Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, ծաղրածու, մնջկատակ, արձակագիր. Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյանը 1959-ին ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի արվեստանոցը։ Նույն թվականին հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր։ 1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն, մնջախաղում սկզբնավորել ինքնատիպ, նոր՝ «Ենգիբարյանական ուղղությունը»։ Որպես իմպրովիզացիայի մեծ վարպետ` հարստացրել է կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը։ Պատկերել է ինչպես ողբերգական, այնպես էլ կատակերգական տեսարաններ, մարդկային բազմազան բնավորություններ, կենսական իրադրություններ։ Իր համարներում օգտագործել է բարդ հնարքներ, որոնք հավասարապես ցուցադրել է կրկեսում և էստրադայում։
Խոհափիլիսոփայական երանգավորում ունեն նրա «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Հովանոց», «Բռնցքամարտ», «Ջութակ» և այլ մանրապատումները։ Նկարահանվել է «Ճանապարհ դեպի կրկես», «2–Լեոնիդ–2», «Ծանոթացեք Լիոնիդ Ենգիբարովն է» և այլ կինոնկարներում։ Հեղինակ է 1971 և 1984 թվականներին ռուսերենով լույս տեսած «Առաջին ռաունդ» և «Վերջին ռաունդ» գրքերի։
Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում։ 1964–ին Պրահայում արժանացել է առաջին մրցանակի։ 1972-ին Երևանում ստեղծել է Ենգիբարյանի անվան մանկական կրկեսային ստուդիա, որը 1981-ին արժանացել է ժողովրդական կոլեկտիվի կոչման։ Մահացել է 1972-ին Մոսկվայում 37 տարեկանում։
1995-ին ծննդյան 60 ամյակի առթիվ Երևանի կրկեսի շենքի առջև կանգնեցվել է Լեոնիդ Ենգիբարյանի արձանը։ 1972-ին Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել Ռ.Ալավսկու «Լեոնիդ Ենգիբարով» մենագրությունը։