Ոչխարի մսով և կաղամբով դոլմա

Պատրաստման եղանակը`
Պատրաստել խճողակ  «Խաղողի տերևով դոլմա»-ի նման: Գլուխ կաղամբի կոթը կտրել, հետո կաղամբը դնել եռացող աղաջրի մեջ և եփել 10-12 րոպե: Թերեփ կաղամբը լցնել քամիչի մեջ, երբ ջուրը քամվի, գլուխ կաղամբը շերտերով բացել: Շերտերը դնել սեղանին, կոպիտ մասերը հեռացնել դանակով: Հետո դրանց վրա դնել մսով խճողակը և փաթաթել ծրարի նման: 

Կաթսայի մեջ դնել փափուկ մասից անջատված ոսկորները և մի շերտ կաղամբի տերևներից, վրան շարքով դնել դոլման, իսկ դրանց արանքում` կտորներով կտրած ծիրանաչիր, սերկևիլ կամ խնձոր և կլորաշերտով կտրած գլուխ սոխ շարել: Ավելացնել տապակած տոմատ, վրան լցնել եռման արգանակ կամ ջուր և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և եփել: Դոլման մատուցել եփելու ընթացքում առաջացած հյութով, իսկ կողքերին շարել ծիրանաչիրն ու սերկևիլը:

Պարունակությունը`
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 150 գ. կաղամբ, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. հալած յուղ, 25 գ. սերկևիլ, 15 գ. ծիրանաչիր: Աղ, պղպեղ, ռեհան, խնկածաղիկ` ուրց ըստ ճաշակի: