Վաղարշ Վաղարշյան. (Վաղարշակ Տեր-Պողոսյան)

Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պողոսյան, 1894-1959) ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Հայկական բեմը քիչ է ունեցել դերասաններ, որ իրենց ձիրքը, վարպետությունը, իրենց արտիստական էությունը կարողացել են այնպես ներդաշնակ զարգացնել և անմնացորդ արտահայտել արվեստի մեջ, իրենց ասելիքն ասել այնպիսի մշակումով ու ճաշակով, ինչպես այդ արել է Վաղարշ Վաղարշյանը:
1923-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում և դառնում Առաջին պետական թատրոնի դերասան: Նա չհապաղեց գտնել իրեն և իր տեղը նորաստեղծ թատրոնում:
Հյուսիսային Կովկասում հռչակված, առաջին դերասանի դիրքի ու առաջնակարգ դերերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր անսամբլին: Այսեղ նա ոչ միայն Օթարյան է խաղում կամ Սուրեն (‹‹Պատվի համար››), այլև Ռոզենկրայ (‹‹Համլետ››), ոչ միայն Խլեստակով և Պավել Առաջին, այլև Ելիսատով (‹‹Լյուբով Յաբովայա››) և Գյուլաչկին (‹‹Մանդատ››):
Առաջին պետթատրոնում անցկացրած առաջին տասնամյակը Վաղարշյանի համար դառնում են ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ: Ամենատարբեր բնույթի և ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս արտիստի տաղանդին և նա բարձրանում է իբրև թատրոնի առաջին անուններից մեկը՝ խոսքի բարձր կուլտուրայով, ճկուն պլաստիկայով, շարժման ու ժեստի նուրբ արտահայտությամբ, իբրև նշանավոր դերերի փայլուն կատարող: Արտիստի զարգացումը ընթանում է չխոտորվող վերընթաց գծով՝ հասնելով Բուլըչովի մակարդակին:

Սուրեն, Խլեստակով, Պավել Առաջին, Բելոգուբով (‹‹Արդյունավոր պաշտոն››), Տրանիո (‹‹Կամակոր կնոջ սանձահարումը››), Բորոդին (‹‹Ահը››), Ասլան ամի (‹‹Օղակում››), Պոլեժաև,- այս և ուրիշ անձնավորումներ Վաղարշյանին բերեցին իսկական ճանաչում:

Դեռևս 1925-ին Եղիշե Չարենցը Վաղարշյանի մասին գրել է ‹‹... ահա իսկապես մի տաղանդ, որ երեք տարի է, կարծեմ, խաղում է մեզանում, և մենք չենք տեսնում, թե հանձին նրա ինչպիսի մեծ ուժ ունի մեր Պետթատրոնը... իսկ Պավել Առաջինով նա ցույց տվեց, որ ունի բոլոր տվյալները թատերական առաջնակարգ ուժ դառնալու: Նկատելի է, որ բացի ընդունակությունը, լուրջ զբաղվում է իր արվեստով և արդեն իսկ ունի մշակված արվեստագետի տակտ և ‹‹չափի զգացողություն››:

Իսկ այս արդեն շատ մեծ առավելություն է յուրաքնչյուր ոչ միայն երիտասարդ, այլև արդեն որոշված արվեստագետի համար››: Հետագա տարիները հաստատեցին բանաստեղծի կանխատեսությունը, Վաղարշը դարձավ այդ ‹‹առաջնակարգ ուժը››:
Վաղարշ Վաղարշյանի նվաճումներից մեկը Եգոր Բուլըչովի դերակատարումն էր՝ամենաբարձր երևույթներից մեկը, որ տեսել է հայակական բեմը:
Կյանքի ու աշխարհի վրա ունեցած հայացքը զարգացրեց շեքսպիրյան Համլետի դերակատարման մեջ (1942):

Իբրև դերասանական արվեստի երևույթներ՝ ավելի արժանիքներ էին Արբենինը (‹‹Դիմակահանդես››) և Պրոտասովը (‹‹Կենդանի դիակ››), որոնց Վաղարշյանը ներկայացրել է արտիստական փայլով, հոգեբանական խորությամբ և հրապարակախոսական շերտի անվրեպ միջամտությամբ:
Վաղարշ Վաղարշյանը առաջնակարգ դերասան էր՝ հղկված վարպետությամբ, անձնավորման կատարյալ պլաստիկայով, ստեղծագործական միասնական պաթոսով, ժամանակի սուր զգացողությամբ: