Հրաչյա Ներսիսյան
Հրաչյա Ներսիսյան ծնվել է Նիկոմեդիայում (այժմ Իզմիր՝ Թուրքիա): Սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ, ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, Եսայան վարժարանում: Կ. Պոլսում մասնակցել է Ա. Պենկլյանի և Հայ դրամատիկ խմբերի ներկայացումներին: Հրաչյան մասնակցել է նաև Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ հյուրախաղային ներկայացումներին:
Հրաչյա Ներսիսյանին, Մկրտիչ Ջանանին (Նիկիտա Միհրանի Ջանանյան) և էլի մի քանի դերասանների Վահրամ Փափազյանն իր հետ բերում է Կովկաս: 1923-ից Հրաչյա Ներսիսյանը առմիշտ դառնում է Երևանի բնակիչ, հայկական Առաջին թատրոնի դերասան:
Բախտավոր եղավ նրա բեմական կյանքը հենց սկզբից: Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի մեծանուն ռեժիսորներ Լևոն Քալանթարը և Արշակ Բուրջանյանը նկատեն նորեկի մեծ հնարավորություննրը և նրա առաջ դնեն ստեղծագործական լուրջ խնդիրներ: Առաջին դերը Կասսիոն էր՝ Շեքսպիրի ‹‹Օթելլո›› դրամայում, որն անմիջապես նկատելի դարձավ և երիտասարդ դերասանին վիճակվեց առաջնակարգ դերերի այնպիսի քանակ, այնպիսի շքեղ խաղացանկ, որ երազել կարող էր ամեն մի վաստակաշատ դերասան: Ստեղծագործական առաջին իսկ տարիներին Հրաչյա Ներսիսյանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կատակերգական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար և՛ բարի, և՛ հերոսական և սովորական կերպարներ: Իր ստեղծագործական բարձր արտահայություններով, իր բնատուր ձիրքի և վարպետության ներդաշնակությամբ Հրաչյա Ներսիսյանը կանգնեց ժամանակի ամենանշանավոր արտիստների կողքը, եղավ հայ հանդիսատեսի պաշտելին, նրա կուռքը:
20-30-ական թթ նշանավորվել են Հրաչյա Ներսիսյանի ստեղծած կերպարներով՝ Խլեստակով (Գոգոլ՝ ‹‹Ռևիզոր››), Բասանիո (Շեքսպիր՝ ‹‹Վենետիկի վաճառականը››), Սուրեն (Շիրվանզադե՝ ‹‹Պատվի համար››), Դոն Կիխոտ (Լունաչարսկի՝ ‹‹Դոն Կիխոտ››), Բերգ (Օ”Նեյլի՝ ‹‹Աննա Քրիստի››), Համլետ (Շեքսպիր՝ ‹‹Համլետ››), Հայնրիխ (Հաուպարմանի՝ ‹‹Ջրասույզ զանգ››), Բերսենև (Ֆուրմանով՝ ‹‹Բեկում››), Ժադով (Օստրովսկի՝ ‹‹Արդյունավետ պաշտոն››), Սիմոն (Յանովսկի՝ ‹‹Ցասում››), Տաֆի Ուին (Գ. Գեյ՝ ‹‹Տրիլբի››), Բեն Խոխան (Գուցկով՝ ‹‹Ուրիել Ակոստա››), Ֆրեզեր (Բերգեր՝ ‹‹Ջրհեհեղ››) և այլն: Հրաչյա Ներսիսյանը նույն վարպետությամբ ու փայլով կերպավորեց իրարամերժ կերպարներ՝ Ֆալստաֆ և Օթելլո-շեքսպիրյան ծիծաղի ու ողբերգության և բարձր, և նույնիսկ բևեռային արտահայտությունները:
Մեծատաղանդ Հրաչյա Ներսիսյանը անձնավորեց դասական կերպարներ, որոնք երևույթ դարձան ոչ միայն դերասանի ստեղծագործական կյանքում, այլև ազգային թատրոնի պատմության մեջ:
Նման մի երևույթ էլ Էլիզարյանի (Շիրվանզադե՝ ‹‹Պատվի համար››) դերակատարումը եղավ, մի խոշոր կտավ, ազգային դրամատուրգիայում դերասանի ստեղծած այն մեծ արժեքը, որ կարող է դրվել Պաղտասարի (Պարոնյան՝ ‹‹Պաղտասար աղբար››) կողքը:
Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը (Լերմոնտով՝ ‹‹Դիմակահանդես››), Պրոտասովը (Տոլստոյ՝ ‹‹Կենդանի դիակ››), Պաղտասար աղբարը, մինչև որ 1961-ին Մեք Գրեգորի (Վ. Սարոյան՝ ‹‹Իմ սիրտը լեռներում է››), շեքսպիրյան այդ լավագուն դերասանի կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին: Խորհրդանշական էր, որ Մեծ Արտիստը արվեստին և կյանքին իր հրաժեշտի խոսքն ասաց այնպիսի անքեն, անհունորեն բարի, պայծառ մադու անձնավորմամբ, ինչպիսին հենց ինքն էր՝ ծերունազարդ դերասան Մեք Գրեգորի դերակատարումը: