Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան
Ցայտուն արտահայտված բնութագրական ու կատակերգային դերասան՝ Մհեր Մկրտչյանը հավասար հաջողությամբ անձնավորել է տարբեր կերպարներ, որոնք դասված են այն ինքնատիպ երևույթների շարքը, որ ստեղծվել է հայ դերասանական արվեստում առհասարակ: Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը ծնվել է 1930թ. հուլիսի 4-ին Գյումրիում: 1947-1953-ին եղել է Գյումրու թատրոնի դերասան: 1956-ին ավարտել է Երևանի Գեղերվեստաթատերական ինստիտուտը, 1953-1988-ին՝ Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի առաջատար դերասաններից էր: Դերասանական բախտավոր նկարագիր ուներ Մհերը, որի արվեստը չէր կրում նպատակադիր ջանքի և ոչ մի հետք:
Նա հոգ չէր տանում արտաքին դերապատկեր ստեղծելու համար, քանի որ չափազանց բնական էր Մհերի մոտ՝ բնածին և ամեն ինչ իրենք իրենց գալիս ընկնում էին իրենց տեղը՝ այնպես բնական, ինչպես նրա ամբողջ արվեստն էր:
Առաջին դերը, որն անմիջապես հռչակեց նրա անունը թատերական աշխարհում ‹‹Նամուսի››Հայրապետն էր (1955, հունիսի 30), որին հետևեց Գվիդոնի (‹‹Սրտի արատ››) անսովոր հաջողությունը՝ ակներև և գնահատելի դարձնելով նրա արտիստական ձիրքը:
Մհեր Մկրտչյանի լավագույն դերերից են՝ Ղազարը (‹‹Ղազարը գնում է պատերազմ››), Եզոպոսը (‹‹Աղվեսն ու խաղողը››), Իսային (‹‹Խաթաբալա››), Գոդունը (‹‹Բեկում››), իր բացահայտ արդարությունն ապացուցելու համար ապարդյուն ջանքեր թափող ՝ Պաղտասարը:
Պաղտասարի դերում մեծ կատակերգակը հասավ իր արտիստական ձիրքի ամենահարուստ դրսևորմանը, ստեղծելով մի կերպար, որն իր արժանի տեղն ունի Պաղտասար աղպոր անձնավորման հարուստ պատմության մեջ:
Մհեր Մկրտչյանը նկարահանվել է կինոյում, 1988-ից ղեկավարել է Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիան, 1992-1993-ին՝ հիմնադրել է արտիստական թատրոնը, որը 2004-ից կրում է իր անունը: