Հովհաննես Աբելյան. կես դար խաղաց թատրոնում, մարմնավորեց 345-ից ավելի դերեր
Հովհաննես Աբելյանը բեմ է բարձրացել 1882-ից, խաղացել է Թիֆլիսի, Բաքվի, Երևանի հայկական և ռուսական թատերախմբերում, 1886-ին բեմարվեստի դասեր է առել Պետրոս Ադամյանից:
1895-ին Թիֆլիսում հիմնել է ‹‹Հայոց դերասանական ընկերություն›› թատերախումբը, 1901-1905-ին Գևորգ Պետրոսյանի հետ ղեկավարել է տեղի մշտական գործող թատերախումբը:
Հովհաննես Աբելյանի գլխավորությամբ հայ թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում և Ս. Պետերբուրգում, իսկ 1913-ին նա իր խմբով ելույթներ է ունեցել Իրանում, Միջին Ասիայում:
1917-ին Աբելյանն ընտրվում է ‹‹Հայ դրամատիկ. դերասանների միության›› (Թիֆլիս) նախագահ:
1920-ին նա մեկնել է արտասահման, իսկ 1925-ին հայկական թատերախմբերի հետ խաղացել է Կոստանդնապոլսում, Զմյուռնիայում, Եգիպտոսում, Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, ԱՄՆ-ում, Գերմանիայում:
1927-1928-ին նա եղել է Բաքվի հայկական թատրոնի առաջատար դերասանը:
Պետրոս Ադամյանից հետո հայ թատրոնի ամենաակնառու դերասանը Հովհաննես Աբելյանն էր, ով իր տաղանդով նպաստել է բեմարվեստի ազգային ոճի ձևավորմանը, հանդիսանալով հատկապես Ալեքսանդր Շիրվանզադեի (որի մորեղբոր որդին է) կերպարների անգերազանցելի մարմնավորողը:
1925թ-ին Հովհաննես Աբելյանը թողնում է իր դեգերումները, նույն թվականի սեպտեմբերի 24-ին վերադառնում է Երևան և իր գործունեությունը փառքով շարունակում Անդրկովկասում:
Ավելի քան կես դար աշխարհի տարբեր հորիզոններում Աբելյանը խաղացել է տարբեր լեզուներով, ամենատարբեր ժանրերի ներկայացումներում՝ օպերետ թե մելոդրամա, ողբերգություն թե կատակերգություն, դրամա թե վոդևիլ, հայ թատրոնի պատմության մեջ թողնելով կերպարների առասպելական թիվ՝ 345 դեր:
Քանակը չէ գլխավորը, այլ նրա ստեղծած անձնավորումների գեղարվեստական նշանակությունը, ինչը հայ թատրոնի պատմության մեջ Հովհաննես Աբելյանին դարձնում է գրեթե բացառիկ անհատականություն:
Դասական դրամատուրգիայի կենտրոնական կերպարների աբելյանական անձնավորումների միայն թվարկումը նրա արտիստական նկարագրի վառ ապացույցն է՝ Ռուստամ, Բարխուդար, Էլիզբարյան, Գիժ Դանել (Շիրվանզադե՝ ‹‹Նամուս››, ‹‹Պատվի համար››, ‹‹Չար ոգի››), Աբիսողոմ աղա, Պաղտասար (Հ. Պարոնյան՝ ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››, ‹‹Պաղտասար աղբար››), Ասլան ամի (Վաղարշյան՝ ‹‹Օղակում››), Օթելլո, Լիր արքա՝ Շեքսպիրի համանուն գործերում, Սվենգալի (գե՝ ‹‹Տրիլբի››), Շտոկման (Իբսեն՝ ‹‹Դոկտոր Շտոկման››), Պեպո (Սունդուկյան՝ ‹‹Պեպո››), Վանահայր (Լ. Շանթ՝ ‹‹Հին աստվածներ››), Ժադով (Ա. Օստրովսկի՝ ‹‹Եկամտաբեր պաշտոն››), Քաջ Նազար, Խոջա Մուբարեկ (Ջանան՝ ‹‹Շահնումե››), Բերսենա (Լավրենտը՝ ‹‹Բեկում››), Նեսչաստլիվի (Ա. Օստրովսկի՝ ‹‹Ամպրոպ››), Միլլեր (Շիլլեր՝ ‹‹Սեր և խարդավանք››) և այլն:
Թեպետ կարճ եղավ Հովհաննես Աբելյանի գործունեությունը Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ խաղաց հինգ դեր՝ Էլիսբաբյան (Շիրվանզադե ‹‹Պատվի համար››, բեմ. Լևոն Քալանթարի), Օթելլո՝ Շեքսպիրի համանուն ողբերգությունում (բեմ. Արշակ Բուրջալյան), Գիժ Դանել (Շիրվանզադե՝ ‹‹Չար ոգի››, բեմ. Լևոն Քալանթարի) և Սվենգալի (Գ. Գե՝ ‹‹Տրիլբի››), սակայն զգալի եղավ ստուգապատում և լայնաշուչ արվեստի ժողովրդային-ազգային արշավի խաղաոճի այս ազդեցությունը, ինչը անգնահատելի դարձավ Աբելյանից հետո եկած դերասանների մեծաթիվ անձնավորումներում: