Լևոն Քալանթար
Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո Լևոն Քալանթարը սովորել և ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը (1916): Հենց այդ տարիներին ռուս ականավոր գիտնական Մառի հետ (որի սանն է եղել) մասնակցել է Անիի պեղումների աշխատանքներին:
Պետերբուրգյան տարիներին քսանամյա Լևոն Քալանթարը ընդունվում է Ալեքսանդրյան թատրոնի դրամատիկական դասընթացները և հաճախում է նշանավոր ռեժիսորներ Ա. Պետրովսկու, Ի. Շմիդտի և Ա. Սանինի դասերին:
1918-ին Սուրեն Խաչատրյանի և հետագայում ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ, Լևոն Քալանթարը Թիֆլիսում կազմակերպում է դրամատիկական ստուդիա և միաժամանակ Վահան Տերյանի հետ միասին մասնակցում է Գորկու խմբագրությամբ ‹‹Հայ գրականության ժողովածուն››կազմելու գործին:
Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Լևոն Քալանթարը, Ստեփան Քափանակյանի հետ միասին, 1921-ին Թբիլիսիում կազմակերպում է Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոնը, որին անմիջապես հետևում է Երևանի Առաջին պետ. թատրոնի հիմադրումը:
Երբ ՀԽՍՀ Ժողկոմսովետի 1921-ի որոշմամբ Երևանում հիմնադրվում է պետական Առաջին դրամատիակական թատրոնը, նրա կազմակերպումը Պողոս Մամիկոնյանի հետ հանձնարարվում է Լևոն Քալանթարին, ով և նշանակվում է թատրոնի գլխավոր ռեժիսոր:
Նրա առաջին բեմադրությունը նորաստեղծ թատրոնում Ֆ. Շիլլերի ‹‹Ավազակներ›› ողբերգությունն էր (1922, 10 փետրվար), ուր նա հանդես եկավ նաև Կարլ Մոորի դերում: Առաջ անցնելով նկատենք, որ Լևոն Քալանթարը իր և այլոց բեմադրած ներկայացուներում հանդես է եկել նաև գլխավոր դերերի կատարումներով, որոնց թիվը միայն Առաջին թատրոնում հասնում է 14-ի:
Ավելի հաջողվածներից են՝ Կուրտ (Լ. Ֆուրդա՝ ‹‹Հիմարը››, բեմ. Իսահակ Ալիխանյանի), Հայնրիխ (Գ. Հաուպտման՝ ‹‹Ջրասույզ զանգ››, բեմ. Ի. Ալիխանյանի), Դերասան (Մ. Գորկի՝ ‹‹Հատակում››, բեմ. Ի. Ալիխանյանի), Հերդ (Հ. Հեյերմանս՝ ‹‹Հույսի կործանումը››), Կավալեր (Կ. Գոլդոնի՝ ‹‹Հյուրանոցի տիրուհին›› ), Հերմեր (Հ. Իբսեն՝ ‹‹Նորա››), Վարդազար (Մ. Գևորգյան՝ ‹‹Վարդազար››), Թովմաս (Դ. Դեմիրճյան՝‹‹Դատաստան››), Իոննել (Լ. Գանգոֆեր և Մ. Բրոսիներ՝ ‹‹Գնչուհի Զանդա››), Ուելսի իշխան (Ա. Դյումա՝ ‹‹Քին››, բեմ. Վահրամ Փափազյանի), Ռայմոնդ (Ա. Բիսսոն և Ա. Մաթսի՝ ‹‹Անհայտ կին››, Բեմ. Հասմիկի), Պանկրաս (Կ. Գոլդոնի՝ ‹‹Բոնի ամուսնություն››), Իոքունաան (Օ. Ուայլդ՝ ‹‹Սալոմե››), Գյուստավ (Մ. Մետերլինկ՝ ‹‹Հրաշագործություն Սրբույն-Անտոնիոսի››):
Լևոն Քալանթարի արտիստական տարերքը եղել է բնութագրական, նույնիսկ կատակերգական բնութագրական դերը, ինչը և նրան բերել է հաջողություն:
Լևոն Քալանթարը, իրոք, իմաստուն կերպով վարեց Առաջին պետթատրոնի կազմակերպման գործը, գիտակցելեով, որ դրվում են թատերական նոր կուլտուրայի հիմքերը: Միայն Առաջին պետական թատրոնում Լևոն Քալանթարի բեմադրություններն անցնում են չորս տասնյակը՝ Շիլլեր՝‹‹Ավազակներ››, Մ. Գորկի՝ ‹‹Հատակում››, Հ. Հեյերմանս՝ ‹‹Նորա››, Սոֆոկլես՝ ‹‹Անտիգոնե››, Մոլիեր՝ ‹‹Բոնի ամուսնություն››, Լ. Շանթ՝ ‹‹Հին աստվածներ››, Օ. Ուայլդ՝ ‹‹Սալոմե››, Ա. Շիրվանզադե՝ ‹‹Պատվի համար››, Ն. Գոգոլ՝ ‹‹Ռևիզոր››, Շեքսպիր՝ ‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››, Մոլիեր՝ ‹‹Տարտյուֆ››, Շիրվանզադե՝ ‹‹Չար ոգի››, Ա. Լունաչարսկի՝ ‹‹Թույն››, Գ. Սունդուկյան ‹‹Քանդած օջախ››, Շեքսպիր՝ ‹‹Օթելլո››, Հ. Մուրադյան՝ ‹‹Խաչատուր Աբովյան››, Շիրվանզադե՝ ‹‹Պատվի համար›› և այլն:
Թատրոնի խաղացանկի այսպիսի հարստությունը և վճռական բեկումը տեղի է ունեցել Լևոն Քլանթարի նախանձախնդիր վերաբերմունքի շնորհիվ:
Առաջին թատրոնի ռեժիսորական արվեստի պատմության մեջ Լևոն Քալանթարը մնաց իբրև նրա հիմնադիրներից մեկը: