Թորոս Ռոսլին. կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ
Թորոս Ռոսլինին են վերագրվում նաև երեք անստորագիր Ավետարանների՝ «Վասակ իշխանի Ավետարանի» (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. թիվ 32.18), «Հեթում Ա-ի Ավետարանի» (1266) պատառիկների և 1250 կամ 1251-ի Ավետարանի (բոլորը՝ Մատենադարան, ձեռ. թիվ 5458, 8321) մանրանկարները:
Հետևելով հայկական մանրանկարչական արվեստում ընդունված պատկերագրական նորմերին՝ Թորոս Ռոսլինը երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է պատկերագրման տեսակը կամ ընդունել բյուզանդական հորինվածքներ:
Մարգարեական գրությունների ոլորաթերթերը բռնած հինկտակարանային մարգարեներին տեղադրելով նորկտակարանային առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում՝ Թորոս Ռոսլինը ցույց է տվել Հին և Նոր կտակարանների դաշնությունը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված էին Հին կտակարանում: Ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է միաժամանակ XI դ. Անիի և XII դ. կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը:
Մանրանկարներում Թորոս Ռոսլինը վերածնել է վաղ քրիստոնեական արվեստից հայտնի բազմաթիվ թեմաներ («Երեք մանկունք կրակե հնոցում», «Ահեղ դատաստան», Հովնան մարգարեի պատմության դրվագները և այլն), վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը:
Թորոս Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և հարուստ: «Զեյթունի Ավետարանում» առկա առանձին զարդագրեր, ինչպես և մարդագիր «Ե»-ն նորություն էին հայ գրքարվեստում: Թորոս Ռոսլինը բացառիկ տեղ է գրավում միջնադարյան արվեստի մեջ՝ Արևելյան և Արևմտյան եկեղեցիների մանրանկարչ-գեղանկարչական դպրոցների ներկայացուցիչների շարքում: