Մետաքսյա Սիմոնյան. կանացի հմայքի, հայ կնոջ գեղեցկության արտահայտությունը թատրոնում
Նրա կյանքն արվեստում նման էր հրավառության, որ բռնկվեց միանգամից և շարունակվեց մինչև մահը (11/08/1987): Ծնվել է 1926թ. փետրվարի 21-ին Աշխաբադում: 1948թ ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և անմիջապես հրավիրվել Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոն:
Առաջին դերը Արմանուշն էր՝ ‹‹Այս աստղերը մերն են›› պիեսում, որի դերակատարման համար, մի քանի խաղընկերների հետ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Մետաքսյային չվիճակվեց արտիստական ծերություն, որ հակառակ էր իր մարդկային վառվռուն բնությանն այնպես, ինչպես դերասանական նկարագրին հակառակ էին տարեց կանանց դերերը:
Մետաքսյա Սիմոնյանի ստեղծագործության հիմանկան թեման կնոջ արժանապատվության և մարդկային իրավունքների պաշտպանությունն էր, որով նա շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի դրամատիկ-քնարական շնչի տեսակը և առանձնապես չկարևորելով դերի կենցաղային ու ազգային հատկանիշները՝ նա հասել էր խաղացանկի լայն ընդգրկման՝ հաջողությամբ հանդես գալով հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներում: Տասնյակ տարիներ Մետաքսյան եղավ թատրոնի ամենաառաջատար դերասանուհին և հանդիսատեսի կուռքը:
Լավագույ դերերից են՝ Սուսան (Շիրվանզադեի ‹‹Նամուս››), Շուրա (Գորկու ‹‹Եգոր Բուլըչովը և ուրիշները››), Նինա (Լերմոնտովի ‹‹Դիմակահանդես››), Հուդիթ (Դուցկովի ‹‹Ուրիել Ակոստա››), Նուարդ (Ն. Զարյանի ‹‹Արա Գեղեցիկ››), Նաստյա Ֆիլիպովնա (Դոսոևսկու ‹‹Ապուշը››), Կատրին Լեֆևր Սարդուի և Մարոյի (‹‹Մադամ Սան-Ժեն››), Մարթա (Օլբիի ‹‹Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից››):
Դասավանդել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, նկարահանվել է կինոյում: