Նոր հրատարակություն. Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)» երկը, որ նախապես հրատարակվել էր Փարիզում «Վեմ» ամսագրի 1933-1937 թթ. համարներում:
Գիրքը նվիրված է Հայոց Եկեղեցու ամենանշանավոր դեմքերից Ամենայն Հայոց Գևորգ Դ. Կոստանդնապոլսեցի Կաթողիկոսին (1866-1882 թթ.): Ժամանակի իրադարձություններին քաջատեղյակ և շատ հաճախ անմիջական մասնակից Վահրամ եպիսկոպոսը սույն ուսումնասիրությամբ ոչ միայն ներկայացնում է Գևորգ Դ. Կաթողիկոսի ստույգ կենսագրությունը, այլև տվյալ ժամանակաշրջանի Հայոց Եկեղեցու վավերական պատմությունը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին նվիրված այս հրատարակությունը աշխատասիրել և ծանոթագրել է Գևորգյան ճեմարանի դասախոս պ.գ.թ., դոցենտ Պետրոս Հ. Հովհաննիսյանը:
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Երեմիա Օշականցու մատենագրական վաստակը
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Գեղանկար
,
Գրարվեստ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Նկարչություն
.
8/26/2015 02:16:00 pm
Երեմիա Օշակացու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից դատելով՝ նա ձեռագրեր է ընդօրինակել ու ծաղկել դեռևս իր սարկավագության տարիներին: Օրինակ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (այսուհետ՝ ՄՄ) Հմր 10677՝ 1757 թվականից հետո Էջմիածնում գրված «Յակոբայ Շամախեցւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի հիշատակարանում նշվում է. «…նաեւ զիս՝ ըզ Երեմիաս զսարկաւագս հանճարապակասս, որ գրեցի եւ ծաղկեցի զայս …»:
Մատենադարանի մեկ այլ՝ դարձյալ Էջմիածնում 1760-1761 թթ. գրված Հմր 2646 «Մովսէս Կաղանկատուացի. Պատմութիւն Հայոց» ձեռագրի ծաղկողը ևս Երեմիա սարկավագն է. «Եւ ես խնդրեմ ի ձէնջ յիշել ի Քրիստոս զթարմատար եւ զբազմամեղ, զգանապարտական եւ զպատժապարտ, զպարսաւապատեհ ծառայս նորին եւ ձեր ամենեցուն զդպիրս Ղունկիանոս զտաժանմամբ գծօղս սորա եւ մանաւանդ զծաղկօղս սորին զԵրեմիաս սարկաւագս՝ զհարազատ պաշտօնեայս սոյն մեծի հայրապետիս…»: Վերոնշյալ հիշատակարանները վկայում են, որ դեռևս երիտասարդ հասակից Երեմիան ունեցել է նկարչական բարձր ճաշակ ու հմտորեն տիրապետել հիշյալ մասնագիտությանը:
Հայ մանրանկարիչների մատենագիտական ցանկում արվեստաբան Ա. Գևորգյանը հիշատակում է Երեմիա Օշականցուն, որը ստեղծագործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և Սիմեոն Երևանցու պատվերով ձեռագրեր նկարազարդել Էջմիածնում: Հայ մանրանկարչական արվեստն ըստ Ա. Գևորգյանի՝ շուրջ տասնչորս հարյուրամյակի (6-19-րդ դդ.) պատմություն ունի և «…իր ոճական առանձնայատկութիւնների, գեղարուեստական բարձր մակարդակի, ընդգրկած թեմաների եւ դրանք ստեղծող տաղանդաւոր նկարիչների շնորհիվ, այսօր համաշխարհային ճանաչման է արժանացել ու գիտական բազմաթիւ ուսումնասիրութիւնների նիւթ դարձել»:
Մաշտոցյան Մատենադարանում են պահվում Երեմիայի նկարազարդած երկու ձեռագիր «Մաշտոց ձեռնադրութեան» (ՄՄ Հմր 2891, 2892), որոնց գրիչը Եփրեմ վարդապետն է՝ հետագայում Եփրեմ Ա. Ձորագեղցի (1809-1830) կաթողիկոսը: Ըստ ՄՄ Հմր 2891 ձեռագրի գրչության ծավալուն հիշատակարանի՝ վերջինս ՙնոտարական արհեստին՚ տիրապետելու համար պարտական է Երեմիային. «…քանզի ի նմանէ ունիմ ուսեալ զգիրս, որ մեծաւ երկամբ եւ աշխատութեամբ ուսոյց ինձ զարհեստս նօտարութեան, որում Տէր լիցի վարձահատոյց»: Եփրեմ վարդապետը Երեմիային իբրև ուսուցիչ է բնորոշում նաև հիշատակարանի վերջում. «Յիշեսջիք և զծաղկօղ սորին և ուսուցիչն ինձ զարհեստս նօտարութեան զԵրեմիա արքեպիսկոպոսն վերոյ յիշեցեալ, հանդերձ ծնողօք իւրովք»:
Մատենադարանում պահվող ևս չորս ձեռագրի (ՄՄ Հմր 1056, 1817, 2646, 10677) գրիչ և ծաղկող Երեմիային Ա. Գևորգյանըպայմանականորեն նույնացնում է Երեմիա Օշականցու հետ, քանի որ Երեմիա գրիչը ևս գործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և ձեռագրեր ընդօրինակել Էջմիածնում:
Կարծում ենք՝ հիշյալ ձեռագրերի մանրանկարչության համադրությունն իսկապես հաստատում է Ա. Գևորգյանի տեսակետը.նպատակ չունենալով խորանալ արվեստաբանական հարցերի քննության մեջ, գտնում ենք, որ դրանք աչքի են ընկնում նկարազարդման մանրամասների՝ կիսախորանների, ճակատազարդերի, լուսանցազարդերի (բուսական, թռչնային, սափոր), վերջնազարդերի (ծաղկային), զարդագրերի (թռչնագիր, կենդանագիր) բազում ընդհանրություններով: Առանձնանշելի են հատկապես ՄՄ Հմր 2891 և ՄՄ Հմր 2892 ձեռագրերի գրադաշտի խորանակերպ զարդանկարներով սյունակները: Գունազարդման տեխնիկան ևս նմանօրինակ է. Երեմիա ծաղկողն առատորեն օգտագործում է ոսկի, գույներից գերակշռող են վառ կարմիրը, ծիրանին, կապույտը, կանաչը (նկ. 2-11):
Վերոնշյալ ձեռագրերի հիշատակարանները հաճախ բովանդակալից են. դրանցում մանրամասն տեղեկություններ են հաղորդվում գրչության շարժառիթների ու նպատակի, գունազարդման տեխնիկայի, ոսկու օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Հիշատակարաններում բազմիցս հանդիպում են Երեմիային ուղղված «գծող», «գրագիր», «նրբարուեստ նկարակերտ», «գեղեցկագիր նօտար», «գրիչ», «ծաղկող», «խորհրդական դպիր» և այլ նմանատիպ բնորոշումներ, որն ինչպես վերը նշեցինք, արտահայտված էր նաև տապանագրում: Օրինակ, վերոնշյալ ՄՄ Հմր 2891 ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Զոր տեսանելով շնորհընկալ եւ օրհնածին որդւոյ սոյնոյ տեառնս մերոյ սրբազնկատար վեհապետի տեառն Երեմիայի արքեպիսկոպոսի յՕշականցւոյ, քաջ քարտուղարի եւ գեղեցկագիր նօտարի Աստուածաէջ սրբոյ գահիս եւ նրբարուեստ նկարակերտի, շարժեցաւ եւ նա ի յիղձ բարի երփնազարդել զսոսա գեղեցկագոյն ծաղկօք եւ ձագագրօք, եւ յազնիւ եւ ի զանազան երանգոց, եւ ի մաքուր ոսկւոյ…»: Այս բավականին ուշագրավ հիշատակարանը փաստացի տեղեկություններ է հաղորդում Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած պաշտոնների ու նկարազարդման նյութերի վերաբերյալ: Նա հիշվում է ոչ միայն իբրև «քաջ քարտուղար» և «գեղեցկագիր նօտար», այլև «նրբարուեստ նկարակերտ», որը զանազան գեղեցիկ գունային երանգներով ու մաքուր ոսկով նկարազարդել-ծաղկել է ձեռագիրը: Ի դեպ, ուշագրավ է նաև Մայր տաճարի՝«Աստուածաէջ սրբոյ գահ» ձևով հիշատակումը:
1767-1768 թթ. Էջմիածնում գրված ՄՄ Հմր 2 «Պետրոս Աղամալեան-Բերդումեան. Աղբիւր բացեալ» ձեռագրի ստացողը նույն ինքը Երեմիա եպիսկոպոս Օշականցին է, իսկ գրիչը՝ Մայր Աթոռի նշանավոր նոտար Ղունկիանոս Աշտարակեցին. վերջինս և իր մայրը թաղված են Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում: Ձեռագրի Հայոց ՌՄԺԷ. (1768) թվակիր ծավալուն և բավականին խոսուն ստացողի հիշատակարանը, որ ըստ ամենայնի՝ Երեմիայի ինքնագիրն է, ամփոփում է տեղեկություններ նրա ծննդավայրի, ձեռագրի պատվիրման շարժառիթների, աշխատանքի, զբաղվածության և այլևայլ հարցերի վերաբերյալ: Նա հայտնում է, որ իր իղձն ու ցանկությունն էր ամբողջական ունենալ Ավետարանի առակների մեկնությունները, որի համար խնդրանքով դիմել է ժամանակի նշանավոր աստվածաբան, փիլիսոփա, Ս. Էջմիածնի միաբան Պետրոս եպիսկոպոս Նախիջևանցուն, որը և ընդառաջել է նրան: Սակայն, աշխատանքի ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել, որ Երեմիան անձամբ գրեր իր մատյանը, որի մասին հաղորդում է հետևյալը. «Զոր և յետ յաւարտ և ի կատարումն հասուցանելոյն, շնորհեաց ինձ՝ ամենանուաստ Երեմիա յոգնամեղ եպիսկոպոսիս, հաւատով և սիրով խնդրողիս և փափագողիս սոյնոյ աստուածային յորդառատ և զովացուցիչ աղբեր։ Եւ ես, ի նոյնոյ հեղինակէն, երկրորդաբար գրեցուցի զսա արդար վաստակօք իմովք այլոյ ումեմն եղբօր, վասնզի ես չունէի ժամ գրելոյ՝ վասն նօտարական և ծաղկարարականգործոյս իմոյ ծանրութեան և մշտաշխատութեան, որպէս զի որքան կենդանիս եմ՝ վայելիցեմ զսա և յետ մահուան իմոյ լիցի անջնջելի յիշատակ հոգւոյ իմոյ և ի վայելս տիրացու Զաքարիայ եղբօրորդւոյն իմոյ»: Հիշատակարանից պարզվում է, որ դյուրին չի եղել Երեմիա Օշականցու աշխատանքը, նոտարական ու ծաղկարարական գործն այնքան մեծ ժամանակ է պահանջել նրանից, որ չի կարողացել անգամ իր համար ցանկալի ու երկար սպասված գործն անձամբ գրել:
Գրիչ, ծաղկող Երեմիա օշականցին տպագիր աշխատություններում
Երեմիա Օշականցին իբրև արհեստավարժ ծաղկող քանիցս հիշատակվում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի և Գյուտ ավագ քահանա Աղանյանցի աշխատություններում: Վերջինս Երեմիային բնորոշում է իբրև «սիրուն գեղագիր», «ընտիր քարտուղար», «նրբարուեստ նկարող և ծաղկագրող». «Այս Երեմիան մի շատ սիրուն գեղագիր էր, ընտիր քարտուղար, նրբարուեստ նկարող և ծաղկագրող զանազան գոյներով և մաքուր ոսկով»: Ս. Էջմիածնի նվիրակության թեմերի ցանկը ներկայացնելիս, Գյուտ Աղանյանցըհիշատակում է կազմողին՝ նոտար Երեմիա Օշականցուն, որը «Սիմէոն կաթուղիկոսի նախապատիւ սպասաւոր, Մկրտիչ արքեպիսկոպոսի սանիկն էր և վերջը հասաւ արքեպիսկոպոսութեան աստիճանին»: Վերջին տեղեկությունը կարևորվում է այնքանով, որքանով որ պարզում է Երեմիայի՝ Սիմեոն կաթողիկոսի սպասավորներից Մկրտչի սանիկը լինելու հանգամանքը: Նշենք, որ Մկրտիչը վախճանվել է 1789 թ. հուլիսի 8-ին և թաղված է Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում: Օրորոցաձև տապանաքարի հնգատող վիմագրում նա դարձյալ հիշվում է իբրև Սիմեոն վեհի մեծ պաշտոնյա: Ս. Հռիփսիմե վանքի հյուսիսարևմտյան հին պարիսպն իր բուրգերով ու կամարակապ դարպասով կառուցվել է վերջինիս միջոցներով` 1776 թ., որի մասին է վկայում դարպասի արևելահայաց որմին ագուցված քարի շինարարական արձանագրությունը. «…շինեցաւ արտաքին պարիսպ Ս⌊ր⌋բ⌊ո⌋յ վանիցս, հանդերձ երկու բրքովքն, եւ կամարակապ դրամբս՝ արդեամբք Տ⌊եառ⌋ն Սիմէօնի ս⌊ր⌋բ⌊ա⌋զ⌊ա⌋ն կ⌊ա⌋թ⌊ո⌋ղ⌊ի⌋կ⌊ո⌋սի սպասաւոր Մկրտիչ եպ⌊ի⌋ս⌊կոպոս⌋ին…»:
Երեմիա Օշականցու կազմած «Ս. Էջմիածնի նուիրակութեանց թէմերը» մատյանի վերջում առկա է ծավալուն հիշատակարան, որը հրատարակել է Գ. Աղանյանցը: Ըստ հիշատակարանի՝ Սիմեոն կաթողիկոսի բաղձանքն էր կազմել մատյաններ ու ցուցակներ, որոնցում պետք է արձանագրվեին. «…թեմք և վիճակք սրբոյ Աթոռոյս. թէ որք նուիրակացն սորին էին շրջագայելիք և թէ որք առաջնորդացն ի Հայրապետաց սորին կարգելոց հովուելիք»: Հայրապետի՝ միանգամայն մեծ կարևորություն ունեցող նախաձեռնությունն իրականացվում է Երեմիա նոտարի ձեռքով: Ավելորդ չենք համարում այստեղ ևս մի հատված մեջբերել հիշատակարանից. «Ես՝ նուաստագունեղ ծառայս նորին և ձերումդ ազնուութեան Երեմիա աբեղայս՝ նօտարս սրբոյ գահիս, հաւաստի տեղեկութեամբ, անթերութեամբ և ուղիղ դասութեամբ ժողովեցի ի մի վայր զընդհանուր թեմս և զվիճակս սրբոյ Աթոռոյս. զքաղաքս, զղասապայս, և զգլխաւոր գիւղօրայս նոցին յիւրաքանչիւրումն դասու: Զի ես յիմում ժամանակի և յետագայքն իմ յիւրաքանչիւր դարս անաշխատ գտցուք և գրեսցուք: …Ուստի և տեառն իմոյ սրբազանի կատարեցան բարի կամք, որ ի վաղուց կամէր այսմ այսպէս լինել… Գրեցաւ ի ՌՄԺԴ. (1765), յունիսի ԺԸ. (18)»: Այսինքն, հիշյալ թվականից սկսած և հետագա տարիներին ևս պետք է շարունակաբար լրացվեին, կազմվեին ու ամբողջացվեին Մայր Աթոռի վերոնշյալ ցուցակներն ու գրանցման մատյանները:
Սիմեոն կաթողիկոսի՝ հիշյալ նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրագործումը Երեմիա նոտարին վստահելու առնչությամբ տեղեկություններ է հաղորդում նաև Մ. Օրմանյանը: Ըստ նրա՝ Սիմեոն Երևանցու ձեռնարկումները. «…կը ծառայեն թէ գործունէութեանց կանոնաւորութիւն տալու, եւ թէ եղելութեանց նպատակն ու յիշատակը պահպանելու»: Նա նաև շեշտում է, որ վեհափառ հայրապետը. «…նուիրակութեանց մասին տեղեկութիւններ հաւաքելու գործը յանձնեց Երեմիա նոտարին, որ նշանակէ իւրաքանչիւր թեմին նուիրակը, անոր արդիւնաւորութիւնը եւ զանազան խնդիրները»: Այսօրինակ վկայությունները փաստում են Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բարձր դիրքը, կաթողիկոսից վստահություն, հարգանք ու սեր վայելելը, ինչպես նաև իր գործում հմուտ, գիտակ ու աշխատասեր լինելը:
Երեմիա Օշականցին քանիցս հիշատակվում է նաև ձեռնադրությունների ցուցակներում: Այս առումով կարևորվում է հատկապես ՄՄ Հմր2 «Աղբիւր բացեալ» ձեռագրի վերոնշյալ հիշատակարանի վերջնամասը, ուր թվագրմանը զուգահեռ նշվում է. «Արդ գրեցաւ աստուածային բուրաստանս ի թուականիս մերում ՌՄԺԷ. (1768), ի վեցերորդում ամի հայրապետութեան վեհափառ տեառն մերոյ Սիմէօն սրբազան կաթուղիկոսին, յորմէ ընկալեալ եմ զերիս հոգևոր շնորհս, այսինքն՝ զքահանայութիւն, զվարդապետութիւն և զեպիսկոպոսութիւն…»: Հիշատակարանում հեղինակը, այսինքն՝ Երեմիա Օշականցին, հստակ մատնանշում է, որ իր երեք հոգևոր աստիճանները, որ են՝ քահանայություն, վարդապետություն և եպիսկոպոսություն, ստացել է Սիմեոն Երևանցի սրբազան հայրապետից:
Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ձեռնադրությունների ցուցակում պահպանված մի ուշագրավ վկայության համաձայն՝ 1767 թ. Մայր Աթոռի միաբաններից մի քանիսի հետ եպիսկոպոսության աստիճան է շնորհվել նաև գրագիր Երեմիա Օշականցուն. «Ի ՌՄԺԶ. (1767) թուոջս. մետասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զԵղվարդեցի լուսարար Գրիգոր վարդ., զԿարբեցի Սարգիս վարդ., զԱռնճեցի Յօսէփ վարդ., զՅօշականցի գրագիր Երեմիայ վարդ. … ի փետրվարի ԺԱ. (11)»: Հիշատակություններից մեկն էլ, որ ըստ էության՝ նույնանում է նախորդի հետ, կապված է Հնդկաց երկրի նվիրակ Հովհաննես վարդապետի փոխարեն նույն պաշտոնում նշանակված Սիմեոն կաթողիկոսի սպասավոր Հովսեփ վարդապետի հետ: Քանի որ վերջինս եպիսկոպոս չէր, ուստի կաթողիկոսը «…ի ԺԱ. (11) աւուր փետրվ[ար] ամսոյն և ի բարեկենդանի միջի կիւրակէին, որ զկնի տօնի սրբոյ Հայրապետին Իսահակայ, ձեռնադրեաց զնա եպիսկոպոս: Ընդ որում ձեռնադրեաց ևս ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս զԵղվարդեցի Գրիգոր (որ էր լուսարար սրբոյ գահիս). զԿարբեցի Սարգիս և զժամասած Ստեփաննոս և զՅօշականցի Երեմիա վարդապետսն, որ գրագիր էր սրբոյ Աթոռոյս»:
Գրագիր, ծաղկող Երեմիա Օշականցին և վերոհիշյալ Ղունկիանոս գրիչն ըստ ամենայնի՝ հիշատակվում են նաև Հակոբ Շամախեցու (Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1759-1763) «Գիրք աղօթից, որ կոչի հաց նեղելոց» տպագիր աշխատության «Աղերս յիշատակի գծագրողացն գրքոյս» բաժնում: Հիշման ու աղերսի տողերն այսպես են եզրափակվում. «Այլ և աղաչեմք յիշել վերջաբար. զերկոսին եղբարս՝ զնօտարս անկատար: ըզԵրեմիաս և զՂունկիանոսս. զնախագըրիչս տառիս փըրկարար: Զի զմեզ յիշելով և դուք յիշիջիք. յամենատեառնէն և զվարձս ընկալջիք… Իսկ թիւըն մեր յոր այսք աւարտեցան. հազար երկերիւր և մի եօթնական (1758)…»: Ըստ էության՝ տպագիր աշխատության համար հիմք հանդիսացող ձեռագիրը Երեմիայի ու Ղունկիանոսի գրչին է պատկանել: Կարծում ենք՝ խոսքը Էջմիածնում գրված վերոնշյալ ՄՄ Հմր 10677 «Յակոբայ Շամախեցւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի մասին է (չնայած նրան, որ Ա. Գևորգյանը ձեռագրի գրիչ և ծաղկող հիշատակում է միայն Երեմիային):
Ամփոփելով վերոշարադրածը՝ պետք է արձանագրել, որ 18-րդ դարի երկրորդ կեսին իր բեղուն գործունեությամբ ու բնատուր տաղանդով աչքի ընկած գրագիր, ծաղկող Երեմիա արքեպիսկոպոս Օշականցին Մայր Աթոռի միաբանության՝ տվյալ ժամանակի արդյունաշատ հոգևոր գործիչներից էր, որի ստեղծագործական ուղին նշանավորվեց ու լավագույնս դրսևորվեց հատկապես մատենագրության մեջ: Նա վախճանվել է 1781 թ. հունիսի 23-ին: Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում գտնվող օրորոցաձև տապանաքարի արձանագրությունը պարզապես լրացնում ու վավերացնում է նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ ցայսօր հայտնի փաստագրերը:
Subscribe to:
Posts
(
Atom
)