր հեղինակի սոցիոլոգիական խմբագրումը արտահայտված էր բավական ակներևորեն, բայց բեմական գրոտեքսային ձևը, բեմավիճակների պատկերավորությունը,վառ ձևավորումը ներկայացմանը տվել էին առանձին փայլ ու գրավչություն:Բեմադրության մեջ ճիշտ օգտագործված երաժշտությունը ևս օգնել էր գործող անձանց սատիրական բնութագրությանը: 

Նույն այդ շրջանում Գուլակյանը դիմում է նաև ժամանակակից թատերագրության երկերին, բեմադրում է‹‹Ինգա››, ‹‹Ցասում››, ‹‹Առաջին հեծելազորը››, ‹‹Տեմպ››, ‹‹Պլատոն Կրեշետ›› պիեսները, շատ եռանդուն աշխատում է հայ թատերագիրների, մասնավորապես Դերենիկ Դեմիրճյանի, Վաղարշ Վաղարշյանի պիեսների բեմադրության վրա, ստեղծում է ‹‹Օղակում››, ‹‹Նավթ››, ‹‹Ֆոսֆորային շող››, ‹‹Նապոլեոն Կորկոտյան›› ներկայացումները: 

Միայն Սունդուկյանի ‹‹Պեպոյին›› Արմեն Գուլակյանն անդրադարձել է չորս անգամ: Այդ չորս բեմադրությունների մեջ երևում է Գուլակյանի ռեժիսորական ստեղծագործության զարգացման ընթացքը: 

Թատրոնի խաղացանկի լավագույն բեմադրություններից է Գուլակյանի իրականացրած Գորկու ‹‹Հատակումը››, Շեքսպիրի ‹‹Մակբեթը››, Բոմարշեի‹‹Ֆիգարոյի ամուսնությունը››, Ջանանի ‹‹Շահնամեն››, Օստրովսկու ‹‹Ամպրոպը››, Գուլակյանի ‹‹Արշալույսին››, Սունդուկյանի ‹‹Քանդած օջախը››, Շեքսպիրի ‹‹Օթելլոն››, Լերմոնտովի ‹‹Դիմակահանդեսը››, Տոլստոյի ‹‹Կենդանի դիակը››, Գ. Տեր-Գրիգորյանի ‹‹Այս աստղերը մերն են››, Պոպովի‹‹Ընտանիքը››, Աֆինեգինովի ‹‹Մաշենկան››: 

Արմեն Գուլակյանը ռեժիսորական վարպետությունը ի սպաս դրեց օպերային թատրոնի զարգացման գործին: 
Նրա բեմադրած օպերաները (‹‹Անուշ››, ‹‹Արշակ Երկրորդ››, ‹‹Օթելլո››, ‹‹Աիդա››, ‹‹Հուգենոտներ››) աչքի ընկան իբրև անսամբլային ներկայացումներ, նշանավորվեցին բեմադրվող ստեղծագործության ինքնուրույն ըմբռնմամբ ու մեկնաբանությամբ: 
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնն իր նվաճումնրով շատ բանով է պարտական մեծանուն ռեժիսոր Արմեն Գուլակյանին: