Հասմիկ (Թագուհի Հակոբյան). հայ բեմի հոգեբանական ռեալիզմի խոշոր վարպետներից մեկը
Ծնվել է Նախիջևանում: Բոլորովին պատահական է եղել թատրոնին նվիրվելու Հասմիկի որոշումը: Առիթը Սաֆրազյան ամուսինների հյուրախաղերն էին Նախիջևանում, ուր փոքրիկ տղայի դերով բեմ ելավ նաև փոքրիկ աղջիկը: Թիֆլիս տեղափոխվելով, Հասմիկն իր ամուսնու հետ հաճախ էր լինում թատրոնում, ինչը և բորբոքում էր նրա սերը դեպի թատրոն:
Ապագա դերասանուհու համար ճակատագրական եղավ ‹‹Աղասի›› (Վերք Հայաստանի) ներկայացումը, ուր Աղասու դերում նա տեսավ Հովհաննես Աբելյանին: Ամուսնու կամքին հակառակ նա մասնակցում է թատերախմբի փորձերին: Առաջին դերը (1904-ին) Քալին էր Սունդուկյանի ‹‹Քանդած օջախում››, ապա Կեկելը ‹‹Պեպոյում››: Անփորձ դերասանուհու հետ պարապում էր ինքը՝ Գաբրիել Սունդուկյանը: Հասմիկի համար մեծ դպրոց էր Հովհաննես Աբելյանի, Իսահակ Ալիխանյանի, Զաբելի, Գևորգ Տեր-Դավթյանի, Վարդուհու հետ շփվելը: Հասմիկն ընկել էր այն միջավայրը, որի հոգեկան կերտվածքը նույնն էր, ինչ որ իրենը, ինչը բախտորոշ նշանակություն ունեցավ նրա արտիստական կյանքում:
Վսահաբար կարելի է ասել, որ այս հիմքի վրա բարձրացավ Հասմիկի արվեստը:
1904-1920-ին Հասմիկը խաղաց Թիֆլիսի հայկական տարբեր թատրոններում, հենց սկզբից ճանաչվելով որպես իրապաշտական խաղաոճի դերասանուհի, հետագայում դառնալով հոգեբանական ռեալիզմի հայ բեմի խոշոր վարպետներից մեկը:
Այդ շրջանի դերերից են՝ Շպպանիկ, Զառնիշան (Շիրվանզադեի ‹‹Նամուս››, ‹‹Չար ոգի››), Հաննա (Հալբեի ‹‹Հեղեղ››), Կնիրտյե (Հեյերմանսի ‹‹‹‹Հույսի›› կործանումը››) և այլն:
1920-ին Հասմիկը հիմնադրում և ղեկավարում է Դիլիջանի թատերախումբը, որը հետագայում կոչվել է արդեն մեծ հռչակի արժանացած դերասանուհու անվամբ:
Հասմիկը եղավ հայոց բեմի ավանդական ռեալիստական խաղաոճի ժառանգորդը և հենց սկզբից ընթացավ իր խառնվացքին միանգամայն հարազատ այդ հունով:
1921-ին Երևանում հիմնադրվեց Առաջին պետթատրոնը: Հասմիկը մեկն էր առաջիններից, որ իսկույն կանգնեց նրա հիմնադիրների առաջին շարքում և նպաստեց նրա կազմակերպման և հետագա զարգացման գործին:
Նշանակալից է Հասմիկի վաստակը Հայոց Մայր թատրոնում, որովհետև նրա արվեստը իր կապը երբեք չկտրեց դերասանական հին արվեստի հետ, բայց և մշտապես մնաց ժամանակակից, որովհետև հնի հետ նրան կապողն այն էր, ինչ անանց է և հավասարապես պատկանում է ապագային:
Հիրավի ռեալիստական բարձր արվեստ, որ արժանի է ընդօրինակման:
Սունդուկյանի անվան թատրոնի ոսկե էջերն են կազմում 70-ի հասնող բարձրարժեք, բարձրարվեստ այն կերպարները, որոնց մարմնավորել է հայ ազգային մեծ դերասանուհի Հասմիկը:
Ամալյա (Շիլլեր՝ ‹‹Ավազակներ››), Վիտտիխեն (Հաուպտման՝ ‹‹Ջրասույզ զանգ››), Միրանդոլինա (Գոլդոնի՝ ‹‹Հյուրանոցի տիրուհին››), Իշխանուհի (Լ. Շանթ՝ ‹‹Հին աստվածներ››), Հուդիթ (Գուցկով՝ ‹‹Ուրիել Ակոստա››), Ուսիան (Դեմիրճյան՝ ‹‹Քաջ Նազար››), Նատաշա (Շիրվանզադե՝ ‹‹Մորգանի խնամին››), Վասիլիսա (Գորկի՝ ‹‹Հատակում››), Շուշան (Սունդուկյան՝ ‹‹Պեպո››), Մելանյա (Գորկի ‹‹Եգոր Բուլըչով և ուրիշներ››), Աննա (Գուլակյան՝ ‹‹Արշալույսին››), Վասա Ժելեզնովա (Գորկի՝ ‹‹Վասա Ժելեզնովա››):
Հայ դերասանուհիներից քչերն են ունեցել այնպիսի համաչափ, տեսական, բախտավոր, արտիստական կյանք, ինչպես Հասմիկը: