Հայաստանի առաջին թատրոնի պատմությունը
Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով կոչվեց, 1922թ. հունվարին բացեց իր վարագույրը՝ Սունդուկյանի անմահ ‹‹Պեպոն›› հռչակելով ծնննդյան վկայագիր և ծրագրային արժեք:
Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը, առաջնորդվելով մասնավորաբար Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնավորած մեթոդատանությամբ և բնավ չհեռանալով ազգային թատրոնի առանձնատիպություներից, ստեղծեցին ժամանակի գեղագիտական հաստատումներին համահունչ մի թատրոն, ուր ավանդականն ու նորարականը միահյուսվեցին, ուր առաջին անգամ հայ թատերական իրականության մեջ ներդաշնակվեցին ռեժիսորական և դերասանական թատրոնները:
Ի վերջո, ստեղծվեց ծրագրային-խաղացանկային թատրոն, որն էլ բացահայտեց դերասանական ուժեղ անհատականություների ստեղծագործական կուտակումները, այստեղ ճանապարհ բացվեց Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Հրաչյա Ներսիսյանի, Օլգա Գուլազյանի, Հասմիկի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշ Վաղարշյանի, Թադևոս Սարյանի, Դավիթ Մալյանի, ազգային դերասանական դպրոցի մյուս երևելիների համար: Հավատարիմ հոգեբանական ռեալիզմի և բարձր պաթոսի թատրոնների սկզբունքներին, նրաք ստեղծեցին իրենց ժամանակների թատրոնը, պոռթկուն հայրենասիրության, ցայտուն հուզականության, մեծ կրքերի ու մեծ բախումների թատրոնը, ու հենց դա էր պատճառը, որ թատրոնի խաղացանկում զարմանալի ներդաշնակություն են կազմում Շեքսպիրն ու Բոմարշեն, Յուջին Օ’նիլն ու Շիլլերը, Սունդուկյանն ու Օստրովսկին, Պարոնյանն ու Մոլյերը: Թատրոնը հատկապես դասականներ բեմադրելիս դիմեց ժամանակի ամենատարբեր փորձարարություներին՝ այսպիսով աստիճանաբար հասնելով իր գեղարվեստական ընթացքի բյուրեղացումին:
1930-50-ական թվականներին Արմեն Գուլակյանն ու Արշակ Բուրջալյանը հիմք դրեցին ռեժիսորական նոր ավանդույթների ձևավորմանը՝ ճանապարհ հարթելով Վարդան Աճեմյանի համար: Գուլակյանի շնորհիվ հայ դասական թատերգությունը ճեռք բերեց մեկնաբանման նոր սկզբունքներ. ուրույն թափանցումներով ներկայացավ ռուս դրամատուրգիան, իսկ ‹‹Դիմակահանդեսն›› ու ‹‹Կենդանի դիակը›› հռչակվեցին ուղենիշային արժեքներ: Թատրոնի ստեղծագործական վերելքները պայմանավորվեցին Ա. Բուրջալյանի ‹‹Համլետով››, ուր հայացք հառվեց դեպի Գորդոն Կրեզի ընկալումները, Բ. Զախավայի ‹‹Եգոր Բալըշովը և ուրիշներով››...
Թատրոնն իր վրա կրեց ժամանակի բոլոր ազդեցությունները, երկրորդ աշխարհամարտի դժվարություններն առավ իր ուսերին՝ ստեղծելով բարձր պաթոսի և վառ հայրենսիրության ներկայացումներ, ապա նորից կանգնեց հոգեբանական ռեալիզմի դիրքերին ու արդիականության խնդիրների արծարծմանը:
Այս ամենը նպաստեց դերասանական նոր ու շքեղ սերնդի ձևավորմանը: Վարպետների թատրոնը նոր անուններ ի հայտ բերեց, ազգային բեմարվեստը հարստացավ Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Արուս Ասրյանի, Դավիթ Մալյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, էդգար էլբակյանի, Հովակ Գալոյանի, Լուսյա Հովհաննիսյանի, Արմեն Խոստիկյանի, մյուսների անուններով:
Նոր սերնդի համար ուրույն ոգևորություն էր Վահրամ Փափազյանի վերադարձը, որը նշանավորվեց Մեք-Գրեգորի (‹‹Իմ սիրտը լեռներում է››) խորապես ողբերգական կատարմամբ: Սունդուկյանի անվան թատրոնը ժամանակի անդրադարձը եղավ թե՛ գեղարվեստական, թե՛ գաղափարական-քաղաքական առաջնություններով: Ու դա պատմաշրջանի պահանջն էր: