Վարդան Աճեմյան. նրա բեմադրությունները հայ թատրոնում մնացին իբրև բարձր արժեքներ
Վարդան Աճեմյանի ստեղծագործության մեջ հայ ռեժիսորական արվեստը հասել է իր զարգացման բարձրունքներին:
Վարդան Աճեմյանը ծնվել է Վանում: Ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը (1924), Մոսկվայի հայկական ստուդիան (1926), 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել է Գյումրու (Լենինականի) պետական թատրոնի հիմնադիրներից: (1923-1946-ին՝ դերասան, ռեժիսոր, 1931-1938-ին՝ գեղարվեստական ղեկավար), 1939-ին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, (1953-ից՝ գլխավոր ռեժիսոր), 1947-1953-ին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1944-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Առաջին հանդիպումը թատրոնի հետ, որին հետագայում նվիրվեց Վարդան Աճեմյանը, 1920-ին էր՝ Ալեքսանդրապոլում, ուր նա հանդես եկավ որպես դերասան:
Գուրգեն Մահարու (Աճեմյան) ‹‹Պեպոն և ուրիշները›› մի արարով պիեսում պոետի դերակատարումը ճակատագրական եղավ ապագա ռեժիսորի համար:
1924-ին Աճեմյանն ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան և հետևում Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի բեմադրություններին և ամենայն ուշադրությամբ ուսումնասիրում է Վախտանգովի բեմադրությունները:
Մոսկվայից վերադառնալով որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր, Վարդան Աճեմյանը ստանձնում է Թիֆլիսի հայ դրամատիկական ստուդիայի ղեկավարությունը:
Մեկ տարի անց Աճեմյանը մեկնում է Գյումրի (Լենինական), դառնալով 1928-ին բացված Հայաստանի երկրորդ պետական թատրոնի հիմնադիրներից մեկը: Միանալով նույն թատրոնում գործող Ռուբեն Սիմոնովի սաներ՝ Թադևոս Սարյանին և Սուրեն Աբովյանին, Աճեմյանը կազմակերպեց նորաստեղծ թատրոնի գործունեության սկզբունքը:
1929-ին բեմադրած Վարդան Աճեմյանի առաջին իսկ ներկայացումները՝ (‹‹Բեկում››, ‹‹Մուրոկկո››) վկայեցին, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, մասշտաբային մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ, ով պիտի փայլեր նաև՝ Գորկու ‹‹Հատակում››, Պարոնյանի ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››, Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր››, Ն. Զարյանի ‹‹Արա Գեղեցիկ››, Շիլլերի ‹‹Խարդավանք և սեր›› և այլ՝ նախատիպը չունեցող բեմադրություննրով:
Աճեմյանի տաղանդն այլևս չէր կարող ամփոփվել Գյումրու թատրոնում և նրա առաջ լայնորեն բացվեցին Երևանի Առաջին պետթատրոնի դռները:
Առաջին հանդիպումը կայացավ 1939-ին՝ Շիրվանզադեի ‹‹Պատվի համար›› բեմադրությունով և Աճեմյանն ապացուցեց հայ թատրոնի առաջատար ռեժիսոր լինելու իրավունքը, որից սպասում էին ստեղծագործական նվաճումներ:
Հայոց Մայր թատրոնում Վարդան Աճեմյանն իրականացրեց հիսուն բեմադրություն՝ դասական, ազգային, ժամանակակից երկերի փայլուն օրինակներ՝ Դեմիրճյանի ‹‹Երկիր հայրենի››, Սունդուկյանի ‹‹Էլի մեկ զոհ››, Վ. Փափազյանի ‹‹Ժայռ››, Չեխովի ‹‹Բալենու այգի››, Շիրվանզադեի ‹‹Նամուս››, ‹‹Քաոս››, Գ. Բորյանի ‹‹Նույն հարկի տակ››, Չարենցի ‹‹Դեպի ապագան››, Պագոդինի ‹‹Երրորդ պաթետիկականը››, Վ. Սարոյանի ‹‹Իմ սիրտը լեռներում է››, Շեքսպիրի ‹‹Ռոմեո և Ջուլետ››, Լազգերյովի ‹‹Բեկում››, Ն. Զարյանի ‹‹Արտավազդ և Կլեոպատրա››, Եվրիպիդեսի ‹‹Իֆիգենիան Ավլիսում››, Զ. Դարյանի ‹‹Հանրապետության նախագահը››, Գորկու ‹‹Հատակում›› և այլն:
Մեծանուն ռեժիսորի վերջին բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնում եղավ Վարդգես Պետրոսյանի ‹‹Ծանր է հիպոկրատի գլխարկը›› պիեսը:
Վարդան Աճեմյանը բարձրարվեստ բեմադրություններ արձանագրեց նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում: