Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը. Ալեքսանդր Թամանյան


 Ալեքսանդր Թամանյանը ծնվել էր 1878-ին Եկատերինոդարում, այնտեղ ստացել տարրական կրթություն, 1897-ին տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: Տաղանդավոր ճարտարապետի ճաշակը ձևավորվեց հենց այնտեղ՝ հոյակապ հրապարակների, ապարանքների ու այգիների մթնոլորտում: 1904-ին Թամանյանն ավարտեց Կայսերական գեղարվեստի ակադեմիային կից բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը և եռանդով նվիրվեց մասնագիտական գործունեությանը: Նրա նախագծերով կառուցվում էին շենքեր Պետերբուրգում, Մոսկվայում, Յարոսլավլում և ռուսական այլ քաղաքներում: Մեծ անուն ձեռք բերեց մասնավորապես Յարոսլավլի գյուղատնտեսական ցուցահանդեսի համալիրի շնորհիվ: Ռուսական փայտե ճարտարապետության ոճով տաղավարները ոչ միայն հավատարիմ էին ավանդական ձևերին, այլ ֆունկցիոնալ էին, ժամանակակից և կրում էին ազգային շունչը: Ազգային ճարտարապետության կիրառումը ժամանակակից շենքերի նախագծման մեջ հետագայում դարձավ Թամանյանի հիմնական հնարքներից մեկը:


Անիի պեղումները ղեկավարող Նիկոլայ Մառի պատվերով Թամանյանը 1908-ին ստեղծեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում թանգարանի նախագծային տարբերակ: Բնականաբար, հայկական վաղեմի շինարարության հետ շփումը չէր կարող լինել անհետևանք ու չարթացնել բուռն հետաքրքրություն հայկական ճարտարապետության նկատմամբ: Քույրը՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենը, վկայում է, որ մի անգամ Պետերբուրգում հայկական ճարտարապետական հուշարձանների նախագծերն ու լուսանկարները դիտելիս ասել էր ընկերոջը՝ Շրյոթերին. «Կտեսնե՛ք, ապրելու եմ ու կառուցելու Հայաստանում»: Սրանք մարգարեական խոսքեր էին: 

Անհնար է պատմությունը նորից գրել. այն ստեղծվում է մեկ անգամ: 20-րդ դարի Երևանի պատմությունը գրվում էր վստահ ձեռագրով, շեշտակի գծերով, նոր խոսքերով, առանց սխալների ու մրոտումների: Գրվում էր սկզբում թղթի, հետո քարի վրա: Այս նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար: 20-րդ դարի Հայաստանը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ժամանակակիցը. նրանց հանդիպումը բախտորոշ էր:

Պաշտոնական պատմությունը երկար տարիներ սովորեցնում էր, որ Թամանյանը Էրիվան եկել էր 1923-ին Խորհրդային Հայաստանի հրավերով: Սակայն իրականում այդպես չէր: Թամանյանը տեղափոխվել էր Հայաստան 1919-ին՝ դեռ առաջին հանրապետության օրոք: 41 տարեկանում նա արդեն ճարտարապետության ակադեմիկոս էր, ձեռք էր բերել տաղանդավոր վարպետի համբավ, ինչի շնորհիվ ուներ արտասահմանում աշխատելու գրավիչ հեռանկարներ, բայց ընտրեց ավերված ու աղքատ Հայաստանը: Նշանակվելով երկրի գլխավոր ճարտարապետ՝ նա 1920-ին նոր հանրապետության կառավարությանը ներկայացրեց Էրիվանի վերակառուցման նախագիծը: 1920-ին բոլշևիկյան կարգերի հաստատումն ու վիճակի վատթարացումը ստիպեցին նրան գնալ Իրան ու ընտանիքով հաստատվել Թավրիզում: Սակայն նոր հայկական պետության բախտը երկրորդ անգամ բերեց. Ալեքսանդր Թամանյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլև ազգային գաղափարին լիովին նվիրված մարդ: 

Խորհրդային, թե ոչ՝ Հայաստանն այնուամենայնիվ հայտվել էր աշխարհի քարտեզին, և ոչ ոք չէր հանել օրակարգից նոր մայրաքաղաքի կառուցման հարցը: Ժողկոմխորհը Թամանյանին ու նրա ընտանիքին տվեց անվտանգության հատուկ երաշխիքներ, և 1923-ին նրանք վերադարձան Երևան: Ապագայում լինելու էին փնտրտուքներ ու նոր գաղափարներ, հուսահատության ու ոգևորության պահեր, ծանր, լարված աշխատանքի տարիներ, համաշխարհային ճանաչում: Բայց այդ ամենը դեռ հեռու էր…