Արշակ Բուրջալյան. հայ թատերական արվեստի հիմնադիրներից մեկը
Արշակ Բուրջալյանը անգնահատելի ներդրում ունի ազգային թատրոնի սկզբունքների հաստատման գործում:
Ավարտելով Աստրախանի ռեալական ուսումնարանը, Արշակ Բուրջալյանը մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու: Այստեղ նա ընդունվում է Կ. Ստանիսլավսկու ղեկավարած ‹‹Արվեստի և գրականության ընկերությունը›› և երկու տարի (1896-1898) աշխատում այնտեղ: Ստանիսլավսկու հանձնարարականով Երիտասարդ Բուրջալյանն ընդունվում է ‹‹Չղջիկ›› թատրոնը, ինչը նրա համար դառնում է իսկական դպրոց: Այստեղ Արշակ Բուրջալյանը ռեժիսորական արվեստ է սովորում ոչ միայն Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի կամ ‹‹Չղջիկ››թատրոնի փորձերից, այլև Կորշի թատերամբի հետ, հյուրախաղերի է մեկնում Դոնի Ռոստով՝ իբրև դերասան, ռեժիսոր և խմբի ղեկավար: Ժամանակակիցների վկայությամբ Արշակ Բուրջալյանի խաղը ցնցել է հանդիսատեսին, ովքեր թատրոն են եկել հատկապես նրա խաղը դիտելու:
Արշակ Բուրջալյանը շուտով հրավիրվում է Թիֆլիսի Հայ դրամա և միաժամանակ ղեկավարում է ‹‹Հայաստան›› դրամատիկական սեկցիան:
Արդեն մեծ հռչակ վայելող ռեժիսորը հրավիրվում է Երևանի Առաջին պետթատրոն, ուր 1922-1924թթ իրականացնում է 25 բեմադրություն:
Այդ ժամանակաընթացքում նա հսկայական աշխատանք է կատարում դերասանական ուժերի դաստիարակման համար, բարելավում է նորաստեղծ թատրոնի բեմադրական արվեստը:
Արշակ Բուրջալյանի բեմադրած բոլոր բեմադրություններն էլ իրենց պատվավոր տեղն են գտել Առաջին պետական թատրոնի խաղացանկում, ամեն մի բեմադրության մեջ նկատելի է եղել նրա ստեղծագործական երևակայությունը, ռեժիսորը երբեք չի մնացել հեղինակի գաղափարի սառը մեկնաբանողի դերում, միշտ ձգտել է հարստացնել, ընդլայնել ու խորացնել կյանքն ու փոխադարձ հարաբերությունները նրանց, ում մասին պատմում էր բեմից:
Դերասանի հետ ստեղծագործական աշխատանքի հիմքում Բուրջալյանը դնում էր բեմական կերպարի վարքագծի հոգեբանական վերլուծության սկզբունքը: Նրանք, ում վիճակվել էր աշխատել Բուրջալյանի հետ, պատմում էին, թե որքան ուշադիր ու պահանջկոտ էր նա կերպարի հոգեբանության ըմբռնման հարցում:
Առաջին պետական թատրոնում Արշակ Բուրջալյանը իրականացրել է 17 բեմադրություն, որոնք աչքի են ընկել ոչ միայն բարձր վարպետությամբ, այլ, որ ամենից բնորոշն է, պիեսի նկատմամբ ինքնուրույն վերաբերմունքով:
Պատմական եղավ 1926-ին Բուրջալյանի բեմադրած Շեքսպիրի ‹‹Օթելլո››-ն, որը ռեժիսորը իրականացրեց հատուկ Հովհաննես Աբելյանի համար:
Հայ թատրոնի պատմության մեջ մեծ արժեք են ներկայացնում Արշակ Բուրջալյանի բեմադրություններից շատերը՝ Շեքսպիրի ‹‹Վենետիկի վաճառականը››, ‹‹Օթելլոն››, ‹‹Համլետը››, Մոլիերի ‹‹Երևակայական հիվանդը›› և ‹‹Սկապենի արկածները››, Գուցկովի ‹‹Ուրիել Ակոստան››, Գոգոլի ‹‹Ռևիզորը››, Լունաչարսկու ‹‹Ազատագրված Դոն կիխոտը››, Օ”Նեյլի ‹‹Աննա Քրիստին››, Լոպե դե Վեգայի ‹‹Պարտիզպանի շունը››, Դ. Դեմիրճյանի ‹‹Քաջ Նազարը››, Շիրվանզադեի ‹‹Մորգանի խնամին››, Մերեժկովսկու ‹‹Պավել Առաջինը››, Էրդմանի ‹‹Մանդատը››, Լևիտինայի ‹‹Դատավճիռը››, Յու. Յուրինի ‹‹Ակամա հերոսը›› և այլն:
Արշակ Բուրջալյանի կյանքը բարձր արվեստին, թատրոնին ծառայելու հիանալի օրինակ է:
Անգնահատելի է հատկապես Բուրջալյանի ծառայությունը հայ օպերային արվեստի ձևավորման ու զարգացման մեջ: Նա ինքնուրույն կերպով մշակեց օպերային ռեժիսուրայի խնդիրները, հայտնաբերելով օրինաչափություններ, որ կիրառվեցին նորաստեղծ օպերային թատրոնում: