Կավե իրերի պատրաստման արհեստը ամենահներից մեկն է աշխահում
Արհեստներ
,
Արվեստներ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Դիզայն
,
Խեցեգործություն
,
Նկարչություն
.
5/29/2015 12:02:00 am
Խեցեգործությունը (կավագործություն, բրուտագործություն), դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին. այն կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստն է:
Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII–IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլն: Անցյալում գրել են հիմնականում կավե սալիկների վրա (օրինակ՝ «Գիլգամեշ» ասուրա-բաբելական դյուցազներգությունը, մ. թ. ա. III հազարամյակ) և թրծել: Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը:
Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում, մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են հում, ապա՝ թրծած աղյուսը, ջնարակված և հախճապատ սալիկները: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) պատրաստում էին սպասք, որով մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվել է ճենապակետիպ իրերի, հետագայում՝ նաև մաքուր ճենապակու արտադրությունը:
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները:
VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որը կիրառվել է նաև Հայաստանում՝ Դվինում, Անիում, Գառնիում: IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշներ են հայտնաբերվել Դվինում և Զվարթնոցում: XIII դարում այդ արհեստը հասել է կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, իսկ XII–XIII դարերում հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի: Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում` անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գյուղի բնակչությանը տեղահանել, տարել են Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կենտրոն: Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցել է զուտ հայկական նկարագիր: Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ, մզկիթներ, պալատներ, արտահանվել Եվրոպա:
Հայաստանում մինչև 1950-ական թվականները շուկայի մատակարարը ժողովրդական բրուտագործ վարպետներն էին. կրկնում էին դարերի ընթացքում մշակված խեցեղեն իրերի ձևերը: Հետագայում Երևանում կառուցվեցին հախճապակու, Արտաշատում՝ բրուտախեցեգործական, ճենապակու գործարաններ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա) բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին:
Խեցեգործության բնագավառ են ներգրավվել պրոֆեսիոնալ խեցեգործ-նկարիչներ, ովքեր ստեղծել են բարձրարժեք նմուշներ: Ուշագրավ աշխատանքներ են կերտել Ռուբեն Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը, Նորայր Աղաջանյանը, Վան Սողոմոնյանը, Ռոբերտ Այվազյանը, Գագիկ Ալումյանը, Սահակ Սահակյանը, Սիմոն Տերունին, Աշխեն Ասատրյանը և ուրիշներ:
Խեցեղեն բազմաթիվ իրեր օգտագործվում են շինարարության մեջ (աղյուս, երեսպատման սալիկներ և այլն), կենցաղում և սանտեխնիկայում (ամանեղեն, գեղարվեստական իրեր, լվացարաններ), էլեկտրատեխնիկայում, ռադիոտեխնիկայում և այլ ոլորտներում:
Subscribe to:
Posts
(
Atom
)