Աշոտ Ղազարյան. մեր Ժամանակների հայկական էթնիկ հումորի հիմնադիրը

Նրա բեմադրությունները միշտ ավարտում են հանդիսատեսի հոտընկայս ծափահարություններով, ինչը նրա արվեստի գնահատման վառ ապացույցն է:
Սկսած 1980թ.-ից վայելում է աշխարհասփյուռ հայ թատերասերի համակրանքը: 
Ժողովրդական, ինչպես նաեւ ժամանակակից կատակերգության էթնիկ ձեւեըը ներկայացվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս գտնվող հայ հանդիսատեսի համար: Աշոտ Ղազարյանը նոր դարաշրջան բացեց իր սուր, ծիծաղաշարժ, յուրահատուկ մշակութային կատակերգություններով:
Նա ներկայացնում է Հայաստանի տարբեր շրջանների ապրելակերպը, սովորույթներն ու ավանդույթները` իր ներկայացումներով հայ հանդիսատեսի մոտ ձեռք բերելով մեծ հեղինակություն: Նրա յուրաքանչյուր ներկայացում արտացոլումն է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ավանդույթների եւ պարունակում է բազմաթիվ ուսուցողական տարրեր` զուգորդված խանդավառ ծիծաղով:

Աշոտ Ղազարյանի արվեստն ընկալելու համար բավական չէ միայն հայերեն լեզվի իմացությունը, անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի յուրաքանչյուր շրջանի` Ապարանի, Գյումրիի, Լոռու, Գավառի եւ այլ շրջանների մշակութային յուրահատուկ արժեքներին, քանի որ դրանցում առկա են բազմաբովանդակ տարրեր, ինչպիսիք են` պատմությունը, ավանդույթները, յուրահատուկ բարբառը եւ ոչ վերբալ հաղորդակցման ձեւերը:

Աշոտ Ղազարյանն իր ներկայացումներով մեծ ներդրում է ունեցել հայկական մշակութային արժեքների, յուրահատուկ ավանդույթների եւ սովորույթների տարածման եւ պահապանման գործում:

Չնայած ավելի քան չորս տասնամյակ նա իր ուրույն ձեռագիրն է թողել հայկական մշակութային էջերում, դեռ շարունակում է ստեղծագործել եւ զարմացնել ամբողջ աշխարհի հայ հանդիսատեսին իր հետաքրքրաշարժ ներկայացումներով, ինչպես նաեւ իր հայրենիքին արժանի զավակ եւ ընտանիքին նվիրված հայր լինելով: Դրա վառ ապացույցն են ստեղծագործական ակնառու նվաճումների համար շնորհված պետական բարձր պարգեւները. ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը, ՀՀ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Երեւանի քաղաքապետի կողմից շնորհված “Երեւանի պատվավոր քաղաքացի” եւ ԱՄՆ-ում` “Հումորի արքա” տիտղոսները:


Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի 
Bravo.am