Մայր Աթոռում օծվեցին Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները
Սեպտեմբերի 28-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների,ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո օրեր առաջ կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները:
Երկու խաչքարերը կանգնեցվել են Նորին Սրբության օրհնությամբ ու նախաձեռնությամբ և ազնիվ բարերարությամբ տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների:
Խաչքարերի օծման հանդիսավոր արարողությունից առաջ խոսք ասաց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Մուշեղ Սրբազանը, դիմելով ներկաներին, մասնավորաբար նշեց, որ օրը շատ հատկանշական ու խորհրդավոր է: Անդրադառնալով հայ ժողովրդի համար նվիրական 2015 թ.-ին` նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումով տարին արժևորվեց հայ ժողովրդի համար, իսկ այս կապակցությամբ Մայր Աթոռում վեր խոյացած զույգ խաչքարերի օծումն առիթ է, որպեսզի նահատակության քաղցր լուծը ճաշակած սրբերի համար աղոթք և հայց ուղղվի երկինք: Սրբազանը հավելեց նաև, որ մեծագույն երջանկություն է տեսնել` ինչպես են ամենքը միասնաբար համատեղված սրբություն խորհրդանշող խաչքարերի օծման աստվածային իրողության առջև:
Իր խոսքում Մուշեղ եպիսկոպոսը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պետք է Հաղթության Սրբալույս Մյուռոնով առաջին անգամ օծվեն իրենց վիթխարի չափսերով և հոգևոր իմաստով այս երկու պանծալի խաչքարերը: «Այս երկու խաչքարերը կանգնեցվել են այն հազարավոր խաչքարերի փոխարեն, որոնք այլևս չկան և այն բազմաթիվ հայորդիների փոխարեն, ովքեր ծնկել են այդ խաչքարերի առջև և աղոթքներ վերառաքել Բարձրյալին», - շեշտեց Սրբազան Հայրը:
Այնուհետև խոսքով ներկաներին դիմեց բարերար Հակոբ Տիտիզյանը: Նա վերհիշեց այն ուղին, որով անցել են այս երկու խաչքարերը: Տիար Տիտիզյանը երախտագետ սրտով շնորհակալություն հայտնեց նաև քանդակագործներին, ճարտարապետներին, որոնք շուրջ ինն ամիսներ տքնեցին, որպեսզի ստեղծվեին այս սրբությունները: Նա նաև վստահություն հայտնեց, որ խաչքարերի տեղադրումը պետք է գալիք սերունդներին պատմի հայ ժողովրդի փառավոր մշակույթի, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների անմահ հիշատակի և հայոց ներկա վերածննդի մասին:
Խոսքից հետո տեր և տիկին Տիտիզյանների կողմից քողազերծվեցին երկնասլաց խաչքարերը: Ապա կատարվեց խաչքարերի օրհնության արարողությունը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց իրենց կերտվածքով եզակի խաչքարերը:
Արարողության ավարտին տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ժամանակ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց Տիտիզյան ընտանիքի անդամներին:
Ամենայն Հայոց Հայրապետը տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյաններին, ինչպես նաև տեր և տիկին Քրիս Տիտիզյաններին եկեղեցանվեր գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց:
Հայերի ինքնապաշտպանական մարտերը Բեյրութում...
«Նկարում` Բեյրութի հայկական ինքնապաշտպանական «Մեծ Արաբո» ջոկատն է 1977-ին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, 1970-ականների երկրորդ կեսին, սփյուռքում հայերի մեծ համախմբում տեղի ունեցավ` ամենուրեք հայրենասիրական մեծ վերելք էր: Բեյրութ էին ժամանում հայ կամավորականներ տարբեր երկրներից` պաշտպանելու հայկական թաղամասերը, որոնք պատերազմի ժամանակ հարձակումների թիրախ էին դարձել մուսուլմանական զինյալ խմբավորումների կողմից:
Հիշում եմ, անգամ մենք, հայաստանցի ուսանողներս, մեր զուտ խորհդանշական լուման ներդրեցինք այդ գործընթացում: 1978-ի գարնանը Երևանի համալսարանում ստեղծվել էր ուսանողական նախաձեռնող խումբ, որը կամավորներ էր գրանցում` անհրաժեշտության դեպքում Բեյրութ մեկնելու համար: Պարզ է, որ այդպես էլ ամեն ինչ մնաց թղթի վրա. տոտալիտար երկրի պայմաններում, ինչպիսին Խորհրդային Միությունն էր` այլ կերպ հնարավոր չէր: Բայց կարևորը, ինչպես ասում են` այդ փաստի առկայությունն էր:
1965-ի ազգային զարթոնքից հետո` սա հայերի համախմբման թերևս առաջին դեպքը եղավ, իսկ Բուրջ-Համուդ հայկական թաղամասի մոտ մղած հաղթական մարտերը` դասվեցին հայ ազատագրական պայքարի փայլուն էջերի շարքին: Ահա թե ինչ է գրում ամերիկացի անվանի պատմաբան Ջոն Բուլոքը իր «Երկրի կործանումը» գրքում. «Հայերի աննախադեպ քաջությունը մեծ տպավորություն թողեց Լիբանանի ողջ քրիստոնյա համայնքի վրա: Քաղաքացիական պատերազմի ընթացքում հայերը բազում անգամ կարողացան ջախջախել հակառակորդի ջոկատները, որոնք 3-4 անգամ գերազանցում էին իրենց թվաքանակով»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորակառույց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը:
Արարողությանը ներկա էին կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները, Տիտիզյան ընտանիքի անդամներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և այլ հյուրեր:
Այս առիթով, մինչև կենտրոնի բացումը, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ:
«Գարեգին Ա» կրթական կենտրոնի առջև հյուրերին ողջունեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով «Գարեգին Ա» կենտրոնի ստեղծումը վերջին տասնամյակում Մայր Աթոռի կրթական գործունեության ոլորտում գրանցված լավագույն ձեռքբերումներից մեկը դիտարկեց:
«Այս կենտրոնի ստեղծումը դարձյալ վկայում է, որ Մայր Աթոռը սրբորեն պահում է սեփական առաքելությանը բնորոշ ավանդույթները, որն իր դարավոր գոյության ընթացքում հավատն ու գիտությունը երբեք իրար հակառակ չի դիտել, այլ միմյանց փոխլրացնող, ամբողջացնող: Վեհափառ Տեր, Ձեր հովվապետության ընթացքում այն գաղափարն արմատավորեցիք , որ Հայոց Եկեղեցու բարեկարգումը հնարավոր է միայն հոգևոր կրթությունը համապատասխան որակի բարձրացնելու պայմանով: Այս լույսի ներքո սույն կենտրոնի հիմնումը նաև գնահատանքի և հարգանքի տուրք է Ձեր նախորդի՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հիշատակին. մարդու, ում մտապատկերում հոգևորականն ու գիտնականը նույն նպատակին են ծառայում», - նշեց Սրբազանը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը և բարերաներ Հայկ և Էլզա Տիտիզյանները կտրեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնի մուտքի ժապավենը, որով պաշտոնապես ազդարարվեց կենտրոնի բացումը:
Կրթական կենտրոնի դահլիճում արարողության մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հայրապետին նվիրված ֆիլմը, ապա, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց նորաբաց կենտրոնի օրհնության կարգը:
Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին:
«Ուրախությամբ և սիրով ողջունում ենք ամենքիդ ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիրավի, պատմական օրեր ենք ապրում Լուսավորչահիմն Մայր Աթոռում: Երեկ Ամենախնամ Տիրոջ բարեսեր կամքով կատարեցինք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, և տակավին թարմ են հոգեպարար այն զգացումները, որ համակել էին ամենքիս սրտերը: Այսօր ևս տոնական նույն ոգին է թևածում Մայր Աթոռում. առիթը Մեր սիրելի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ կյանքի կոչվող «Գարեգին Ա» կրթական կենտրոնի կառույցն է, որի շինարարական աշխատանքները, կամոքն Աստուծո, իրենց բարեհաջող ավարտին պիտի հասնեն առաջիկային: Փառք ու բարեբանություն Երկնավոր Տիրոջը, որ աստվածասեր մեր ժողովրդին պարգևել է ազնվասիրտ բարերար զավակներ, ովքեր իրենց եռանդն ու կարողությունները սիրահոժար կերպով ծառայեցնում են ի բարօրություն մեր Հայրենքի և ի պայծառություն Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցու:
Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:
Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:
«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով և ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին:
Սիրելի Հայկ և Էլզա, կրթական այս կենտրոնի կառուցման աստվածահաճո նախաձեռնությունն իր մեջ խտացնում է հոգելույս Հայրապետի հանդեպ ունեցած Ձեր ազնիվ ու ջերմ զգացումները, Ձեր մեծ սերն ու նվիրումը: Հիրավի, այդ բացառիկ զգացումների արգասիքն ու վկայություններն են Գարեգին Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արժանավոր Ձեր գործերը: Երանաշնորհ Հայրապետի սրտում փայփայած ու կյանքի վերջին օրերին ձեզ փոխանցած տեսլական իղձն է հայագիտության ու աստվածաբանության կենտրոնի կառուցումը, որն այսօր իրական դարձած` նպաստ է բերելու մեր ժողովրդի հոգևոր, գիտակրթական ու մշակութային կյանքի առաջընթացին: Երջանկահիշատակ Հայոց Հայրապետի հանդեպ տածած Ձեր խորին հարգանքի և նրա լուսավոր հիշատակի առջև խոնարհումի դրսևորումն է նաև նրա գրական ժառանգության և անտիպ էջերի հրատարակության նախաձեռնությունը, որ տակավին շարունակում եք՝ նոր կյանք ու նոր շունչ տալով Գարեգին Ա Հայրապետի հոգեմտավոր ճառագայթումներին: Այս պահին, սիրելի բարերարներ, հոգելույս Հայրապետը երկնքից օրհնում է Ձեզ և Ձեր աստվածահաճո բարի իրագործումները», - ասաց Հայոց Հայրապետը:
Նորին Սրբությունը վերստին իր բարձր գնահատանքը բերեց Տիտիզյան ընտանիքին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ազգասեր ու եկեղեցաշեն գործոց հաջողություններ:
Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց կառույցի ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին ու Արամ Սահակյանին և շինարար Ստեփան Ախոյանին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Գարեգին Ա լուսահոգի Հայրապետի սերմանած հունդերը շարունակեն նոր ծիլեր արձակել և առատ, բարի պտուղներ պարգևեն մեր ժողովրդին, և օրհնյալ ճանապարհ ցանկացավ «Գարեգին Ա» կրթական կենտրոնի առաքելությանը:
23 Վարպետաց դաս Մաեստրո Արմեն Բաբախանյանի հետ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ վարպետաց դաս հանրահայտ դաշնակահար, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի հետ:
Աշխարհի լավագույն բեմերում և սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես գալուց և միջազգային մրցույթների ժյուրիի անդամ լինելուց բացի, Արմեն Բաբախանյանը բազմաթիվ վարպետաց դասեր է ունեցել աշխարհով մեկ՝ Ռուսաստանում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսլանդիայում և ԱՄՆ-ում:
Նարեկացի Արվեստի Միությունը հայ դաշնակահարներին եզակի հնարավորություն է ընձեռում շփվելու վարպետի հետ, ծանոթանալու նրա կատարողական հմտություններին և ստանալու մասնագիտական արժեքավոր խորհուրդներ:
Վարպետաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ առանց տարիքային սահմանափակման՝ պատրաստած ունենալով առնվազն 2, ոճով իրարից տարբերվող ստեղծագործություններ: Անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 20-ը տեսագրությունն ուղարկել eka@naregatsi.org էլեկտրոնային հասցեին կամ անձամբ ներկայացնել Նարեկացի Արվեստի Միություն, Վարդանանց 16/1 հասցեով:
Բաց մի թողեք մասնագիտական ինքնազարգացման այս եզակի հնարավորությունը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
Դուդուկի մենահամերգ. Տիգրան Դավթյան
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Կոմիտասի անվան Երևանի Պետական Կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանող Տիգրան Դավթյանի դուդուկի մենահամերգը: Դասատու՝ Էմանուել Հովհաննիսյան:
Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն ջութակի, թավջութակի նվագակցությամբ: Երեկոն իր կատարումներով կծաղկեցնի նաև Նարեկացի Համույթը:
Կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, Ռոմանոս Մելիքյանի և Ծովինար Հովհաննիսյանի ստեղծագործությունները:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
‹‹Վերադարձ›› Ակորդեոնի վարպետները Նարեկացի Արվեստի Միությունում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հյուրընկալելու է Հայաստանում շատ սիրված և ժամանակին մեծ տարածում ունեցող ակորդեոնի բոլոր հայտնի վարպետներին:
Համերգի ներկաները ոչ միայն կծանոթանան ակորդեոնի պատմությանը, այլև կբացահայտեն այս յուրահատուկ գործիքի լայն հնարավորությունները: Ակորդեոնահարների տարբեր սերունդներ իրենց անսպասելի կատարումներով կփորձեն կոտրել Հայաստանում կարծրացած կարծիքը այս հանրահայտ գործիքի մասին:
Համերգին կհնչեն ինչպես հայկական, գնչուական, ջազային՝ այնպես էլ դասական ստեղծագործություններ՝ Բախ, Բրամս, Վիվալդի:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
Մենահամերգ. ԵՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ (Մոսկվա)
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է իր հետևորդներին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, որտեղ կկայանա մոսկվայաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոների բազմակի դափնեկիր Եվա Գևորգյանի մենահամերգը:
Ապրելով և սովորելով Հայաստանից դուրս՝ Եվայի առաջին մեծ մենահամերգը, որը տեղի կունենա հայրենիքում իր խոստումնալից ապագայի առաջին կարևոր քայլը կլինի: Չնայած իր մանկահասակ լինելուն նա ունակ է ունկնդրին գոհացնելու իր հասուն երաժիշտին վայել կատարողական տեխնիկայով և երգացանկով:
Համերգին Եվայի կատարմամբ կհնչեն Բախի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Չայկովսկու, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների:
Բաց մի թողեք այս անմոռանալի համերգը և տաղանդավոր փոքրիկ հայուհուն ճանաչելու առիթը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020
Subscribe to:
Posts
(
Atom
)