Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան Գուրգեն Ջանիբեկյանը՝ բնիկ Երևանցի էր: ծնվել է 1897-ին:
Նրա ճակատագրում բախտորոշ է եղել մասնակցությունը Մկրտիչ և Սյուզան Գարագաշների կազմակերպած օպերետային խմբի ներկայացումներին, ուր հանդես է եկել ‹‹սիրահար-հերոս›› Ապլուայի դերերով և գեղեցիկ ու հնչեղ ձայնի ու արտիստական ակնհայտ տվյալների շնորհիվ, սիրվել հանդիսատեսի կողմից:
Գարագաշների միջնորդությամբ երիտասարդ Գուրգենը մասնակցում է Երևանում հյուրախաղերով հանդես եկած Զատիֆյան-Աբելյան թատերախմբի ներկայացումներին, ինչը և ճակատագրական եղավ ապագա նշանավոր դերասանի կյանքում: Ջանիբեկյանը խաղաց մի քանի դեր՝ Ռոզենկբայ (‹‹Համլետ››), Իշխան Դիմաքսյան (‹‹Վարդանանց պատերազմ››), Տիգիլինոս (‹‹Յո՞ երթաս››), Սմբատ (‹‹Նամուս››) և այլն:
Մի շարք դերեր խաղալուց հետո, Ջանիբեկյանը լայն ճանաչման հասավ հատկապես ‹‹Խաթաբալա›› կատակերգության հերոս Մասիսյանցի կերպարի հրաշալի մեկնաբանությամբ (1927թ. բեմադրիչ՝ Արմեն Գուլակյան) և կանգնեց Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Սուրեն Քոչարյանի կողքը:
Բեղմնավոր եղան 1930-1940-ական թվականները Գուրգեն Ջանիբեկյանի արտիստական գործունեության համար՝ Մակդուֆ (‹‹Մակբեթ››), Սոթլիկյան (‹‹Ցասում››), սակայն երևույթ եղավ նրա Ֆիգարոն (‹‹Խելահեղ օր կամ ֆիգարոյի ամուսնությունը››), որն արժանացավ համընդհանուր ճանաչման:
Սեյրան (‹‹Նամուս››), Արսեն (‹‹Արսեն››), Բարեղամ (‹‹Նապոլեոն Կորկոտյան››), Շահ Զեհիրի (‹‹Շահնամե››), Բագրատ (‹‹Պատվի համար››)՝ ինքնանվիրումով և վարպետությամբ կերտած կերպարներն էին սրանք, որ ճանապարհ պիտի հարթեին դեպի Օթելլո, Պրոտասով (‹‹Կենդանի դիակ››), ու հատկապես Գրիգոր աղա (‹‹Ժայռ››), որը և տաղանդավոր դերասանի արտիստական փառքի բարձրակետը դարձավ:
Բնավորություն կերտելու Ջանիբեկյանի արվեստը ուժեղ դրսևորումներ ունեցավ և հետագա տարներին՝ ընդլայնելով նրա ընդգրկման առանց այն էլ լայն սահմանները:
1950-ականների սկզբում Ջանիբեկյանն իր հանդիսատեսին պարգևեց չեխովյան նրբակերտ կերապր՝ Գանին (‹‹Բալենու այգի››) և Պրոտասովին (‹‹Կենդանի դիակ››):
Հետագա տարիներին էլ նա խաղաց դերեր, որ ցույց տվին անձնավորման տարբեր մորեցումներից մեկի առավելությունը մյուսի հանդեպ: Դրանցից մեկը Վասակի դերակատարումն է (‹‹Վարդանանք››), մյուսը՝ Ջեմս Բրոուդին (‹‹Բրոուդիի ամրոցը››):
Իր դերասանական երկարամյա կյանքում Գուրգեն Ջանիբեկայնը շատ է խաղացել և՛ հերոսական, և՛ բնութագրական դերեր, հրաշալի կերպարներ է ստեղծել հայկական ֆիլմերում, հանդես է եկել որպես ռեժիսոր: Նա կանգնած է եղել հայ թատրոնի ամենահզոր դերասանների կողքին: