Երգ մեր քարերի մասին. Սիլվա Կապուտիկյան

Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր:
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ,
Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր.
Սուգերով լի քարեր ու սևաքանդակ:
Ավերների միջին, արյունների միջին,
Երբ կերտել ենք համառ ու փնտրել ձեզ,
Դուք եք եղել թարգման մեր սևակնած սրտին.
Դուք եք եղել հարմար բախտին մեր սև:
Օ, խաչքարեր տխուր՝ շիրիմներին քաշված
Դուք ծնկաչոք հայի աղոթքներից մաշված,
Դուք մումերի մրից սև՜ կրկնակի:
Մինչ խորքերում հողի քարեր կային վառման,
Քարեր կային զվարթ, հազարագույն,
Մոզիրներում թաղված անթեղների նման,
Սրտերի մեջ փակված հույսի հանգույն...
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասքամանի՜ քարեր, ծաղիկների,
Դուք՝ խնդություն, պահված հողերի տակ դարեր,
Դուք՝ գետնի տակ սանձած կար՜տ կյանքի,
Դուրս եք հորդել հիմա մեր դարավոր սրտից,
ճեղքած մռայլը հին՝ եղել եք վեր,
Սյուն- սյուն շատրվանել հողի խորունկ շերտից.
Կամար- կամար շուքով ծիածանվել
Ծաղիկների՜ գույնի, ծաղիկների՜ նման,
Բարի ժպտում եք դուք լույսի՛ն, մարդո՛ւն,
Ո՞ր հողի տակ ուրիշ կյանք ու գույն կա այսքան
Դարերը հուն չգտած ուրախություն:
Հավատում եմ հոգով բախտին ժողովրդիս,
Նրա աստղը պիտի պայծառ փայլի այսպես,
Այնքան խորո՜ւնկ նա նրա խինդը հորդի,
Որ դուք իսպառ ելնեք արևերես:
Որ դուք ձեր քարակոփ հայերենով անմեռ,
Լլիվր ձայնո՛վ հաստեք հավերժը մեր կյանքի.
Օ՜, ցիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասամանի քարեր, ձնծաղիկի...
Սիլվա Կապուտիկյան

Խոսք իմ որդուն. Սիլվա Կապուտիկյանի լեգենդար բանաստեղծություններից մեկը

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի'ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ:
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
ՈՒ Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո'վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո'վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո'վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա'ց շուրթերդ, խոսի՜ր, անգի'ն,
Ժիր դայլայլի՜ր, ի'մ սիրասուն,
Թող մանկանա' քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի'ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի'ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
ՈՒ ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի'ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո'ւր քաշեն մորդ վրան,
ՈՒ տե'ս, որդիս, ո'ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո'րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա'ս:

Սիլվա Կապուտիկյան

Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող. Սիլվա Կապուտիկյան

Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող, 
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող: 
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, 
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ: 
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին, 
Շուքդ մնա իմ ապավեն հովանին: 
Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ, 
Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ: 
Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող, 
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող:

Դեռ հավատա. Սիլվա Կապուտիկյան

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինչքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մոր նման ներում եմ քեզ:

Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ:

Հավատացիր, թե հիրավի
Գարին դարձավ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւվից
Ու խաբվեցիր դու չարաչար:

Այնքան դառն է կյանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապավինում:

Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգվում ես բնազդաբար
Ու հառնում ես մոխիրներից:

Քո խաբվելն է քեզ պահպանում,
Ու հին խոսքդ՝ «Աստված կտա».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...

Հող Հայրենի. Սիլվա Կապուտիկյան

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն:
Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով:

Ոսկերիչ էր: Ադանացի:
Ալիքները նրան Փարիզ էին նետել:
Ապրում է լա´վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի:
Բայց ի՞նչ օգուտ,--- ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին---
Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե´հ, այսօր կայ, վաղը չկա...
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...

Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի,
Խառնվեցին ամպ ու Սեվան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ Երեւանը երեւա´...
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից:
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---
«Օ‘՜, Աղաղատ...
Օ՜, Եղեւան...».
Ֆրանսերե՜ն.
Դո´ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրեւ,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն...

Վարում արդեն Երեւանն էր՝
Շառագունած արեգակից եւ իր քարից,
Երազի մէջ երեվացող քաղաքի պես
Անիրական եւ իրական...
Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթպարի թեւը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
Այլեւ պահա´նջ,
Այլեւ բողո´ք,
Հո´ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի´ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե´ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո´ղ հայրենի...

Կացինն ու ծառը. Սիլվա Կապուտիկյան

Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած
Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն,
Ծառն զգում է կացնի շունչը մահատարած,
Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում:

Ծառն զգում է եւ օրհասի իր բնազդով
Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից.
Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ
Ու մղում վար, արմատներն է մղում տենդով:

Զուր են սրում կացինները, զուր են սրում,
Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու:
Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում,
Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու...

Այն ո՞վ է ասում, որ Արարատը ձերն է ու ձերը. քարտեզն է ձերը... Սիլվա Կապուտիկյան

Այն ո՞վ է ասում
Որ Արարատը ձերն է ու ձերը.
Անհեթեթ պատրա՜նք.
Քարտեզն է ձերը,
Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,
Իսկ ինքը՝ լե´ռը...
Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,
Նրա պարուրող մշուշն ու ամպը
Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում:
Մոխի´րն է ձերը,
Սարը բաղադրող կոշկոռը քարե.
Մեզ համար գործող հրաբուխ է նա,
Խառնարա՜ն ոգու,
Որ դար ու դարեր
Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց:
Սառու՜յցն է ձերը,
Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների
Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից,
Որ տաքացնում է մի որջ հողագունդ
Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները:
Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
Մեր էությունը ցոլացնող պատում,
Մեր փնտրումի գյու՜տ,
Որ երեսուն դար ու դեռ ավելին
Սոսկ հոլովեցին ու չհասկացան
Բոլոր հին ու նոր Շամիրամները,
Մարմի´նն է ձեը
Արա արքաի-Արարատ լեռան,
Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի
ձեր այլաբարբառ հարալեզները...
Մեը՝ հոգի´ն է.
Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,
Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող,
Որ չես սպանի զենքով ու դիրքով,
Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով
Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի
Մերը՝ հոգի´ն է....

Սիլվա (Սիրվարդ) Կապուտիկյան


Հայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 20. 1. 1919-ին Երևանում:
Կապուտիկյանի ստեղծագոտծության հիմնական թեմաներից է սերը:
Նրա քնարերգությոնը սիրո հոգեբանության յուրօրինակ արտահայտություններից է հայ պոեզիայում:
1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
1950-ին Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները:
1970 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ:
1980 - Վրաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող:
1994 - Հայաստանի ԳԱԱ անդամ:
1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը՝ "Երկու զրույց", այնուհետև 1945-ին "Օրերի հետ", 1947-ին "Զանգվի ափին", 1949-ին "Այս իմ երկիրն է", 1951-ին "Իմ հարազատները" (1952-ին ռուս.հրտ. "Սրտաբաց զրույց", ԽՍՀՄ պետական մրցանակ) ժողովածուները:

Կապուտիկյանի ստեղծագոտծության մեջ միշտ կենտրոնական տեղ է գրավել հայրենիքի թեման, որը գնալով խոարցել է "Մտորումներ ճանապարհի կեսին" (1961), "Յոթ կայարաններ" (1966), "Դեպի խորքը լեռան" (1972) ժողովածուներում: Այստեղ արտացոլվել են հայ ժողովրդի պատմական ճանապարհի փիլիսոփայությունը, նրա հավատը ապագայի հանդեպ, նրա ստեղծագործ էությունը:

Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո Կապուտիկյանը գրել է "Քարավանները դեռ քայլում են" (1964), "Խճանկար հոգու և քարտեզի գույներից" (1976) և այլ ուղեգրություններ:
Սիլվա Կապուտիկյանը հեղինակ է նաև մանկական բանաստեղծությունների:
Հանդես է գալիս ժամանակի կարևորագույն խնդիրներն արծարծող հրապարակախոսական հոգվածներով:
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: ՈՒնի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու: ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակներ:

Կոմիտաս. Սողոմոն Գևորգի Սողոմոնյան

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ 
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր... 

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ 
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։ 
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։

1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ: 
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: 
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն: 
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:

1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»: 

Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։ 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ... 

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

Արդի քանդակագործական աշխատանքների պատվերը բաժանվում են 2 մասի

Արդի քանդակագործական աշխատանքների հասարակական պատվերը մշակութային բաց սահմանների պայմաններում բաժանվում են երկու մասի :
Առաջինը հայ մեծանուների կամ հայկական տեսակի ու ինքնության բնորոշիչներ, որոշարկիչներ և երկրորդը ` հանրային ինֆանտիլիզմի ձևավորման աշխատանքները:

Բնական է, որ խորհրդային մշակույթի լծակների թուլացմանը զուգընթաց զարգանալու էր հայ, անկախ մշակույթի ձևավորումը:
Դեռ 1965թ ազգային ազատագրական վերելքից հետո արդեն հայկական կերպարվեստը սկսեց ձևավորվել առավել լիբերալ դրսևորումներով ` ինչի վառ ապացույց էր կերպարվեստի, երաժշտության և գրականության մեջ մոդերն արվեստի զարգացմանը զուգընթաց հայկական , ազգային արժեքների ու տարրերի մասնակի ներմուծումը խորհրդային մշակույթի մեջ:
Առավել ևս անկախացումից հետո հայկական կերպարվեստի մեջ միանգամից և հախուռն կերպով սկսեցին ստեղծվել ազգային հերոսների` Ֆիդայինների դիմանկարներ և քանդակներ:Երևան Գյումրի մայրուղու ` Երևանի մուտքի մոտ ` բարձրահարկի դիմային պատին տեղադրվելէր Գևորգ Չաուշի նկարը և հանրային բազում վայրերում հայտնվեցին ,- այստեղ պետք է կանգնեցվի / հերոս կամ մեծանուն ով արգելված էր խորհրդային տարիների / գրությամբ քարեր:
Ակնկալելի էր , որ շատանալու էին նաև կրոնի , եկեղեցու վերաբերյալ ստեղծագործությունների խորհրդային արգելիքով սահմանափակված կերպարվեստի դրսևորումները :Դռները բաց էին:
Այս ամենը պետք է ուղեկցվեր համայնքային և անհատական մրցակցությամբ, բայց դուրս էր մղելու արվեստի ոլորտում մրցակցությունը և արվեստագետների մրցակցությամբ պայմանավորված աճը : Համայնքները ունենալով սահմանափակ միջոցներ հուշարձաններ պատվիրելու համար ` անում էին հնարավոր ցանկալին:
Տարբեր համայնքներում շատացան տարբեր ողբերգական և պատմական թեմաներով կատարված խաչքարերն ու ընդունված չափերից փոքր կատարված հուշաղբյուր հուշարձանները / ըստ մասնագիտական տեսակետի ցանկացած հուշարձան պետք է փոխկապակցված լիներ քաղաքաշինական գծի հետ և կարիք կար ունենալու մասնագիտական ներգրավվածություն, իսկ որոշ դեպքերում ինքնուս մասնագետների կատարմամբ պայմանավորված այս ամենը արվոււմ էր ոչ համապատասխան /:

Երկրորդ տեսակը , որ պայմանավորված էր միջին ձեռներեցության զարգացման հետ անվանեցինք արվեստի ինֆանտիլիզմ ` ըստ Բրուս Գրանտի տերմինի :
Խոսքը գնում է տարբեր գովազդային և պոպուլիզմով դրդված քանդակների / նստած մեծանուներ. ֆիլմերի հերոսներ , տվյալ ապրանքանիշից բխող կերպարներ սիմվոլներ և այլնի / զարգացմանը ու տարերային կերպով շատացմանը մեզանում:
Այն որ գործարար ` մասնավոր հատվածը արդեն 2000 թ սկզբերից ի վիճակի էր <<արվեստ >> պատվիրել և նորից դրսևորվել << հարմար ու ոչ մասնագիտական կատարմամբ ծավալապատկերային աշխատանքներ` ակնհայտ է դառնում արդեն մեր օրերում:
Այս երևույթը բնորոշ է ոչ միայն մեր երկրին այլ նաև ամբողջ աշխարհին քանի որ բարձր արժեք արվեստի ստեղծագործությունները ունեն հանրային ընկալվածության խնդիր և ասենք Հենրի Մուրի կամ մեր դեպքում Երվանդ Քոչարի ազատ ոճով կատարված աշխատանքները խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում չէր հասկացվի հասարակության կողմից / դեռ թարմ է հայտնի Առնո Բաբաջանյանի արձանի/ հեղ Դ.Բեջանյան և Պառկած կնոջ/ հեղ . ֆերնանդո Բոտերոյի հետ կապված հանրային բացասական կարծիքը /
Առավել ևս այն ամենը ինչ կապված է խորհրդային ժամանակահատվածի հետ / անկախ արժեքից / ընկալվում է որպես անցյալի մնացուկ և քանի որ անկախ Հայաստանի արվեստը ձգտում ունի դառնալու համաշխարհային արվեստի մաս` ապա մեր աչքին հաճո է թվում այն ամնեը ինչ չկա մեր մոտ:
Հասարակությունը հոգնել է արձաններ և երկրպագության վայրեր ստեղծելուց և առհասարակ` երկրպագելուց :

Այս ամենի մեջ իր ուրույն տեղն ունի անշուշտ համացանցը ` ուր աննախադեպ ծավալով տարածվում էն աշխարհում ինֆանտիլիզմի դրևսրումներ /պատից դուրս եկող կիսամարդ , կիսամարդիկ առհասարակ /
Իսկ որն է իրական` ոչ թե պարտադրված զարգացման արդյուքնում դրսևորվող քանդակագործական աշխատանքների հասարակական պատվերը ու պահանջարկը?:
հարցը բաժանվում է երկու մասի :
Նախ որ տների համար քանդակներ գնելու ավանդույթ չկար անգամ խորհրդային տարիներին և գնվում էին միայն հին կամ հնաոճ քանդակներ :
Երկրորդ ` հասարակությունը առավել հակված է խնամված և քանդակազարդ պուրակների ստեղծմանը:
Վերջին տարիներին պետությունը ընթացքում քանդակագործական / բուն քանդակ և ոչ թե ճարտարապետական կոթող կամ քաղաքաշինական գիծը լրացնող հատվածներ / աշխատանքներ չի պատվիրել:
Ստացվում է , որ չկան թեմաներ կամ էլ քիչ կարևորված են այս տիպի աշխատանքները ?
Իրականում ճարտարապետական տրանֆորմացիայի արդյունքում մի կողմից և մյուս կողմից միջոցների ու համընդհանուր հայտարարների բացակայությունը տանում է համընդհանրված հուշարձան- շինությունների կազմակերպմանը ու բացառապես ճարտարապետության լեզվով:
Հասկանալով այս ամենը` նկատենք որ բոլոր ժամանակներում առկա տենդեց լինելով հանդերձ `այս երևույթը ժամանակավոր է և ունենալու էիր շարունակությունը:
Խոսել էինք ՀՀ անկախության տարիների քանդակագործական աշխատանքերի տեղադրման մեր նկատառումների մասին , որոնք բնորոշ ենք նախքին խոհրդային` ինչպես նաև որոշ դեպքերում բոլոր երկրների նման գործընթացների իրականացման վերաբերյալ :
Ասել էինք , որ շարունակելի է ….
Առհասարակ պետության կողմից այս տարիներին իջեցված քանդակագործական կամ գեղարվեստական պատվերներ եղել են, սակայն, ոչ նկատելի և ինչը բացատրվում է սոցիալական հնարավորություններով:
Այս դեպքում սոցիալական հնարավորություններ ասելով ի նկատի ունենք նաև սոցիալական պատվերը , քանի որ պետության կողմից իջեցված պատվերը ուներ իր առաջնահերթությունները , որոնք պայմանավորված են / դեռ տեսանելի անցյալում/ պետական շինարարության, ազգային արժեքների պահպանության, ազգային անվտանգության մշակույթի դրսևորումներով:
Այդպիսիք են Եղեռնի թանգարանը, հայ մեծանուների քանդակներ, Եռաբլուրի ճարտարապետական համալիրը և այլն:
Նկատելի է , որ այս տարիների ընթացքում կատարվածը հիմնականում ունի ճարտարապետական / ոչ գեղարվեստական/ հուշարձանի ձևաչափ , ինչ և բացատրելի է պետականության շիրարարության հավակնությունների տեսանկյունից :
Ստացվում է, որ գեղարվեստական կամ պարզ քաղաքացուն առավել հասանելի պատվերները պայմանավորվում են համայնքային նախաձեռնություններով և այս մակարդակում:
Այս ամենը չի նշանակում , որ հզոր մոնումենտալ գեղարվեստական հուշարձանների պատվերների անհրաժեշտություն չկա, սակայն այն , որ վերջիններիս իրականացման մոտեցումներում հիմնավորվել է նաև հետագա կիրառականության խնդիրը / ենթադրենք կառուցվում է ինչ որ գեղարվեստական հուշարձան` հարցը թե ինչպիսի հետագա կիրառականություն կարող է այն ունենալ և որքանով են արդարացված ծախսերը ` առկա է և ունի իր կիրարկվածությունը այս խնդրի մեջ/
Բնական է , որ ազատ տնտեսվարման պայմաններում ուղղակի վերցնել ու հուշարձան պատվիրելը տրամաբանական չէ և թերևս խորհրդային գաղափարախոսության համար ծախսվող միջոցներին տիրապետում են աշխարհի որ բոլոր երկրները և այս հանգամանքը ևս իր ազդեցությունը ունի պետպատվերի կայացման առաջնահերթությունների` չափի , բովանդակության և նպատակահարմարության վրա:
Նոր անկախացած պետությունների և տնտեսությունների դեպքում այս ամենի իրականացումը հիմնականում տեղի է ունենում հանրային հանգանակության միջոցներով ` ինչ մեզանում որպես գործող մոդել նկատելի է համայնքային մակարդակում և մասնավորպես Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման օրինակով:Պետությունը հասկանալով իր քաղաքացու հնարավորություները զերծ է պահում վերջիներիս այսպիսի գործընթացներից կամ համահայկական հանգանակություններ կատարում խիստ կարևոր ազգային կենսագործունեության նպատակների իրականացման նպատակով:
Դժվար կլինի ամփոփել ամբողջը, քանի որմերարդի իրականության մեջ ինչքան էլ որ հավակնոտ լինել ` կան հնարավորություններ և սոցիալական պահանջի մակարդակում չարտաբերված գեղարվեստական հուշարձանի պատվերի բացակայությունը հուշում `.
— մոտ տեսանելի ապագայում մոնումենտալ քանդակագործական և ազգային նշանակության ստեղծոգործություններ ունենալը քիչ հավանական է: Խոսքը իհարկե կատարված կամ կարատող աշխատանքների գեղարվեստական արժեքային հատվածի մասին չէ և դեռ ժամանակի մեջ հնարավոր է, որ բացահայտվեն բացառիկ արժեքներ այս ոլորտում:
— մեզանում ձևավորված իրականությունը այս խնդրում դեռ առաջարկելու է կազմակերպվածության որոշ խնդիրներ ` ինչպիսիք ենք այս աշխատանքների տեղադրվածության հիմքերի և քաղաքաշինական տեսքերի համապատասխանեցվածության խնդիրները:
— մինչ հանրային / այս դեպքում ազգային / պատվերի լիարժեք լրումը ` այս տիպի քանդակները , որմնանկարները հիմնականում պատվիրվելու և իրականացնելու են համայնքային կամ անհատների միջոցներով:
— հարցականի տակ է դրվելու այս աշխատանքների ոչ անձնավորված լինելը և համընդհանուր կողմից ընդունելի լինելու հանգամանքը
Իր հերթին այս ամենը հուշում է, որ այսօր իսկ անհրաժեշտ է կառուցել այս գործընթացների կառավարման , մեթոդաբանական ամփոփվածության և ամբողջականության տեսակետներ` քանի որ ժամանակ հետո ակնկալվող պետական և ազգային պատվերների կայացման դեպքում մենք սիտպված ենք լինելու բացարձակն զերոյական կետից վերջիններս կառուցելով ունենալ հերթական, զարգացման հիմք չունեցող իրավիճակները:

Արթուր Գևորգյան

Գյումրիի քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը գտնվում է Գյումրիում և ունի 4435հա տարածք՝ զբաղեցնելով քաղաքի ողջ տարածը: Գյումրին ՀՀ-յում հայտնի է իր գեղարվեստական հուշարձանների առատությամբ: Հետխորհրդային տարիներին համյանքապետարնի, համանքի բնակիչների նախաձեռնություններով քաղաքում տեղադրվել են բազմաթիվ խաչքարեր, հուշաղբյուրներ, հուշատախտակներ և արձաններ՝ ինչ իր հերթին նախապայման հանդիսացավ մեր պարկ- թանգարանի հիմնադրման համար:

Այն իր տեսակով բացօթյա պարկ-թանգարան է և բաղկացած է քանդակագործական աշխատանքերի և գեղարվեստական հուշարձանների 5 պուրակներից:

Հիմնադրվել է 2013թ Գյումրու ՄԷԿ Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն ՝ կրթամշակութային վերլուծություննների և զարգացման ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի գործուն աջակցությամբ:

Քանդակագործության Ազգային պարկ թանգարանի կառուցվածքը

Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանը ունի մեկ ՝ Ժամանակների համերաշխության մշակութային համալիր և քանդակների հինգ պուրակներ:
_ժամանակների համերաշխության մշակութային համալիր /Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք-հատկացված է Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի Քանդակագործության Ազգային պարկ- թանգարան մասնաճյուղին/
_Պարկային քանդակների պուրակ / Հաղթանակի զբոսայգու հատված- համայնքային սեփականություն /
_Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժմանն պուրակ / Հաղթանակի զբոսայգու հատված-համայնքային սեփականություն /
— Հայ մտավորականների պուրակ /դրամատիկական թատրոնի մերձական հրապարակ- համայնքային սեփականություն/
— Նանե հոթել քանդակների պուրակ /մասնավոր սեփականություն/:

Խաչքարերի պուրակ / սրբ.Ամենափրկիչ եկեղեցու պուրակ/

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի հիմնական գործունեությունը ուղղված է ՝
Գյումրու գեղարվեստական հուշարձանների, համայնքային և պետական նշանակության որմնանկարների պահպանությանը, հանրահռչակմանն:
Գեղարվեստական հուշարձանների քաղաքաշինական նորմերին համապատասխանեցմանն ու վերջինիս գիտամեթոդական հենքի կազմակերպմանը:

Առաքելությունից բխող կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման ու մշակութային միջավայրի բարելավմանը:

Պատմական հուշարձաններիկորսված հատվածի ուսումնասիրությանն ու հնարավորության դեպքում վերակագնմանը:
Գեղարվեստական հուշարձանների վերակագնմանը և այս ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը:

Հոգևոր վերածնունդը Տավուշ աշխարհում. Բերդի եկեղեցու ֆոտոպատմությունը

Դեռևս հեռավոր 1928թ.-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած և իր ողջ կյանքը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ապրած, բարերար Ջոն Սթեֆենսը (Ստեփանյան) մի օր իրագործեց իր վաղեմի երազանքը` այցեց Հայաստան, ուր լինելով Հայրենի սրբավայրերում` հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և որոշեց մեծ դրամական աջակցություն մատուցել, Տավուշի Բերդ քաղաքում 1920-ական թվականներին Խորհրդային իշխանությունների կողմից ավիրված Սուրբ Գևորգ եկեղեցու փոխարեն, նոր եկեղեցի կառուցելու համար: Ահա այսպես ծնունդ առավ և սկսեց կյանքի կոչվել Բերդ քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցին ստեղծելու գաղափարը:
Ընտրություն կատարելիս, Ջոնի խորհրդատուն` Ֆրեզնոյի համայնքի նախկին հոգևոր հովիվն էր (1990-1999թթ.) և նրա վաղեմի բարեկամը` Հայր Սասուն Ծայրագույն Վարդապետ Զմրուխտյանը, ով պրն. Սթեֆենսի այցելության շրջանում, հենց Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդ էր:

Հայր Սասունի ազդեցությամբ պարոն Ջոնը կատարեց այդ քայլը, ընտրելով այնպիսի տեղ, ուր եկեղեցին կօգնի վերականգնել բնակիչների հավատքը, հույսն ու քրիստոնեական ոգին, բնակիչներ` որոնց սպառնում են ադրբեջանական ամենօրյա գնդակոծությունները և որոնց հույսը, աղոթքն ու հավատքն առ Աստված` պետք են առավել քան երբևէ: Այսպիսինն է եկեղեցու նախապատմությունը:

Եկեղեցու պատմությունը
Եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 2012թ. մայիսի 20-ին, իսկ օծումը` 2014-ի սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին: Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տպավորված երջանկահիշատակ բարերարի մեծահոգությամբ, ով մահացավ չտեսնելով իր կառուցած եկեղեցին` նոր եկեղեցին վերանվանեց բարերարի բարեխոս Սրբի` Սբ Հովհաննես առաքյալի անունով: 
Եկեղեցում է պահվում Սբ Հովհաննես եկեղեցու օծման հիշարժան օրվա և Խաչվերացի տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նորակառույց եկեղեցուն նվիրած Տիրոջ խաչելության սրբապատկերը:

Բերդի հոգևոր համայնքն ու եկեղեցու հոգևոր հովիվը

Բերդ քաղաքը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի նախկին Շամշադին շրջանի տասնվեց գյուղերի կենտրոնն է, որն իր սահմանապահ գյուղերով կենդանի վահանն է Հանրապետության Հյուսիս-արևելյան սահմանների։ Եկեղեցին իսկապես հոգևոր վերածնունդ պարգևեց հյուսիս-արևելյան Հայաստանի այդ խոշոր կենտրոնին: Տարածաշրջանի բնակչության թիվը 31,000 է:
Բերդի Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը, եկեղեցու օծումից մինչ օրս` Տեր Արամ Քահանա Միրզոյանն է, ով նաև ողջ Բերդի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդն է: 


Տեր Արամը ծնունդով հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Չինարի գյուղից է: Առաջադիմությամբ ավարտելով տեղի դպրոցը, կրթություն է ստացել Հոգևոր ճեմարանում, որից հետո սիրահոժար կամքով կանչվելով քահանայագործության` լծվել է տարածաշրջանի սահմանամերձ ռազմավարական նշանակություն ունեցող համայնքների հոգևոր վերածննդին նոր շունչ հաղորդելու աշխատանքներին: 


Նա ոչմիայն մտահոգված է հավատքի վերականգնմամբ, այլ նաև փորձում է լուծել սահմանամերձ ադրբեջանի դիպուկահարների շարունակական կրակոցներից տուժող բնակիչների սոցիալական և անվտանգության խնդիրները:
31,000-ից ավելի բնակչով հոգևոր համայնք ունեցող քահանան, հաճախ է այցելում նաև առաջնագծի զինվորներին: «Ես ինքս այցելում եմ, և նաև, երբ ուրիշներն են այցելում և առաջարկում միանալ իրենց` անպայման միանում եմ, սակայն ես ինքս` երբեք ուրիշ մեկին չեմ առաջարկում, և չեմ ասում, որ ես գնում եմ առաջնագիծ և դուք էլ պիտի միանաք ինձ և գաք ինձ հետ», - ընդգծում է քահանան` առաջնագծի մասին զրուցելիս, մանրամասնելով` որ ինքն անձամբ քահանայության կանչվելով` արդենիսկ սիրով վերցրել է այդ պարտավորությունն իր ուսերին, սակայն նույնը չի կարելի ասել մյուս բոլոր մարդկանց մասին, ովքեր շատ հաճախ չունեն այդ պատրաստակամությունը և կամքը և չեն արժևորում սեփական նախաձեռնություններով առաջնագծին օժանդակելու կարևորությունը, և եթե դիմացինը չի տեսնում այդ կարևորությունը և չի եկել այդ համոզմանը` չի կարելի նրան ստիպել, կամ այդ գիտակցությանը բերել համոզելով:
Տարածաշրջանի դպրոցահասակ պատանիների և երիտասարդների մեջ Հայրենիք սերմանելու քայլերից մեկն էլ, իհարկե` ռազմահայրենասիրական բնույթի միջացառուներն են, որոնցով Տեր Արամը նույնպես հաճախ է զբաղվում:
Մայիսյան Եռատոնի` Մեծ Հայրենականի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոների նախօրեին էլ Բերդում տեղի ունեցավ Տեր հոր նախաձեռնած հերթական բազմամարդ միջոցառումը: Քաղաքի գլխավոր փողոցում 500-ից ավելի դպրոնականների մասնակցությամբ բացվեց «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Մեծ եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեղոց Հայոց Եռագույնը: Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ` բռնելով 100 մետրանոց եռագույնը, մասնակցեցին երթի, որից հետո Սբ Հովհաննես եկեղեցու առաջ կանգնելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ ֆլեշմոբ-ակցիայից հետո` եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արատողություն:

Նույն օրը Բերդում մեկնարկած համերգային ծրագրի ընթացքում Տեր Արամ Քահանա Միրզոյանը «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յուրի Միքայելյանի և միության Տավուշի մարզային կառույցի պատասխանատու, Տավուշի արծիվ Սեյրան Չիլինգարյանի ձեռամբ, պարգևատրվեց պատվոգրով:



Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Հայ մեծերի խոսքերն ու մտորումները անկախության մասին. 1991թ

1991թ-ի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը անկախացավ: Հարյուր հազարավոր քաղաքացիների «ԱՅՈ»-ն ստանալով, երկիրը անկախություն ձեռք բերեց` հույսերով ու երազանքներով:
Ներկայացնում ենք անկախության մասին հայ մեծերի խոսքերն ու մտորումները: 

Վազգեն Ա. – Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան և տնտեսական զարգացման:
Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան աստղը:
Օրհնութիւն և փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ' արմենական մեր ազգին: 

Սերո Խանզադյան – Մենք անկախություն ստեղծեցինք 1918թ., երբ Լենին-Աթաթուրք բռնակալները Հայաստանի անկախությունը բռնությամբ տապալեցին: Ուրեմն, խոսքը ոչ թե անկախություն ստեղծելու մասին է, այլ մեզնից խլած անկախությունը վերականգնելու:
Հայաստանի անկախությունը ես տեսնում եմ նաև Արցախի' Ադրբեջանի բռնակալությունից ազատագրվելու մեջ: Ղարաբաղը պետականորեն-օրինականորեն չի տրված Ադրբեջանին, դա բոլշևիկյան կուսակցության բռնադատությունն էր Կովբյուրոյի միջոցով, 1921 թ. հուլիսի 5-ին: Մեր անկախությամբ մենք կփրկենք և մեր ժողովրդին, և հարազատ Ղարաբաղը: 

Վարդգես Պետրոսյան – Ճանապարհը, որ տանում է դեպի Անկախության տաճար, հարթ և ուղիղ չէ, ինչպես մտածում են ոմանք: Դա լեռ բարձրանալ է' վայէջքներով ու կեռմաններով:
...Մենք պետք է մասնակցենք ինքնիշխան պետությունների նոր համագործակցության գոյացման ընթացքին, տնտեսական, մշակութային, նաև ռազմական դաշինքի պատրաստակամ' այդ պետությունների հետ: «Խաղից դուրս» լինելը մեզ որևէ օգուտ այս տարիներին չբերեց: Միայն բարոյական հաղթանակներին ապավինելը, ինչ-որ միֆական «իմիջի» մասին մտածելը' մեր ժողովրդին իրական անկախության չի հասցնի: 

Հրանտ Մաթևոսյան – Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի: Բոլորս բոլորիս առջև պատասխանատու ենք, և չաշխատելը դավաճանություն է: 

Աղասի Այվազյան – Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Յուրաքանչյուր հայ, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր ԱՅՈ-ն փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ: 

Գոհար Գասպարյան – ԱՅՈ-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ ԱՅՈ պիտի ըսենք միշտ, որովհետև անկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք' և այնտեղ, և այստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ և ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք և հասկանանք, որ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է: 

Համո Սահյան – Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը. մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:
ԱՅՈ-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք' ուրեմն կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ...

Մեծերի խոսքերը Հովհաննես Թումանյանի և նրա ստեղծագործությունների մասին

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***
Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ

***
Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***
Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***
Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***
…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***
Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***
Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***
…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***
Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***
…Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***
Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ