Օլգա Գուլազյան. հայ բեմի մշտադալար եղևնին

1921-1926-ին եղել է Թիֆլիսի Ստեփան Շահումյանի անվան հայկական Պետական դրամատիկական թատրոնում, իսկ մինչ այդ նա տարբեր թատերախմբերում բեմ է բարձրացել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի, Գևորգ Պետրոսյանի, Իսահակ Ալիխանյանի խաղընկերությամբ:
Այսպես մեծ հռչակի հասած մեծանուն դերասանուհին 1926-ին հրավիրվեց Երևանի Առաջին պետական թատրոն՝ կանգնելով Փափազյանի, Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Սուրեն Քոչարյանի և այլ մեծերի կողքին:
Առաջին դերը Ելենա Սերգեևնան էր, Ն. Էրդմանի ‹‹Մանդատ›› պիեսում (1926, 11 նոյեմբեր), բեմադրությունը Արշակ Բուրջալյանի, որը հռչակեց Օլգա Գուլազյանի անունը նաև Հայաստանում:
Նա ստեղծել է բազմաթիվ կերպարներ, սակայն Գուլազյանի տաղանդն առանձին թափով շողշողաց Սունդուկյանի պիեսներում: Այստեղ նա չի ունեցել իր մրցակիցը, թեև Գուլազյանը խաղում էր, երբ արդեն 80 տարեկան էր, սակայն նրա ձայնը հնչում էր մանկական զվարթությամբ, աշխուժությամբ:
Երիտասարդության տարիներին Օլգա Գուլազյանը խաղացել է նաև տղաների դերեր, մանավանդ Գորինի դրամաներում: Մ. Գորկու ‹‹Հատակում››-ում նա հիանալի Ալյոշկա էր, չարաճճի, հարաշարժ, աղմկալից:
Ալյոշկա և Գայանե (Յուժին-Սումբատով՝ ‹‹Դավաճանություն››) Գուլազյանի արտիստական երիտասարդության փայլատակումներն էին, որ զուտ սուբեկտային անձնավորումների հետ խտացնում էին այն բնորոշը, որ բովանդակում էր դերասանուհու արվեստը:
Օլգա Գուլազյանը հիասքանչ էր նաև վոդևիլներում: Նա ‹‹Սունդուկյանի թատրոնի›› առաջին և անմրցակից դերասանուհին է ժամանակակից հայ դերասանական արվեստում (Նատալիա՝ ‹‹Խաթաբալա››), (Սալոմե՝ ‹‹Քանդած օջախ››), (Էփեմիա ‹‹Պեպո››), (Սալոմե՝ ‹‹Էլի մեկ զոհ››):

Սունդուկյանի անվան թատրոնում Գուլազյանի խաղացած դերերն անցնում են վաթսունից:
Հիշարժան են՝ Կուկուլինա (Ա. Օստրովսկի՝ ‹‹Արդյունավոր պաշտոն››), Կոմսուհի Գուաֆիլդ (Ա. Դյումա՝ ‹‹Քին››), Իյո (Հեյերմանս՝ ‹‹Հույսի կործանումը››), Դունկա (Տրենյով՝ ‹‹Լյուբով Յարովայա››), Քսենյա (‹‹Եգոր Բուլըչով և ուրիշներ››), Օլինկա (Դ. Դեմիրճյան՝ ‹‹Նապոլեոն Կորկոտյան››), Պասկուա (Գոլդոնի՝ ‹‹Բամբասանք և սեր››), Օգուդալինա (Օստրովսկի՝ ‹‹Անօժիտը››), Մինա (Վիրտա՝ ‹‹Դատապարտվածների դավադրությունը››):
Կյանքի ու ստեղծագործության մեծ ճանապարհ է կտրել Օլգա Գուլազյանը, և հայ թատրոնում գրավել իր տեղն իբրև սեփական խոսքի ու արտահայտչության, իրապատում խաղաոճի, հղկված վարպետության դերասանուհի: