Դուդուկ կամ ծիրանի փող
Դուդուկը
սոսկ
նվագարան
չէ,
դուդուկը
հոգի
է
ու
զգացմունք…
դուդուկը
մարդկային
տրամադրությունների
հավաքական
մի
սիմֆոնիա
է,
գալիս
է
տրամադրության
մեղեդայնության
ելևէջներից:
Արամ Խաչատրյան
Դուդուկն
ունի
իր
ներքին
էությունը:
Այսօր
այն
խորախորհուրդ
բացվում
է
աշխարհին`
որպես
մեր
ազգի
կանչ,
մեր
ժողովրդի
ոգի:
Այդ
փոքրիկ,
փոքրիկ
նվագարանը
մեծագործության
հրաշքներ
է
անում:
Էդվարդ
Միրզոյան
Ասում են, թե դուդուկը հայտնի է եղել դեռ Չինաստանում, մյուսները, թե Պարսկաստանում, կամ Հռոմում, սակայն դուտուկ գործիքը` պատրաստվում է ծիրանենուց, որը հենց բնության մեջ հանդես է գալիս Հայկական լեռնաշխարհում:
Դուդուկը պատրաստում են ծիրանենոց, սակայն այն վայրերում, որտեղ ծիրանենի չի աճում` փորձել են պատրաստել տանձենուց, սալորենուց, խնձորենուց, սակայն լավագույն հնչողությունը ապահովվում է միմիայն ծիրանենին, լատիներեն`«ֆրուկտուս արմենիկա»:
Հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացին, այս գործիքը անվանում էր Ծիրանափող՝ ծիրանենու հոգի:
Հայկական դուդուկի ձայնի մեջ սեղմված են հազարամյակների կրքերը և մտքերը: Ոչ այն մտքով, որ այս փողային գործիքը իր լսողին է ներկայացնում, մինչև անհնարությունը սեղմած, անցած դարերի զգացողությունները երաժշտական տուփերի միջոցով:
Այս գործիքի արտաբերած մեղեդիներում լսվում են քաջ հռոմեական լեգիոների խրախճանքի ձայները, պարթևյան իմաստունի տերողորմյաի չրխկոցը, հայի տագնապալի սպասումը... սթափ մտքի սառը շիթը և սիրուց արբած սրտի զառանցանքը:
Ժողովրդական փողային նվագարանների ընտանիքում դուդուկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Եթե դուդուկը դիտենք սոսկ որպես նվագարան, ապա դրան հոգի ու զգացմունք հաղորդողը գործիքին տիրապետող վարպետն է` կատարողը կամ նվագածուն և կատարման վարպետությունն է, որ ունկնդրին հիացնում ու զմայլում է դուդուկի թավշյա տեմբրով, ջերմությամբ, զգացմունքների արտահայտման քնքշությամբ: Դուդուկի իրական «հայրենիքը» վարպետ կատարողի զգայուն մատների տակ է և, անշուշտ, նրա սրտի խորքում:
Դուդուկի և դուդուկանման գործիքների տարածվածության աշխարհագրական տարածքը մեծ է և ըստ գիտնականների` այն ունի հազարամյակների հնություն: Էթնոերաժշտագետ Հ. Պիկիչյանը դուդուկի ծագման խնդիրը դիտարկում է այն տեսանկյունով, որ ծագումնաբանությունից պակաս կարևոր չէ որևէ ժողովրդի ներդրումը տվյալ նվագարանի զարգացման ու կատարելագործման ասպարեզում: Շատ կարևոր է, թե ինչ տարածքային շառավիղ է ընդգրկում նվագարանը հիշյալ երկրի ներսում, կամ կենցաղավարման ինչ մակարդակներով է սերտաճել տվյալ ժողովրդի առօրյա և տոնա-ծիսական կյանքին: Այս տեսանկյունից, դուդուկն, իրոք, կարելի է անվանել հայկական նվագարան:
Իր նուրբ ու երգային տեմբրով դուդուկը հայտնի է որպես մենակատար, նվագակցող և անսամբլային նվագարան: Թերևս, դուդուկը հայ մենակատարողի ձեռքին է լավագույնս խոսում ու երգում հայերեն, նույնիսկ` անկախ կատարողի ծննդավայրից (նկատի ունենք` Հայաստան աշխարհից դուրս): Իսկ հայրենի հողի վրա հայ վարպետ դուդուկահարներն իրենց պրոֆեսիոնալիզմով բարձրացրել են նվագարանի գեղարվեսական արժեքն ու ստեղծել կայուն ավանդույթներ: Ավելին, հայկական դուդուկը համաշխարհային բեմ է բարձրացել և համահայկական խորհրդանիշից վերածվել համամարդկայինի:
Ավագ սերնդի վարպետները, թեև սնված միևնույն աղբյուրից, այն է` հայ ժողովրդական երգաստեղծության բազմաշերտ ակունքներից, այնուամենայնիվ ստեղծեցին իրենց ներքնաշխարհին ու տեղանքին բնորոշ երաժշտաարտահայտչական ուրույն ելևէջներ ու ռիթմեր, հիմք դնելով հարազատ, բայց և իրարից տարբեր դուդուկի հայկական կատարողական դպրոցների կամ ուղղությունների և ունեցան բազմաթիվ հետնորդներ: Այնուամենայնիվ, բոլորը միասին ներկայացնում են դուդուկի համահայկական ազգային դպրոց, որն իր պրոֆեսիոնալիզմով բավական բարձր է դուդուկն օգտագործող այլ ազգերի մշակութային մակարդակից: Ասվածի ապացույցն է այն, որ հայկական դուդուկը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից և հնչում է աշխարհով մեկ:
Հայ վարպետ դուդուկահարներ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Արա Բախտիկյանը, Վարազդատ Հովհաննիսյանը և ուրիշներ, դարձել են համաշխարհային երաժշտական նախագծերի մշտական կատարողներ: Նրանց կատարումները հնչում են միջազգային բեմերից, եթերից, կինոֆիլմերի երաժշտության մեջ, փառատոներում, սփյուռքահայ համայնքների կողմից կազմակերպված միջոցառումներին և այլուր:
Դուդուկի ընտանիքի նվագարանների տարածման արեալը խիստ ընդգրկուն է. Ասորեստան, Փռյուգիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Արաբական աշխարհ, Միջին Ասիայի ու Կովկասի երկրներ և այլն: 21-րդ դարում դրանց ցանկն ավելի ու ավելի է ընդարձակվում: Հայ ժողովուրդը նվագարանին տարբեր անվանումներ է տվել` դուդուկ, փող, գլանափող, նայ, նեյ, ղավալ, ծիրանափող: Այն պատկանում է մունդշտուկավոր, երկլեզվակ, փայտե փողայինների շարքին` գլանաձև հոբոյների ընտանիքին: Դուդուկի նախատիպերը հայտնաբերվել են եգիպտական դամբարաններում և ըստ գիտնականների` շուրջ 4000 տարվա վաղեմություն ունեն:
Նվագարանը բաղկացած է իրանից և կրկնակի լեզվակավոր մունդշտուկից: Իրանը գլանաձև բաց փող է, որը Հայաստանում առավելապես ծիրանենու փայտից է պատրաստվում: Ավանդույթի համաձայն, ցանկալի հնչողություն ապահովելու նպատակով, դուդուկի փողը պատրաստում էին յոթ տարի չորացրած ծիրանենու փայտից: Հայկական կենցաղում հանդիպում են վայրի տանձենուց պատրաստված փողեր ևս: Իրանի գլխիկի ուռուցիկ մասում ամրացվում է եղեգնյա մունդշտուկը, որի լարվածքը կարգավորելու նպատակով միջին մասում խաղողի որթի «մատների» ճկվող մասից պատրաստված ձվածիր օղակ է հագցվում: Փողի երեսին բացվում է յոթ կամ ութ ձայնավերարտադրման անցք, իսկ հակառակ կողմում` մեկը (1-ին և 2-րդ ձայնանցքերի միջին դիրքի ուղղությամբ): Ձայնանցքերի դասավորությունը հավասարաչափ է կամ` խմբերով: Հնչյունաշարը դիատոնիկ է: Ձայնանցքերը կիսով չափ բացել-փակելու շնորհիվ վարպետ կատարողները կարող են հնչեցնել նաև խրոմատիկ հնչյունաշար: Ձայնաշարը` փոքր օկտավայի a – f 2: Թեև դուդուկն օբերտոններ չունի, այնուամենայնիվ, վարպետ երաժիշտներն ապլիկատուրային հնարքների շնորհիվ, կարողանում են վերին ռեգիստրում երկու հավելյալ ձայն ևս ստանալ: Տարածված են դուդուկի մեծ (40,5սմ X 1,6 սմ), միջին (33,5 սմ X 1սմ) և փոքր (25,5սմ X 0,6սմ) տեսակները: Նվագարանն ունի փափուկ, թավշյա տեմբր և լայն տեխնիկական հնարավորություներ, որոնք թույլ են տալիս բազմաբնույթ երկացանկ ունենալ` բարդ, հանպատրաստից հորինվող (հանկարծաբանություն, իմպրովիզացիա) ստեղծագործություններից (ինչպիսիք են լայնաշունչ ու ծավալուն մուղամները) մինչև թախծոտ մեղեդիներ և ուրախ պարեր:
Դժվար է հայկական միջավայրում գտնել որևէ ավանդական բնակավայր, որտեղ դուդուկահարների գոնե մեկ խումբ չլինի: Դուդուկն անսամբլային նվագարան է. ավանդական անսամբլը կազմվում է 2 դուդուկից, առաջինը մայր եղանակն է նվագում բերանի շնչառությամբ, իսկ երկրորդը նվագակցում է` դամքաշ` շղթայական կամ քթի շնչառությամբ: Մեղեդու ռիթմիկ պատկերն ընդգծելու համար խումբը համալրվում է ավանդական հարկանային (հարվածային) նվագարաններով` դափ, դհոլ: Քաղաքային մշակույթում, հատկապես 20-21-րդ դդ., ավանդականին զուգահեռ, հանդիպում են նաև 3 կամ 4 դուդուկից և հարկանային նվագարանից կազմված նվագախմբեր: Սազանդարների խմբերում դուդուկին հաճախ ընկերակցել են լարային նվագարանները` քամանչան, քեմանին, ջութակը, թառը, երբեմն նաև` սազը: