Օծվեց Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Գործիքներ
,
Հայտարարություններ
,
Ճարտարապետություն
,
Քանդակագործություն
.
7/22/2015 10:03:00 pm
Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին եկեղեցու առջև դիմավորեցին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը և բազում ուխտավոր հայորդիներ:
Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, հոգևորականաց դասի ուղեկցությամբ մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:
Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների, Մկրտության ս. ավազանի և խորանի շուրթի օծումը կատարվեց ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տավուշի թեմի առաջնորդ և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:
Օծումից հետո կատարվեց եկեղեցու անվանակոչությունը: Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Ամենափրկիչ:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ուրախալի առիթով իր օրհնության պատգամը բերեց արարողության մասնակիցներին և Նոր Հաճընի բնակիչներին:
«Մեծ է բոլորիս ուրախությունն այսօր. Հայոց աստվածօրհնյալ երկնակամարի ներքո մի նոր աղոթատուն` Նոր Հաճընի շքեղաշուք Սուրբ Ամենափրկիչ այս եկեղեցին, իր դռներն է բացում հավատավոր մեր ժողովրդի առջև: Գոհություն ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ հերթական անգամ Մեզ առիթն ու հնարավորությունն է ընձեռում կատարելու նորակառույց եկեղեցու օծման հոգենորոգ արարողությունը:
Սիրելինե՛ր, Եկեղեցին փրկության տապանն է, որը այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգևում: Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհը ուղևորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին առանց Եկեղեցու առաջնորդության անհնար է հասնել: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում. «Չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ» (Եկեղեցուց դուրս փրկություն չկա): Յուրաքանչյուր նորաօծ եկեղեցու հետ մեր կյանքում բացվում է երկնային շնորհների և օրհնության մի նոր աղբյուր` զորացնելով առ Աստված հավատքը և առավել հաստատուն դարձնելով հույսը դեպի փրկություն: Փառք Տիրոջը, որ Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու միջոցով փրկագործ այս առաքելությունը զորանալու և արգասավորվելու է նաև Նոր Հաճըն քաղաքում:
Մենք Աստծո նախախնամությունն ենք տեսնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական այս օրերին է օծվում և մեր ժողովրդի կյանքում իր առաքելությունն սկսում Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հաճընը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Փրկվածները վերադարձան իրենց հայրենի բնաշխարհ, ձեռնամուխ եղան վերականգնելու իրենց տները, շարունակելու իրենց խաղաղ կյանքը, սակայն 1920 թ. կրկին հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի առջև: Քեմալական գերակշիռ ուժերի դեմ 8 ամիս շարունակվեց Հաճընի հերոսամարտը: Եվ հատկանշական է, որ քաղաքի ինքնապաշտպանությունը գլխավորում էր Հաճընի արիասիրտ առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Սարաճյանը, ով Քրիստոսի օրինակին հետևելով, պատրաստ էր իր կյանքը տալու հանուն իր հոտի փրկության: Քաջարի հայորդիք` հավատարիմ իրենց հայրենիքին ու հավատքին, աղոթքը շուրթներին կյանքի գնով պաշտպանում էին հայրենի սրբությունները: Շնորհիվ ինքնապաշտպանության փրկվեցին մեր ժողովրդի շատ զավակներ, իսկ տասնամյակ անց հաստատվեց Նոր Հաճըն ավանը, որն ընդարձակվել, քաղաք է դարձել` վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը:
Այսօր Նոր Հաճընում վեր է հառնել և մեր աղոթքները երկինք է բարձրացնում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի օծման այս հոգեզվարթ և լուսավոր օրը Մեր միտքն են գալիս առաքյալի աստվածաշունչ խոսքերը, թե «…ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Այս հավատքով մեր ժողովուրդը դիմակայել է պատմության փորձություններին, ի զորու եղել վեր հառնել մահվան ճիրաններից և նոր կյանք կառուցել: Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայությունը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված կարողացավ պահպանել ազգային իր դիմագիծը, Աստուծո անունը կանչելով հաղթահարեց նեղությունները և հավատաց իր լուսավոր ապագային: Այսօր, երբ ազատ է մեր Հայրենիքը, երբ նոր շունչ է առնում մեր հոգևոր և ազգային կյանքը, մեզ առավել ևս պիտի միավորի մեր հավատքը, որպեսզի մեր ամեն կարելիությամբ շենացնենք մեր երկիրը ու պայծառ պահենք մեզ դեպի փրկություն առաջնորդող մեր Սուրբ Եկեղեցին:
Հավատում ենք, որ Ամենափրկիչ մեր Տիրոջ Սուրբ Անունը կրող այս նորաշուք եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալներով և ձեր աղոթքներով, ձեր արդար, քաջ ու դրվատելի գործերով, ձեր հավատավոր ընթացքով Աստծո շնորհներն ու օրհնությունը պիտի առատանան մեր կյանքում», - ասաց Գարեգին Բ Հայրապետը:
Նորին Սրբությունը նաև ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այրերի ներկայությունը:
Այնուհետև Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին և նրանց զավակին՝ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ հանձնառություններով հայրենի երկրում վեր խոյացավ վեցերորդ եկեղեցին: Բարձր գնահատելով Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը և Հայ Եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Շքանշանի հանձնումից հետո Հայոց Հովվապետը նվիրյալ ծառայության համար իր օրհնությունը փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և հոգևոր դասին, ինչպես նաև գնահատանքը բերեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին, շինարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել հոյակերտ եկեղեցու կառուցման և բարեզարդման աշխատանքներին:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջի հովանու ներքո միշտ խաղաղ ու ապահով, շեն ու պայծառ պահպանի հայրենի երկիրը և Հայոց Եկեղեցին, Իր երկնային շնորհներով առատապես օրհնի, զորացնի Նոր Հաճընի հավատավոր ժողովրդին և եկեղեցու բարերարներին:
Վերջում Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Ս. Խաչելության պատկեր:
Արարողությանը ներկա էին ՀՀ պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ:
Subscribe to:
Posts
(
Atom
)