«Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ն կազմակերպում է հերթական բարեգործական միջոցառումը

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հերթական բարեգործական միջոցառումը, որը տեղի կունենա հունիսի 15-ին ՝ 19:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Միջոցառմանը հանդես կգան ՝ 
Միրզոյան Կվարտետը, ԻնՌոք Կվինտետը, Լուսինե Ազարյանը և բլուլահար Ավագ Մարգարյանը:

Ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է 4-ամյա Հակոբի բուժմանը:
Հակոբյան Հակոբը մոտ ախտորոշվել է <<Սուր պիելոնեֆրիտ, երկկողմանի միզապարկ միզածորանային հետհոսք աջից չորրորդ, ձախից երրորդ աստիճան, խրոնիկական երիկամային հիվանդություն երրորդ շրջան, միզապարկի դիվերտիկուլ, վիճակ հետին միզուկի կափույրի տրանսուրետրալ ռեզեկցիայից հետո>>: Երեխան անհապաղ մանրամասն հետազոտությունների, միզուղիների վիրահատության, իսկ հետագայում նաև երիկամի փոխպատվաստման կարիք ունի, որը պետք է իրականացվի Շվեդիայում։ Փոքրիկի նախնական հետազոտությունների և վիրահատության համար պակասող գումարը կազմում է 9000 դոլար:

Համերգի տոմսերի արժեքն է 1000, 2000, 3000, 4000, 5000 դրամ: Տոմսերը պատվիրելու, ինչպես նաև այլ մանրամասների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 098282268 `Վիկա , 099 59 94 61` Սոնա , 095 73 37 23`Մհեր:
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ․․․
Հարգանքներով՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ


Առաքելական Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը

 Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հովհաննես Կարապետի, Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը համընկնում է նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրվա հետ: 
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսավոր թափորով և ուխտավորների ուղեկցությամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: 
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազում ուխտավորներ` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի: 
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը:
Հայր Իգնատիոսն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ տոնի խորհրդին և Ս. Մարիանեի նահատակության վայրում կառուցված Ս. Շողակաթ եկեղեցու պատմությանը: «Մեր դարաշրջանում չի պահանջվում նահատակություն, պարզապես պետք է ընդունել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մեր սրտերից ու հոգիներից ներս, ապրել Իր իսկ պատգամներին և ունեցած կյանքին համարժեք», - պատգամեց պատարագիչ Հայր Սուրբը: 

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն:
Տոնի առիթով տեղի ունեցավ նաև Ս. Շողակաթ վանքին հարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ օրեր առաջ փողոցը վերանվանվել էր Ս. Մարիանեի անունով: Բացման արարողությանը իր սրտի խոսքն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը: