Արուս Ոսկանյան

Արուս Ոսկանյանը ավարտել է Կ. Պոլսի Եսայան վարժարանը և տեղի ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը: Առաջին անգամ բեմ է բարձրացել Կ. Պոլսում 1908թվականին, իսկ 1909թվականին ամուսնու՝ դերասան և բեմադրիչ Հովսեփ Ոսկանյանի հետ տեղափոխվել է Անդրկովկաս: Կովկաս գալով, Ոսկանյան ընտանիքը հաստատվում է Բաքվում: 
Երիտասարդ դերասանուհին հանդես է գալիս Սև քաղաքում, Բալախանում, Արմենիքենդում տրվող դրամատիկական և օպերետային ներկայացումներում: Այստեղ է, որ նրա հետ ծանոթանում է մեծահռչակ դերասանուհի Ազնիվ Հրաչյան և ինքնակամ ստանձնում նրա բեմական ուսուցիչը լինելու գործը: 
Մինչև 1917թվականը Արուսը հանդես է եկել Բաքվում, երբեմն էլ Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ շրջագայել է Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում և այլուր: Գեղեցիկ արտաքինով, առինքնող բնավորությամբ Արուս Ոսկանյանը բացառիկ երևույթ էր հայկական թատրոնում: 

Սկսելով օպերետներց՝ Արուս Ոսկանյանը հասավ Կրուչինինայի՝ (‹‹Անմեղ մեղավորներ››) կերպարին: Նա լուծեց Կատերինայի՝ (‹‹Ամպրոպ››) բարդ հոգու հանգույցները: Հմայիչ Սուսան ու Սոնա էր նա Շիրվանզադեի ‹‹Նամուս›› և ‹‹Չար ոգի›› պիեսներում, ազնիվ Մարգարիտ՝ ‹‹Պատվի համար››, իսկ նրա Օֆելիան՝ (‹‹Համլետ››) և Դեզդեմոնան՝ (‹‹Օթելլո››) կմնան թատրոնի պատմության մեջ որպես եզակի հուշարձաններ: Նա խաղացել է ամեն տեսակի դերեր՝ Սուբրետից մինչև Գրանդ-դամա ու Գրանդ-կոկետ, Էնժենյու դրամատիկից մինչև ծայրահեղ կատակերգականը: 1917-1921թթ Արուս Ոսկանյանի արտիսատական գործունեությունը ընթացավ Թիֆլիսում: 
Ալեքսանդր Շիրվանզադեի, դերասանուհու հովանավորի, խորհուրդներով ու աջակցությամբ, Ոսկանյանը հանդես է եկել Թիֆլիսի Հայոց Դրամատիկական ընկերության խմբի կազմում: Սակայն Արուս Ոսկանյանն արտիստական իր փառքի բարձրակետին պիտի հասներ միայն Երևանի Առաջին պետթատրոնում, որի դռները 1922-ին շռնդալից կերպով բացվեցին տաղանդավոր դերասանուհու առջև: 

Այս թատրոնում Արուս Ոսկանկանի առաջին դերը Ամալիան էր՝ Շիլլերի ‹‹Ավազակներ›› դրամայում (1922թ, փետրվարի 7): Թեպետ դերասանուհին այդ դերը խաղացել էր անցյալում, սակայն Մայր թատրոնի բեմում անձնավորած նրա կերպարը ոչ թե ռոմանտիկական, շիլլերյան կերպար էր, այլ վերի աստիճանի հավաստի անձնավորում, խորապես հարազատ և՛ ժամանկաշրջանին, և՛ հեղինակային ոճին:

1922-1943թթ խաղաջրջաններում, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, Արուս Ոսկանյանը մարմնավորել է յոթանասունից ավելի կերպարներ՝ Դորիս (Լ. Ֆուլդո՝ ‹‹Հիմարը››, բեմ. Իսահակ Ալիխանյանի), Ռաուտենդլայն (Հաուպտման՝ ‹‹Ջրասույզ զանգ››), Նաստյա (Մ. Գորկի ‹‹Հատակում››), Դեզդեմոնա (Շեքսպիր՝ ‹‹Օթելլո››, բեմ. Վահրամ Փափազյանի), Ջիովաննա (Մ. Մետերլինկ՝ ‹‹Մոննա Վաննա››, բեմ. Վահրամ Փափազյանի), Սեդա (Լ. Շանթ՝ ‹‹Հին աստվածներ››), Ռոզալիա և Մարգարիտ (Շիրվանզադե՝ ‹‹Պատվի համար››), Տրիլբի (Գ. Գե. ‹‹Տրիլբի››), Պանովա (Կ. Տրենյով՝ ‹‹Լյուբով Յարովայա››), Անուշ (Հ. Պարոնյան՝ ‹‹Պաղտասար Աղբար››), Վիշնեվսկայա (Ա. Օստրովսկի՝ ‹‹Արդյունավոր պաշտոն››), Գալինա (Դ. Դեմիրճյան՝ ‹‹Ֆոսֆորային շող››), Լեդի Մակբեթ (Շեքսպիր՝ ‹‹Մակբեթ››), Սելմա Խաթուն (Մ. Ջանան՝ ‹‹Շահնամե››), Կատերինա (Ա. Օստրովսկի՝‹‹Ամպրոպ››), Նորա (Իբսեն՝ ‹‹Նորա››), Ելենա (Ա. Դյումա՝ ‹‹Քին››) և այլն: 
Նշանավոր դերասանուհին հանդես է եկել նաև ասմունքով, (հռչակված էր հատկապես Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների մեկնաբանությամբ), բեմադրել է պիեսներ, հեղինակ է թատերական հոդվածների: Թողել է հուշեր ու անտիպ օրագրեր: