Վարդգես Պետրոսյան. «Կեսգիշերային զրույց»

Իմ ընկերներից մեկը վերջերս ստորություն արեց, և քանդվեց մեզ իրար կապող կամուրջը: Նա այդ կամուրջը պայթեցնելուց առաջ երևի չնայեց անգամ, թե ինչ է պայթեցնում: Իսկ նայել հարկավոր էր. վերջին անգամ պիտի տեսնես այն քարերը, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել: Հավատա ինձ, հայրի՛կ, ես չքանդեցի այդ կամուրջը: Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ: Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում…

Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…

Պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել:


Վարդգես Պետրոսյան
Մեջբերումներ «Կեսգիշերային զրույց» գրքից

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. ֆոտոշարք

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հրազդանի ձախ ափին, Իսրայելյան փողոց, 19 հասցեում:
Ըստ պատմական տվյալների` Երևանի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.): 

Ներկայիս Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Ներկայիս եկեղեցու բակում` Առաջնորդարանի կողքին կարող եք տեսնել 1679թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ ավերված սրբավայրից մնացած սրբատաշ քարեր և խաչքարեր: 19-րդ դարում կառուցված եկեղեցին իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, հին Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Արտաքին տեսքը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի, չէր համապատասխանում: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական նորոգման և բարեզարդման: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի 1972թ. կազմած նախագծի համաձայն, սկսվեցին Ս. Սարգիս եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները: Եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: 

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվել է եկեղեցու ներքին տեսքը, արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել վերնատուն: Վերնասրահում հիմնովին քանդվել են նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 

Շնորհաշատ քանդակագործներից Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել: Ս. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, որի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսում արձանագրվել է. «Ի Հայրապետութեան Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Ս. Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին: 
Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»: 

Եկեղեցուն կից զանգակատան և մոմավառության սրահի շինարարությունը սկսվել է 1999 թվականին` Տ.Տ. Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության օրոք, որի մասին մեզ հուշում է նաև զանգակատան, մուտքի աջ կողմում գտնվող պատի փորագիր արձանագրությունը: Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը ավարտվել է: 2000թ.-ին:

Զանգակատանը հակադիր կողմում գտնվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանը: 
Դեպի առաջնորդարան տանող ճանապարհին` եկեղեցուն կից արդեն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության օրոք կառուցվել է աղբյուր և կամար, որի ճակատային մասում տեսնում ենք փորագրված` «Արարատյան Հայրապետական թեմ»:




Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն աստիճանը կաթողիկոսն է

Կաթողիկոս նշանակում է ընդհանուր և գերագույն պետ, նաև հայրապետ, եպիսկոպոսապետ, քահանայապետ: Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն է: Կաթողիկոսն է հրավիրում եկեղեցական ժողովներ, հաստատում նոր թեմեր, ձեռնադրում եպիսկոպոսներ, օրհնում սուրբ մյուռոնը և այլն: 

Հին ժամանակներում կաթողիկոսն էր օծում Հայոց թագավորին: Ամենայն Հայոց կաթողիկոսին սովորաբար ընտրում են եպիսկոպոսներից: 
Ընտրությունը կատարում է Ազգային-եկեղեցական ժողովը: Այդ ժողովին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների հոգևորական ու աշխարհիկ պատգամավորները: Ընտրությունը տեղի է ունենում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում: Ընտրությունից հետո Մայր տաճարում կատարվում է կաթողիկոսի ձեռնադրության և օծման հանդիսավոր արարողությունը: Այդ արարողությունը կատարում են 12 եպիսկոպոսներ: 1999 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ Ներսիսյանը: Վեհափառը մեր եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է:




Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց կաթողիկոս 1999–ից: Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին:
Ծնվել է 1951–ի օգոստոսի 21–ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1966–ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1970-ի դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971–ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր Ճեմարանը, նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972–ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպ. Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում:
1975–ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979–ին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

1980–ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983–ի ապրիլին` առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1992–ին ստացել արքության պատիվ և տիտղոս: 1989–ին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Գարեգին արք. Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը: 1990–ին Գարեգին արք. հիմնել է Հայ եկեղեցու Երիտասարդաց միությունը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Արարատյան Հայրապետական թեմում: 1992–ին նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ առ այսօր ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:
1990–ից նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1995–ի կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արք. Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի: 1997-1999–ին Գարեգին արք. եղել է ՀՀ նախագահին առընթեր Ներման հարցերի հանձնաժողովի անդամ:

1999–ի հոկտեմբերի 27-ին Ազգային եկեղեցական ժողովը Գարեգին արք. Ներսիսյանին ընտրում է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ընտրյալ Գարեգին Բ Կաթողիկոսի կաթողիկոսական ձեռնադրությունն և օծումը: