Վահրամ Փափազյան. հայ թատերարվեստի մեծերից մեկը


Վ. Փափազյանը հենց առաջին իսկ քայլերից թևակոխել է հռչակավոր Պետրոս Ադամյանի գործունեության գալիրեան, բևեռելով հասարակության և մամուլի ուշադրությունը իր վրա:
Վահրամ Փափազյանը ավարտել է Կ. Պոլսի Եսայան վարժարանը (1905), սովորել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, հետևել Միլանի արվեստների թատերական դասընթացին, 1906-ին Փարիզում աշակերտել է Սիլվենիին:

1907-ին Է. Նովելլիի թատերախմբով շրջագայել է Հարավային Իտալիայում, Հյուսիսային Աֆրիկայում, եղել է Արևմուտքի թատերական կենտրոններում, շփվել է հիմնականում իտալական բեմի վարպետների հետ:
Առաջին անգամ ելույթ է ունեցել Կ. Պոլսում՝ 1908-ին՝ խաղացել է Օթելլոյի դերը (Շեքսպիր՝ ‹‹Օթելլո››):
1912թվականին Հովհաննես Աբելյանը Վահրամ Փափազյանին բերում է Թիֆլիս: Հասարակությունը միանգամից սիրահարվում է նրան ոչ միայն բացառիկ արտաքինի, այլև նրա բացառիկ տաղանդի, արտակարգ տեմպերամենտի ու հմայիչ խաղի պատճառով:
Բնությունը նրա գեղեցկության ու բեմական տվյալների համար ոչինչ չէր խնայել՝ շռայլորեն օժտելով բարեմասնությունների և առավելությունների մեծ հնարավորություննրով:

Իր խաղաոճով և խաղացանկով Փափազյանը պարզ արտահայտված դասական ուղղության արտիստ էր, դասական ողբերգակի ոչ միայն տվյալներով, այլև անձնավորումներով:
Շեքսպիր: Ահա այն անսահման կտավը, որի վրա արագորեն նա սկսեց հյուսել իր անզուգական կերպարները, որոնց մեջ Օթելլոն հանդիսացավ իբրև գլուխգործոց, իբրև չգերազանցված մոնումենտ:

Իր դիմախաղով, կիրթ մշակված շարժուձևով, յուրաքանչյուր բեմավիճակով Փափազյանը նմանը չուներ: Նա չէր քայլում, չեր ներկայանում, այլ կերտում էր, քանդակում: Նրա ամեն մի դրույթը մի հոյակապ պատկեր էր, գեղանկարչություն:

1932-ից ի վեր, մինչև 1954-ը, բնակություն հաստատելով Ս. Պետերբուրգում, Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ Օթելլոյով շրջել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Փափազյանի լավագույն դերերից են՝ Օթելլո, Ռոմեո, Համլետ, Քին, Կորրադո (‹‹Ոճրագործի ընտանիքը››), Աբեղա (‹‹Հին աստվածներ››), Օհան Գուրգեն (‹‹Կույսը››), Պրինչիվալե (‹‹Մոննա Վաննա››), Ուրիել (‹‹Ուրիել Ակոստա››), Դոն Ժուան, Կարլ (‹‹Ավազակներ››), Հայնրիխ (‹‹Ջրասույզ զանգ››) և այլն:

Բեղմնավոր է եղել Վահրամ Փափազյանի բեմական գործունեությունը՝ հատկապես Երևանի Առաջին պետական թատրոնի բեմում: Նա առաջիններից էր, որ թողնելով դեգերումները, Երևան եկավ և լծվեց մայր թատրոնի կառուցման գործին:
Փափազյանի հաղթարշավը սկսվեց Մոլիերի ‹‹Դոն Ժուան››-ի իր բեմադրությամբ, ուր նա փայլեց նաև Դոն Ժուանի փայլուն դերակատարումով:
1922-1924թթ թատերաշրջաններում նա բեմադրեց յոթ ներկայացում և հանդես եկավ գլխավոր դերերում՝ Բ. Շոու՝ ‹‹Սատանայի աշակերտ››, (Ռիչարդ Դեջենի), Մ. Սուկենիվսկու ‹‹Տասնչորսը հուլիսի›› (Կոմս դ Ավրինկուր), Մ. Մակկո ‹‹Միմոս›› (Միմոս, իր թարգմանությամբ), Շեքսպիր ‹‹Օթելլո›› (Օթելլո), Կ. Գոլդոնի ‹‹Երկու տիրոջ ծառա›› (Տրուֆալդինո), Մ. Մետերլինկ ‹‹Մոննա Վաննա›› (Պրինչիվալի), Ա. Դյումա ‹‹Քին›› (Քին):

Կերպարներ մարմնավորեց նաև այլոց բեմադրություննրում՝ Բասանիո - Շեքսպիր ‹‹Վենետիկի վաճառականը›› (բեմադրությունը Արշակ Բուրջալյանի), Աբեղա - Լևոն Շանթ ‹‹Հին աստվածներ›› (բեմադրությունը Լևոն Քալանթարի), Ուրիել - Կ. Գուցկով ‹‹Ուրիել Ակոստա›› (բեմադրությունը Արուս Ոսկանյանի):

Հեռանալով Երևանի թատրոնից, Փափազյանը հաճախ հանդես էր գալիս հյուրախաղային ներկայացումներով:
1949-ին նա խաղաց՝ Արբենին (Լերմոնտով՝ ‹‹Դիմակահանդես››, բեմադրությունը Արմեն Գուլակյանի), 1951-ին՝ Պրոտասով (Տոլստոյ ‹‹Կենդանի դիակ››), 1953-ին՝ Լիր (Շեքսպիր՝ ‹‹Լիր արքա››, բեմադրությունը Վարդան Աճեմյանի), 1956-ին Օթելլո (Շեքսպիր՝ ‹‹Օթելլո››, բեմադրությունը Լևոն Քալանթարի):

Կյանքի վերջին տարիներին նա դարձյալ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի արտիստն էր: 
1958-ի հուլիսի 30-ին բեմադրեց Գուցկովի ‹‹Ուրիել Ակոստան›› և խաղաց Ուրիելի դերը:
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1967թ հոկտեմբերի 27-ին Վահրամ Փափազյանին պարգևատրեց Լենինի շքանշանով:
1967թ դեկտեմբերի 14-ին Մեծ արտիստը վերջին անգամ հանդես եկավ Մեք Գրեգորի դերում և այլևս բեմ չբարձրացավ:
Ամիսներ անց՝ 1968թ մայիսի 6-ին իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծ ողբերգակը և թաղվեց Կոմիտասի անվան այգու Պանթեոնում: