Ինչպես ջուրը կենսական նշանակություն ունի, այդպես էլ Քրիոստոսը, որպես հոգևոր ջրի աղբյուր

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր կայացած հանդիպման շրջանակներում լրագրողների հետ խոսեց Վարդավառի` Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնի խորհրդի, ծեսերի և տոնի հետ կապված առաջիկա միջոցառումների մասին: 
«Հաճախ մարդիկ փորձում են իրենց բարվոք վիճակը գտնել որոշակի նյութական ձգտումների մեջ աշխարհիկ հաճույքների մեջ` օրինակ Խաղամոլության, թմրամոլության մեջ: Այդ ամենը վկայում է, որ մարդն իր ներսում խաղաղություն ապրելու երնթագիտակցական ձգտումն ունի, բայց ոչ միշտ է, որ այն ճշմարիտ կյանքով է դրսևորվում», հայտնեց լրագողների հետ զրույցի ընթացքում քահանան` վստահեցնելով, որ բոլոր ժամանակներում, տարբեր հասարակարգերում և կրոնական աստվածպաշտական համակարգերում էլ եղել են հոգեպես և բարոյապես անկայուն անձնավորություններ, սակայն գրեթե միշտ եղել է նաև ջրի արժևորումն ու ջրի պաշտամունքը, որպես մարդու համար կարևորագույն երևույթ, որի իմաստն ու նշանակությունը մեկն է` մաքրվելը, սրբագործվելը, ազատումը մեղքից և կեղտից. «Ջուրը կենսական նշանակություն ունի մարդկության համար: Այն նաև կարևորագույն նշանակություն ունի եկեղեցական արարողություններում կարևորագույն բաղադրիչներից մեկն է մկրտության արարողության ժամանակ, տնօրհնյաց արարողության, խաչահանգիստի, ինչպես նաև այլ արարողությունների ժամանակ»:

Լրագրողների այն հարցին, թե Ի՞նչպես է Եկեղեցին վերաբերվում օրերս ոստիկանության տարածած հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ հուլիսի 12 ին Վարդավառի տոնի հետ կապված սպասվում է երթևեկության ինտենսիվություն, որի ընթացքում, վթարներից խուսախելու համար, ոստիկանությունը խստացնելու է հսկողությունն ու կիրառելու նաև շարժական արագաչափ լուսանկարչական խցիկներ` Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը պատասխանեց, որ Եկեղեցին ողջունում է ոստիկանության կիրառած գործառույթները և որ Վարդավառի օրով մեքենայի համար սահմանված արագությունները գերազանցելը, խախտումներով վարելը, կամ ոգելից խմիչ օգտագործած վիճակում մեքենայի ղեկին նստելը նույնպես տոնի նկատմամբ սխալ դրսևորումներից են, որոնք անտեղի են և հարիր չեն տոնի խորհրդով ապրող իսկական քրիստոնյա մարդուն:

Հայկ Կիսեբլյան
Աղբյուրը` hayeli.am

Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համաժողով Դիլիջանում


Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժըն» (World Vision) միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հուլիսի 7-11-ը Դիլիջանում անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համաժողով-վերապատրաստում, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայաստանյան թեմերի 120 մանկավարժներ և համակարգող հոգևոր հայրեր:


Համաժողովը բացվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, «Վորլդ Վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանի, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի և ԿԳՆ ներկայացուցիչ Նարինե Մնացականյանի խոսքով: 
Համաժողովի առաջին օրը «Մարդկային հարաբերություններն ըստ Սուրբ Գրքի» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՔԴԿ փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը: Օրվա ավարտին կազմակերպվեց հավաքական աղոթք և մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Համաժողովի հաջորդ օրերը սկսվեցին Աստվածաշնչի սերտողությամբ: Երկրորդ օրը «Ասէ Աստուած» թեմայով բանախոսեց Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը: Մասնակիցներին մանկավարժական գիտելիքներ և մեթոդական հմտություններ փոխանցեց ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագետ Հասմիկ Մարգարյանը: 

Համաժողովի երրորդ օրը «Վորլդ Վիժըն»-ի հայաստանյան գրասենյակի հոգեբան Ինգա Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, որից հետո կիրակնօրյա կրթօջախներում ոչ ֆորմալ կրթության սկզբունքները և մեթոդական հնարքները կիրառելու հնարավորություններին անդրադարձավ ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սիլվա Պետրոսյանը: 
Չորրոդ օրը «Ի՞նչ է աստվածաբանությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների և Հրատարակչական բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, ապա Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը ներկայացրեց «Ս. Մյուռոնը Հայ Եկեղեցում» թեման: 

Նույն օրը համաժողովի մասնակիցներն ուխտավորաբար այցելեցին Հաղարծնի վանական համալիր, ուր կատարվեց ժամերգություն:
Համաժողովի վերջին՝ հինգերորդ օրը «Ս. Հաղորդությունը՝ քրիստոնյայի կատարելացում» թեմայով բանախոսություն ներկայացրեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը, որից հետո ամփոփվեցին համաժողովի արդյունքները: 
Համաժողովի հանդիսավոր փակմանը բոլոր մասնակիցներն արդեն ավանդույթ դարձած Հայրապետական մաղթերգի կատարմամբ իրենց երախտիքը հայտնեցին Վեհափառ Հայրապետին սույն ծրագրի համար՝ Նորին Սրբությանը մաղթելով արևշատության ու երկարամյա արգասաբեր գահակալություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն