Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը կստանան շուրջ 700 ուսուցիչներ և աշակերտներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել է Մյուռոնօրհնեքին նվիրված ծրագիր, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում` «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում, անցկացնել բաց դաս՝ նվիրված Սրբալույս Մյուռոնի խորհրդին:

Ծրագրի շրջանակներում հրատարակվել է «Շնորհաբաշխ Սուրբ Մյուռոն» գրքույկը և բազմացվել «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Սրբալույս Մյուռոն» ֆիլմը, որոնք որպես օժանդակ նյութ տրամադրվելու են դպրոցներին:
Ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին՝ Մյուռոնօրհնեքի արարողությանը, ՀՀ մարզերից և Երևանից ուխտավորաբար ներկա կգտնվեն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը կստանան շուրջ 700 ուսուցիչներ և աշակերտներ:

Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: 
Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը («Հիսուս Մարկոսի Ավետարանում»), Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը («Հայկական և ռուսական եկեղեցական տոների ժողովրդական արարողությունների համեմատական քննությունը»), Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը («Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները»), Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը («Դավանաբանական վեճերը երրորդ դարի կեսերին և դրանց արձագանքը հայ դավանաբանական գրականության մեջ»), Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Առաքելյանը («Բյուզանդական Եկեղեցու հարցում-մեղադրանքները և Հայոց Եկեղեցու հայրերի պատասխանները` ըստ հայկական աղբյուրների (Խաչի պաշտամունքի, Ս. Սարգսի տոնի և մատաղի օրինակով)»), Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը («Սիրաքի Իմաստության հայերեն թարգմանությունը») և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Նշան աբեղա Հմայակյանը («Կողոսացիս Ա. 15-20 քրիստոսաբանական օրհներգությունը. վերլուծության փորձ»): 

Հանձնաժողովը նախագահում էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: 
Առաջիկայում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայր Սուրբերը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանան մասնավոր վարդապետության աստիճան: