Շողակաթ եկեղեցին Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է

Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է, որը Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ. իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»: Արևմուտքից կից է գավիթը` պսակված զանգակատան ութասյան ռոտոնդայով: Ունի մուտքեր արևելյան և արևմտյան կողմերից: Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6 դարի կառույց է եղել: 

Եկեղեցու հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.:
Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Մեծ Եղեռնի զոհ դարձած հայ նշանավոր մտավորականների «Տագնապ» խմբաքանդակը. Ֆոտոշարք

«Տագնապ» հուշարձան-խմբագանքակը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքի կենտրոնում՝ Կոմիտասի անվան Մշակույթի տան հարևանությամբ։ 
Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականին:

Քանդակագոր Լևոն Թոքմաջյանը իր ստեղծագործությունում կերտել է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհ դարձած հայ նշանավոր մտավորականների խմբաքանդակը։ Ձախից աջ՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթոյի մայրը, Սիամանթո, Երուխան, Տիրան Չրաքյան (Ինտրա), Կոմիտաս, Թլկատինցի, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Ռուբեն Զարդարյան:
Արձանախմբում պատկերված ծնկաչոք քանդակը՝ իբրև երախտապարտ ժողովուրդ, հեղինակն է՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։


Նյութը և ֆոտոշարքը՝ Հայկ Կիսեբլյանի

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։ 

Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից եւ ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ 

Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի և նրա կնոջ՝ Աշխեն թագուհու ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը եւ կառուցեցին Մայր Տաճարը։ Սուրբ Էջմիածինը նաեւ կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։ Պեղումների ժամանակ V դարի շինության ներսում հայտնաբերվեց նա7 թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ 

Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։

Սբ Տիրամոր Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է

Սբ Տիրամոր Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: 
Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից: Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ:

 Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով: Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում անընդհատ: 

Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք: Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: 
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: 

Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև: Խաղողօրհնեք Վերափոխման տոնին՝ հավարտ ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26.28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից: