Սերգեյ Առաքելյան. արվեստաբան, դերասան, թանգարանագետ
Սերգեյ Առաքելյանը թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր է, ‹‹Արտիստ›› փառատոնի դափնեկիր, ‹‹Գոհար Գասպարյան›› ոսկե մեդալակիր
Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դպրոցական տարիներից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել է Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին:
1951-1954-ին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ:
1954-1962թթ որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խաղացել է տասնյակ դերեր:
Թատրոնին զուգահեռ 1959-1979թթ աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: Բեմադրել է 50-ից ավելի ներկայացումներ: Բոլոր ներկայացումներում խաղացել է գլխավոր դերեր: Աչքի ընկնող դերերից են` Շմագան ‹‹Անմեղ մեղավորներ››, Զիմզիմովը ‹‹Պեպո››, Զամբախովը ‹‹Խաթաբալա››, Նազար ‹‹Քաջ Նազար››, Արշակ ‹‹Ուշ լինի, նուշ լինի››, Թագավորը ‹‹Չախ-չախ թագավոր››, Լյուպենը ‹‹Ժորժ Դանդեն››, Սկապենը ‹‹Սկուպենի արարքները›› և այլն:
Նրա բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը:
1960թ Աբովյանի շրջ. մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի ‹‹Պեպո›› օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը:
1979-ին հրավիրվել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան որպես գիտամասայական բաժնի վարիչ և աշխատել է մինչև 1993 թվականը: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ (նաև շրջիկ), գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, 50-ից ավելի զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում:
Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է իր անձնական հավաքածուն, որի նյութերն անցնում են տասնյակ հազարներից: Բացի Սայաթ Նովայից ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, հազարավոր լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր:
Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը:
1993-1998թթ նշանակվեկ է ‹‹Զորավար Անդրանիկ›› մշակույթի կենտրոնի տնօրեն, Իլյիչ Բեգլարյանի հետ 2006թ հիմնադրել է ‹‹Զորավար Անդրանիկ›› փանգարանը, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը: Երկար տարիներ աշխատել է որպես Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի տնօրեն:
Տասը տարի շարունակ եղել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի թանգարանի տնօրենը և ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել է ցուցահանդեսներ:
Այժմ աշխատում է երաժշտական կոմեդիայի և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում, որպես թանգարանի վարիչ և միաժամանակ զբաղվում է հրատարակչական գործունեությամբ:
Հիմնադրել է ‹‹Հայ մշակույթի մեծերը›› մատենաշարը և հեղինակ է ‹‹Սվետլանա Գրիգորյան››, ‹‹Կարպ Խաչվանքյան››, ‹‹Ժենյա Ավետիսյան››, ‹‹Յուրի Ամիրյան››, ‹‹Օֆելյա Համբարձումյան››, ‹‹Գոհար Գասպարյան››, ‹‹Երվանդ Ղազանչյան››, ‹‹Գալյա Նովենց››, ‹‹Բաբկեն Ներսիսյան›› մեծածավալ, նկարազարդ ալբոմ-ժողովածուների, տպագրության է պատրաստել ‹‹Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն››, ‹‹Գոհար Գասպարյան›› (2-րդ հատոր) ուսումնասիրությունները:
Գրում է թատերագիտական, գրականագիտական և այլ հոդվածներ, կազմակերպում է ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ: