Երվանդ Ղազանչյան. ՀՀ ժողովրդական արտիստ

Տարիներ շարունակ (մոտ քսան տարի) Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը անիվների վրա էր, չուներ իր արվեստն արարելու տարրական պայմաններ:
Ահա այս ժամանակ, այսպիսի պայմաններում ՀՀ ժողովրդական արտիստ,
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Ղազանչյանը ստանձնեց թատրոնի ղեկավարի դժվարին պարտականությունները:

Նա բեմադրեց Մոլիերի ‹‹Քաղքենին ազնվական›› կատակերգությունը: Ռեժիսորը չգնաց դիմադրության թույլ ճանապարհով, այլ փորձեց գտնել կատակերգությունն ընթերցելու նոր տարբերակ: Օգտվելով երաժշտական կոմեդիայի թատրոնի ընձեռած հնարավորություններից` Ղազանչյանը բեմադրեց այն որպես կատակերգություն-բալետ` ինտերմեդիաներով: Նման մոտեցումը բնավ չհակասեց մեծ կատակերգակի գեղագիտական ընբռնումներին, սակայն ռեժիսորին հնարավորություն տվեց ներկայացումը հարստացնել գունագեղ տարրերով, հրաշալի երգերով, դիմակահանդեսային վառ տեսարաններով:

Ղազանչյանի հերթական գործը ռուսական դրամատուրգիայից էր: 
Գոգոլի ‹‹Ամուսնություն›› կատակերգությունում հարուստ հարսնացուի համար որսի ելած փեսացուների բախման միջոցով ռուս մեծ գրողը ցույց է տալիս հասարակության հիմքերը ցնցող դրամի ավերիչ դերը:
Այստեղ նույնիսկ ամուսնությունն առուծախի առարկա է:

Ղազանչյանը մերժեց կենցաղային լուծումները, ստեղծեց դերասանական վարպետ անձնավորումներ, կատակերգականի սուր զգացողությամբ, հետաքրքիր և հավաստի բեմավիճակներով ներկայացում:
‹‹Ամուսնությունը›› դառնագին ծիծաղ հարուցող բեմադրություն էր, որ իր ուղվածությամբ հարազատ էր գոգոլյան պատգամներին:
Ներկայացումն իրականացված էր կերպարների հոգեբանական վերլուծության միջոցով, որոնք գտնվում էին ոճական միասնության մեջ:

Ղազանչյանի ռեժիսուրայի արժանիքն այն էր, որ բեմադրիչը կարողացել էր ճշգրիտ մշակել յուրաքանչյուր գործող անձի վարքագիծը, հյութեղ ու հավաստի մանրամասներով բնութագրել յուրաքանչյուր կերպար:

Գործող անձանց բնավորությունների աննկատ ծալքերը բացելու համար Ղազանչյանը նրանց բերում էր նախաբեմ, էլ ավելի էր մոտեցնում հանդիսականին, եթե կարելի է այսպես արտահայտվել` հերոսների ներաշխարհը մատուցում էր խոշոր պլանով:

Ղազանչյանին և դերասաններին հաջողվել էր ստեղծել չինովնիկների կենդանի և տպավորիչ պատկերասրահ: 

‹‹Ամուսնություն›› բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ, արժանացավ մամուլի և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Երվանդ Ղազանչյանի հաջորդ աշխատանքը եղավ Ժիրայր Անանյանի ‹‹Ես եմ, եկել եմ›› կատակերգությունը:
Ժ. Անանյանն այս գործը գրել է դասական կատակերգության բոլոր կանոններով` թյուրիմացությունների վրա հիմնված զավեշտական իրավիճակներ, դրության կոմիզմ, դիպուկ և սրամիտ երկխոսություններ, կենդանի բնավորություններ:
Ե. Ղազանչյանն արել է ամեն ինչ ներկայացման հասարակական-քաղաքական լիցքը ցցուն դարձնելու համար: Պայքար կաշառակերության դեմ` մի տգեղ երևույթի, որ մեր հանրապետությունում դարձել է համընդհանուր չարիք:

Բեմի խորքում փոքր ու մեծ դռներ են, որոնք խորհրդանշում են փոքր ու մեծ պաշտոնյաներ (նկարիչ Գրիգոր Սահակյան): Նրանք փոքրից մինչև մեծ զբաղված են կաշառակերությամբ: Այստեղ առանց կաշառքի անհնարին է որևէ բանի հասնել:

Բեմի վրա կախված է երեք կարգախոս` ‹‹Ապագան պատկանում է մեզ›› - սրանով հրապարակ իջան մեր նորօրյա հերոսները, որոշ ժամանակ անց նրանք խմբագրեցին կարգախոսը` ‹‹Ներկան պատկանում է մեզ››, իսկ երրորդ կարգախոսը մնացել է միայն ‹‹...մեզ›› բառը:
Ներկայացման ավարտին վերոհիշյալ կարգախոսները գահավիժեցին ցած` տակն առնելով կարգախոսի հեղինակներին: Դժվար չէ նկատել, որ բեմադրիչը, միշտ հավատարիմ իր գեղագիտական դավանանքին, կենսահաստատ ծիծաղի միջոցով անարգանքի սյունին է գամում հասարակության համար մերժելի բացասական երևույթները:
‹‹Ես եմ, եկել եմ›› ներկայացումը ռեժիսորի և թատրոնի փայլուն հաղթանակն է, ուր պատմվում է մերօրյա իրադարձությունների, մեր թշվառ ներկայի մասին: Ի դեպ, այսօրվա կյանքը պատկերող նման ներկայացում ոչ մի թատրոնում չկա:

Արիստոֆանեսի ‹‹Լիսիստրատեն›› գրված է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին և բեմադրիչ Ե. Ղազանչյանին գրավել են անտիկ հույն հանճարեղ կատակերգակի հերոսական կոմեդիայի գեղարվեստական-քաղաքական բարձր արժանիքները:
Խաղաղություն հաստատելու գործի գլուխ կանգնել են Հունաստանի գլխավոր քաղաքների կանայք` նրանք պատերազմող զինվորների կանայք են: Կանանց դատավարությունը ղեկավարում է Լիսիստրատեն (Գալյա Նովենց): Նրանք որոշել են հրաժարվել ամուսինների փաղաքշանքներից և գուրգուրանքներից և այս միջոցով հարկադրել ամուսիններին, որ դադարեցնեն պատերազմը: Կանանց դատավարությունը հասնում է ցանկալի արդյունքի:


Բեմադրիչը ներկայացման բովանդակությունը բացահայտեց պատկերավոր մտածողությամբ: Նա ներկայացմանը հաղորդեց կերպարայնություն, ինչին հասնում է հերոսական կոմեդիայի բնավորությունների խոր և համակողմանի մեկնաբանության, նրանց խմբավորման միջոցով:

Ներկայացման ամենաուժեղ դրվագներից է կանանց և տղամարդկանց առաջին բախման տեսարանը, ուր տղամարդիկ պարտվում են և համոզվում, որ կանանց ծնկի բերելն անկարելի է: Պատկերավոր մտածողության հաջորդ դրվագը, երբ գործողության ոլորտ է մտնում խորհրդարանի պատգամավոր Պրովուլոս-Պեպանյանը: Ներկայացման այս բարձրակետը ռեժիսորը բեմադրել է գրոտեսկային ցայտուն բեմավիճակներով: Զարգացնելով դեմագոգ քաղաքական գործչի մասին Արիստոֆանեսի ընձեռած հնարավորությունները,Ղազանչյանը շեշտի տակ է առնում այն և չի թաքցնում իր վերաբերմունքը մերօրյա խորհրդարանի նկատմամբ, մի բան, որ աննկատ չի մնում հանդիսականների աչքից:

Առավել ցայտուն է բեմադրված չբավարաված կրքից խախտված և ամենքի ծաղրի առարկա դարձած Կինեսիուս-Գալոյանի ողբալի վիճակը պատկերող դրվագը:
Երվանդ Ղազանչյանը վերոհիշյալ դրվագները ենթարկել է ռեժիսորական համահնչյում մտահղացման, ձուլել է միասնական ռիթմով:
Խաղաղության հասնելու կանանց սպառնալի ուժը ներկայացման մեջ հնչում է ամբողջ ձայնով, ուր նկատելի է բեմադրիչի համարձակ և ուժեղ խոսքը:

Ղազանչյանը հյուսել է հոգեբանորեն հավաստի, թատերայնորեն վառ ու մասշտաբային, տոնական ու դինամիկ մի ներկայացում, որն առանձնանում է իր ոճական միասնությամբ և գեղարվեստական կատարելությամբ:
Ղազանչյանը ‹‹Լիսիստրատեն›› մեկնաբանել է նաև երաժշտության օգնությամբ: Դրան մեծապես նպաստել է ՍտեփաՆ Լուսիկյանի` հենց այդ ներկայացման համար գրված երաժշտությունը: Բեմադրիչը դրանով հարստացնում է ներկայացման բովանդակությունը, հուզական լիցք հաղորդում գործողությանը:
‹‹Լիսիստրատեն››` Հ. Պարոնյանի անվան թատրոնի, և իհարկե, նաև բեմադրիչի հաղթանակն է: Այն հաջողություն գտավ հանդիսականների լայն շրջաններում:
1998թ սեպտեմբերին Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ թատերական միջազգային փառատոն ‹‹Ոսկե դիմակ›› խորագրով, որին մասնակցում էին աշխարհի 12 երկրների 14 թատրոններ, այդ թվում Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների թատերախմբեր:

Հայաստանի հանրապետությունից ‹‹Ոսկե դիմակ›› թատերական միջազգային փառատոնին մասնակցեց Հ. Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն իր ‹‹Լիսիստրատե›› ներկայացումով:

Միջազգային փառատոնի հանձնախմբի որոշմամբ ‹‹Ոսկե դիմակ›› փառատոնի շահեկան մրցանակներից մեկը` ‹‹Դասական երկի լավագույն մեկնաբանման համար›› շնորհվեց ‹‹Լիսիստրատե›› ներկայացմանը: Պարոնյանցիները ցնծության մեջ են` միջազգային թատերական փառատոնում նման բարձր մրցանակ շահելու համար:

Երվանդ Ղազանչյանը երկար տարիներ գլխավորել է Հանրապետության թատերական գործիչների միությունը, որտեղ դրսևորում էր իր կազմակերպչական բացառիկ տաղանդը: Նրա ղեկավարած տարիներին միությունն ապրել է ստեղծագործական աշխույժ կյանքով:
Բավական է հիշել ‹‹Սյունիք 96››, ‹‹Շիրակ-Լոռի-97›› և ‹‹Անտիկ աշխարհը և մենք›› թատերական փառատոնները, որոնց մշտապես մասնակցել է նաև Պարոնյանի անվան թատրոնը և մշտապես շահել մրցանակներ:

1996թ Ղազանչյանն ընտրվեց թատերական միությունների միջազգային համադաշնության գործադիր կոմիտեի անդամ, այսօր էլ նա Երևանի թատերարվեստի և կինայի պետական ինստիտուտի պորոֆեսոր է և նրա ուսանողներից շատերն աշխատում են Պարոնյանի անվան թատրոնում, խաղում են պատասխանատու դերեր:



ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոլիեր՝ ‹‹Քաղքենին ազնվական›› - 1979թ
Ա. Քալանթարյան՝ ‹‹Աշխարհի կենտրոնը›› - 1979թ
Ժ. Հարությունյան՝ ‹‹Բախտավոր մարդիկ›› - 1986թ
Գոգոլ՝ ‹‹Ամուսնություն›› - 1993թ
Ժ. Անանյան՝ ‹‹Ես եմ, եկել եմ›› - 1996թ
Արիստոֆանես՝ ‹‹Լիսիստրատե›› - 1997թ
Ա. Այվազյան, Հ. Պարոնյան՝ ‹‹Ատամնաբույժն արևելյան›› - 2002թ
Ժ. Անանյան՝ ‹‹Մեր տան տերերը›› - 2003թ
Գ. Խանջյան ՝ ‹‹Ինձնից պրծում չկա›› - 2006թ
Գ. Խանջյան՝ ‹‹Էսպես մինչև ե՞րբ›› - 2007թ
Ժ. Հարությունյան՝ ‹‹Արդոք ովքե՞ր են›› - 2008թ