Ես կրկին միայնակ եմ... Լեոնիդ Ենգիբարյան
Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ: