Արուս Ասրյան
Ծնվել է Թիֆլիսում և բեմ է բարձրացել 1919-ին, ժամանակի նշանավոր ռեժիսոր Հ. Ոսկանյանի թատերախմբի հետ: 1924-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայ դրամա, իսկ 1929-ից դարձել է Հայաստանի երկրորդ պետական թատրոնի (Գյումրի) առաջատար դերասանուհին:
Արուս Ասրյանի ստեղծագործական կյանքում մեծ դեր է խաղացել Վարդան Աճեմյանը՝ նրա կյանքի ընկերն ու ուսուցիչը:
Արուսի արվեստի սկզբունքները շատ կողմերով, զարմանալիորեն առնչված էին Աճեմյանի գեղարվեստական ըմբռնումների հետ և բնականաբար մեծն դերասանապետը նրան պիտի բերեր Սունդուկյանի անվան թատրոն:
Ու 1940-ին Մայր թատրոնի դերասանական աստղաբույլը պիտի համալրվեր ևս մի տաղանդավոր անունով: Արուս Ասրյանի արվեստին բնորոշ են եղել ցայտուն ռիթմի ու շեշտված դերապատկերի նախասիրությունը, ճկուն խաղը:
Ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ է անցել անվանի դերասանուհին:
Վաթսունհինգ տարի, ծիծաղ, արցունք, դեռահաս աղջիկներ, տարեց կանայք, սուբրետներ, հերոսուհիներ: Մարմնավորելով հայ ռեալիստական թատրոնի լավագույն ավանդները,Արուսը միաժամանակ յուրացրել է այն նորն ու թարմը, ինչի շնորհիվ նրա արվեստը ինքնատիպ էր ու ժամանակակից:
Նրա խաղացած լավագույն դերերից են՝ Քսենյան (Լավրենյովի ‹‹Բեկում››), Նաստյան (Գորկի ‹‹Հատակում››), Շողակաթը (Պարոնյան ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Միրանդոլինա (Գոլդոնի ‹‹Հյուրանոցի տիրուհին››)՝ դեռևս Գյումրու թատրոնում, իսկ Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծած վառ կատակերգական՝ Դիանան (Լոպե դե Վեգա ‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Անույշը (Պարոնյանի ‹‹Պաղտասր աղբար››), Նուբարը (Ա. Պարոնյան ‹‹Աշախարհն, այո, շուռ է եկել››) և դրամատիկական՝ Տատիկը (Սարոյան ‹‹Իմ սիրտը լեռներում է››), Մարգրետը (Կրոնին ‹‹Բրոուդիի ամրոցը››), Մարեն (Զ. Դարյանի ‹‹Հանրապետության նախագահը››)՝ Սունդուկյանի անվան թատրոնում, ոչ միայն դերասանուհու, այլև հայ թատրոնի նվաճումները դարձան: Գնահատելին այն է, որ դերասանուհին արվեստի բարձունքին հասել է առանց ավելորդ սեթևեթանքի, իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ: Արուս Ասրյանի արվեստի մատչելիությունն ու պարզությունը անպայման եկել են միշտ ժողովրդին մոտ լինելուց, նրան ծառայելու անկեղծ ու անխառն ցանկությունից:
Իրավամբ տաղանդավոր դերասանուհին միշտ եղել է վառ, գունեղ, ճկուն կերպարի ջատագով: Նրա ստեղծած կերպարների արտաքին նկարագիրը մնացել է մարդկանց հիշողության մեջ և նրա ինտոնացիոն այս կամ այն երանգը մինչև այսօր կարելի է ճշգրտորեն վերարտադրել: Ժողովրդական արտիստուհի, մեծահամբավ Արուս Ասրյանի արվեստը շատ ուսանելի կողմեր ունի: Նա ընդօրինակման է արժանի նաև իր նվիրվածությամբ թատրոնին և ստեղծագործական բարձր կարգապահությամբ: