Մուշը և Մուշի հայերը

Մուշ քաղաքը գտնվում է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի (Բաղեշ-Ակունքի խմբ.)վիլայեթի Մուշ սանջակում (գավառում-Ակունքի խմբ.) և հանդիսանում է Մուշ սանջաքի և կազայի (գավառակի-Ակունքի խմբ.) կենտրոնը: Մուշը եղել է նաև առաջնորդանիստքաղաք: Հիշատակվել է նաև որպես ամրոց, բնակավայր և գյուղաքաղաք: Մուշ անունը մեկնաբանվում է տարբեր կերպ. ոմանք այն կապում են հայկական ցեղերի և նրանց բնակավայրի հետ (Մուշունի, Մուշք և այլն), իսկ ոմանք էլ` հայերեն մշուշ բառի հետ, քանի որ առավոտյան ողջ Մշո դաշտը պատվում է մշուշով:

Քաղաքը գտնվում է Մեղրագետ գետի ձախ վտակի` Մուշի ափին: Հարավային հատվածում վեր են խոյանում Հայկական Տավրոս լեռնաշղթայի Սասունի լեռները` Ծիրկատար և Կորդուխ գագաթները: Այս լեռների զառիթափ լանջերին ամֆիթատրոնի նման 1-2 հարկանի հողե, գրավիչ և տարրական հարմարություններից զուրկ զուրկ` հարթ կտուրով տներ են շարված: 

Քաղաքը Մուշ գետով բաժանվում է երկու հատվածի: Այս գետի ջուրը երբեմն 10-12 ջրաղաց էր աշխատեցնում. ջրում էին քաղաքի և շրջակայքի այգիներն ու բոստանները: 

Մինչ 1915 թ. Մուշում 12 մեծ ու փոքր թաղամաս կար. Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ, Քուրդենց թաղ, Ձորի թաղ, Սուրբ Մարինեի թաղ, Մինարա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա, Ջերին թաղ, Քըլոթան: Քաղաքի կենտրոնում 19-րդ դարի վերջերին եղել է 500 հայի պատկանող շուկա, որտեղ եղել է մոտ 800 մանր-մունր կրպակ, խանութ և արհեստանոց: Շուկան շատ թե քիչ կարգավորված նախագիծ չուներ. կազմված էր անկանոն շարված խանութներից ու կրպակներից: Քաղաքի ծուռ ու մուռ, նեղ և անհարմար փողոցների շուրջ կառուցված տները բակ և ցանկապատ ունեին: Այդ իսկ պատճառով էլ փողոցներում լվացք անելու, ճաշ եփելու և երեխա լողացնելու տեսարանները սովորական էին: 

1909 թ. քաղաքում բնակվում էր 9000 հայ, մնացած բնակիչները քրդերի և թուրքերի գլխավորությամբ կազմում էին 25 000: Հայերը բացի ծխախոտագործությունից և այգեգործությունից զբաղվում էին նաև առևտրով և արհեստներով: Ամենատարածված արհեստներից էին բրուտագործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունն ու գորգագործությունը: Մուշի արհեստավորների արտադրանքը` մրգերը, գինին, ծխախոտն ու մյուս գյուղատնտեսական արտադրանքը, մրցունակ էին նաև հարևան շրջաններում:

Քաղաքի քիչ թե շատ աչքի զարնող կառույցներն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատունն ու սանջակի թուրք ղեկավարի անճաշակ և տգեղ առանձնատունը, երկու մզկիթը (սրանցից մեկը նախկինում հայկական եկեղեցի է եղել) և հայերի Սուրբ Ավետարանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կիրակոս, Սուրբ Հարություն, Սուրբ Մարինե, Սուրբ Սարգիս, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Փրկիչ եկեղեցիները: Սրանց մեծ մասը մինչև 1915 թ. կանգուն էր և ծառայում էր իր նպատակին: Այս եկեղեցիներից ամենաշքեղն ու գեղեցիկը Սուրբ Մարինե եկեղեցին էր, իսկ ամենահինը` Սուրբ Փրկիչը, որը հիշատակվում է 851-852 դեպքերի առնչությամբ: Քաղաքի արևելյան հատվածում` գագաթի վրա է գտնվում Մշո բերդը: Բերդի մոտակայքում է գտնվում Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ Սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակերտ շենքը, որը 1850 թ. կառուցել է տվել մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը:

Կաթոլիկ հայերի առաջնորդանիստն ու Մուրատ Մխիթարյան դպրոցը գտնվում էր Սուրբ Մարինե թաղամասում: նույն թաղամասում էին գտնվում հայ բողոքական համայնքի սրբատեղին և դպրոցը: Հայերի հոգևոր առաջնորդանիստը կառուցվել է գետի ափին:

Քաղաքի 3000 զինվորական ջոկատն ու զինանոցը տեղակայված էր Դուզ թաղամասում և բերդում: Մուշի կրթական ու մշակութային կյանքում մեծ դեր էին կատարում 5 թաղական և մեկ օրիորդաց դպրոցները, Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի և Պոլսո պատրիարքարանի ջանքերով իր գործունեությունը շարունակող երկու որբանոցը: 1899 թ. դպրոցների աշակերտների թիվը հասնում էր 750-ի: 1863-65 թթ. Մուշում Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ լույս էր տեսնում «Լրատար Արծուիկ Տարօնոյ» թերթը: 

Մշեցի հայերը քաջ, անվախ, ազգային ավանդույթները սրբությամբ պահպանող, հայրենասեր, գիտության և արվեստի ասպարեզում շնորհալի մարդիկ էին: Այս առումով անմիջապես կարելի է հիշել գրող, լրագրող և վարժապետ Գ. Ս. Անդրեասյանին (1869–1906), հայ երաժշտության անզուգագան կատարող, «Տարոնի սոխակ» Արմենակ Շահմուրադյանին (1878–1939), գրող Մխիթար Աբրոյանին (1880–1915), գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ա. Մալաթյանին (1898–1977) և ուրիշների:

Քանի որ Արևմտյան Հայաստանի հայերը սոցիալ-տնտեսական և իրավական տեսանկյունից ծանր պայմաններում էին ապրում, 19-րդ դարի վերջերին Մուշից բազմաթիվ հայեր բռնում են օտարության ճամփան դեպի Ստամբուլ, Ռուսաստան և այլ երկրներ: Իսկ մեծ մասը նախընտրում էր գաղթել ընտանիքով: 1887 թ. միայն մեկ ամսվա ընթացքում Մուշը լքած հայերի թիվը կազմել է 600 մարդ: Միևնույն ժամանակ ողջ սանջակը լքած հայերի թիվը կազմել է 15000 մարդ:

Մուշի հայերի զանգվածային կոտորածը սկսվել է 1915 թ. հուլիսի 10-ին: Քաղաքի և շրջակայքի հայերի մեծ մասը սպանվել է, իսկ նրանք, ովքեր կարողացել են ողջ մնալ, բազմաթիվ տանջանքներ կրելով մազապուրծ փախել են տարբեր երկրներ: 1917-18 և 1927 թթ. մշեցի գաղթականների մի մասը բնակեցվել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Հոկտեմբերյանի շրջանի Գետաշեն և Հոկտեմբերյան, Արագածի շրջանի Հնաբերդ և այլ գյուղերում:

Մուշում և շրջակայքում պահպանված հին կոթողները փաստում են, որ այս շրջանը Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակավայրերից մեկն է եղել: Այս շրջանում գտնվել են կիկլոպյան ամրոցների ավերակներ, Վանի հայկական թագավորության Մենուա Առաջին (ՔԱ 810–786) թագավորի արձանագրությունները և այլն: Քաղաքի արևելյան հատվածում գտնվող Մշո ամրոցը, որը շրջապատված է պարիսպներով և աշտարակներով, հաճախ է հանդիպվում 5-10-րդ դարերի աղբյուրներում: Ավանդազրույցի համաձայն` ամրոցը կառուցել է տվել Գայլ Վահան Մամիկոնյանը:

Քաղաքի արևմտյան հատվածում գտնվում են Մուշեղաբերդ, Հողաբերդիկ և Աստղաբերդ ամրոցների ավերակները: Մեզ են հասել 13-15-րդ դդ. Մուշում գրված մի քանի ձեռագրեր:

Մուշը մինչև 14-րդ դարը պատկանել է Սլկունի, այնուհետև Մամիկոնյան իշխաններին: Իսկ 8-րդ դարում անցել է Բագրատունիներին: 851-852 թթ. դարձել է արաբների դեմ մղվող ազգային ազատագրական պայքարի թատերաբեմ: 852 թ. ձմռանը Սուրբ Հովնանն ու նրա զինակիցները Սուրբ Փրկիչ եկեղեցում սպանել են արաբ զավթիչների հրամանատար Յուսուֆին:

Մուշը 16-րդ դարում գրավել են օսմանցիները: Զեյթունի դեպքերի ազդեցության տակ 1860 թ. Մուշը ևս ապստամբության դրոշ է պարզել: