Հայկական գյուղագրությունը, համշենական մշակույթը և զուգորդությունները

Մահիր Օզքան
Ինչու՞ հայկական գյուղագրությունը

Հայոց լեզվի Համշենի բարբառը մայրենի լեզուս է: Ես մեծացել եմ երկու լեզվով: Դպրոց հաճախելուց առաջ գիտեի թե համշենահայերեն և թե թուրքերեն: Իրականում ընտանիքս առանձնապես չէր ուզում, որ համշենահայերեն սովորեմ: Դրա ակներև պատճառը այն մտավախությունն էր, թե կխանգարի թուրքերենի լավ յուրացմանը, բայց ես հետագա տարիներին էի իմանալու, թե թուրքերենը լավ չյուրացնելու ահը որքան աղերսներ ուներ այլ վախերի հետ: Թեև ընտանիքս շատ չէր ուզում, որ Համշենի բարբառը սովորեի, սակայն մայրենիիս տիրապետելուս ամենաէական պատճառը մեր բնակավայրն էր, այսինքն` մեր գյուղը և այն յայլաները, որ բարձրանում էինք ամռան ամիսներին: Քանզի մեր գյուղում և, հատկապես, մեր յայլայում այնպիսի մոմիներ (Համշենի բարբառով` մեծ մայրեր, տատիկներ-Ակունքի խմբ.) կային, ովքեր հոգնում էին թուրքերենով հաղորդակցվելուց: Այսինքն, մի այնպիսի շրջապատ էր, որտեղ գրեթե բոլորը խոսում էին համշենահայերեն:

Ներկայում յայլաներում և գյուղերում ապրողների թիվը շատ է պակասել: Գյուղում և յայլայում առաջվա համեմատ մարդիկ շատ ավելի կարճ ժամանակով են մնում: Ամառային ամիսներին գյուղում մնում են ընդամենը մի քանի օր` թեյ հավաքելու համար և բացառապես «արձակուրդն» անցկացնելու նպատակով: Յայլան այլևս ոչ թե գյուղատնտեսության ոլորտ և կենսակերպ է, այլ` արձակուրդն անցկացնելու վայր: Դրա համար էլ թոռներն այլևս Համշենի բարբառը չեն սովորում մոմիներից: Նրանք լազ մանուկների հետ միասին թուրքացնում են միմյանց քաղաքային կենտրոններում:

Իհարկե, այն, ինչի հետ մենք առնչվում ենք, տարբեր դինամիկայով և զանազան կերպով ապրել են, ներկայում էլ ապրում են նաև պոլսահայերը: Հայկական մշակութային միության անդամներից եղող երիտասարդների հետ իմ զրույցների շրջանակներում, ինչպես նաև` այն ժամանակ, երբ հաղորդումներ էի պատրաստում «Նոր ռադիոյի» համար, նկատեցի, որ նրանք չգիտեն մեր օգտագործած բազմաթիվ բառերի, ավանդույթների, հավատալիքների և այլ մշակութային արժեքների մասին: Հետո կարծիք կազմեցի, որ դրա պատճառը ոչ թե այն է, որ այդ մշակութային արժեքները բացակայում են հայկական մշակույթում, այլ, որ դրանք հիմնականում գյուղացիությանը պատկանող արժեքներ են, և քաղաքաբնակ հայերը տեղյակ չեն դրանց մասին:

Իհարկե, պետք է ասեմ, որ իմ այդ կարծիքի ձևավորման հարցում մեծ ազդեցություն են ունեցել հայ գյուղագրության երկու նշանավոր ներկայացուցիչների գրքերը: Շատ հուզիչ էր նկատել, որ Էղին-Քեմալիյեի (Ակն-Ակունքի խմբ.) և Խարբերդի հայերի գյուղական կյանքը նկարագրող այդ գրքերում նշված շրջաններից թե ֆիզիկապես և թե կրոնական առումով երկար տարիներ առաջ պոկված համշենահայերի գյուղական կյանքն ու մշակույթը բազմաթիվ ընդհանրություններ ունեն նրանց հետ: Այո, դուք ճիշտ կռահեցիք: Այդ մեծ գրողները Համաստեղն ու Հակոբ Մնձուրին են: Քանի որ նրանց գրքերն ընթերցել եմ թուրքերենով, նախ ուզում եմ իմ երախտիքը հայտնել «Արաս» հրատարակչությանը և այդ գրքերը հրատարակության պատրաստած Արտաշես Մարկոսյանին, ինչպես նաև` թարգմանիչներ Սարգիս Սերոբյանին և Սիլվա Քույումջյանին: Քաղաքաբնակների համար անհայտ, գյուղերին հատուկ արտահայտությունները, բառերը նրանց կողմից հենց բնագրով ներկայացվելու և խնամքով արված նշումների շնորհիվ այդ գրքերը ինձ համար ոչ միայն գեղագիտական, այլև` ճանաչողական եղան:

«Համաստեղ. «Աղավնիս Խարբերդում է մնացել»

«Աղջի Եղսիկ»-ն առաջին պատմվածքն է: Գրքի առաջին իսկ պատմվածքից սկսում եք ծանոթ բառեր տեսնել: Մի հատված` այդ պատմվածքից. «…Այդ օրն ալ շտկեց իր մինտէրը ու սկսաւ «Հայր մեր»ը՝մինչ խորանին առջեւ աշակերտները փոխնիփոխ «Ապրեցո»ն կը ձայնէին» (էջ 13) (նշված է թուրքերեն հրատարակության էջը-Ակունքի խմբ.) ։Մենք իրականում «հայր» բառի փոխարեն «դադ»-ն ենք օգտագործում: Երբ «հայր» բառը տեսավ, մի քիչ հիշողությունս փորփրեցի: Օրինակ, երբ հայրս երբեմն նյարդայնանում էր, հայհոյում էր` «Քու հայն ու մայը ք.» ասելով: Գիրքը կարդալիս հասկացա, որ այստեղի «հայր»-ն ու «հայ»-ը նույն բառն են: Իհարկե, նաև` «հոքուր» և «հոբար» բառերը ևս ծագում են «հայր» և «աղբար» բառերից: Մենք կյանքին «աբրուշ» ենք ասում: Եթե ասենք` «աբրեցու», «ապրեցրու» ասած կլինենք: Երբ էջի տակ նկատեցի այն նշումը, թե «աբրեցու-ն հին հայերեն «ապրեցրու»-ն է», սկսեցի խաղալ այդ բառը չիմացող Հայկական մշակութային միության երիտասարդների հոգու հետ` ասելով. «Մենք ձեզնից շատ հայերեն գիտենք է~: Տեսեք, պարզվում է` այդ բառը հին հայերեն է»:

Շարունակում ենք ընթերցումը: Ներկայացվում է Եղսիկի վրա աչք դրած Թորիկ Պետոն. «Ախ, թէմիքիչճահիլըլլար, Աստուածվկայ, կըկարգուէրԵղսիկինհետ… Եղսիկքառասունեւութիմօտճահիլկինէ, ինք` վաթսունեւհինգտարեկան, աչքերըպղտոր, ցամքածմարմնով, դողդողանձեռքերով. անտարակոյս, կարգուիլիրբանըչէր…» (էջ 15): Արաբերենից թուրքերենին անցած այդ բառը (նկատի ունի «ջահիլ»-ը-Ակունքի խմբ.) մեզ մոտ նույնպես կիրառվում է «երիտասարդ», այլ ոչ թե «չիմացող, անփորձ, տգետ» իմաստներով (այդ իմաստներն է «ջահիլ»-ը կրում թուրքերենում-Ակունքի խմբ.):

«Կապույտ ուլունք» պատմվածքը գրքում ներկայացված երկրորդ պատմվածքն է: Սիրելու մանկական հոգեվիճակներով լի այս ժպիտ առաջացնող պատմվածքում խոսք է գնում նաև մարագներից դուրս եկող ջիների, նախիրների մասին (էջ 25): Իմ պոլսահայ եղբայրներն այդ բառերն էլ չգիտեին, բայց ես, որպես գյուղացի, բնականաբար գիտեի թե «մարագ», թե «նախիր» բառերը (մարագ ու նախիր բառերը բնագրում հայերեն են-Ակունքի խմբ.):

«Չոբան լեռան հեքիաթը» վերջին պատմվածքն է: Իհարկե, երբ գործի մեջ հեքիաթն է խառնվում, մութ գետի ոգիները դեգերում են Խարբերդի լեռներում: «-Է՜ծը, է՜ծը,- պոռաց յանկարծ մեզմէ մէկը։Ձայնը արձագանգեց, ու մենք իրարու երես նայեցանք երկիւղած. յետոյ, նայեցանք քիչ մը հեռու, ժայռի մը վրայ յանկարծակի երեւցող այծին։Կարծես ապառաժներէն դուրս եկած, մեր ձայնին կենդանի արձագանգն ըլլար եւ, կամ, արձագանգը յօրինող իսկական ոգին։ Ո՞րտեղ էն այդ զաւեշտական երեւոյթով այծը, այսամայի խորհրդաւորութեան մէջ։ Այծը, ապառաժի մը վրայ կեցած, հովիտն ի վար կը նայէր` կարճ ուկ պոչը արագ-արագ խաղցնելով. մօրուսը հովին դէմ. լեռներու ոգին ըլլալու համար կը պակսէր միայն սրինգ մը, որ նստէր ապառաժի մը վրայ ու առջեւի կճղակաւոր երկու ոտքերով նուագէր համերգը հովին ու մժեղին» (էջ 30)։

Միչոն գյուղի շփացած երեխան է: Մեր արկածները շարունակում ենք Միչոյի պատմվածքում: Միչոն իր չարաճճիություններով ինձ վաղ մանկությունս է հիշեցնում, և դեմքիս ժպիտ է առաջանում պատմվածքն ընթերցելիս: Զուգորդություններն այս պատմվածքում էլ են շարունակվում: Միչոյի չարաճճիություններից Քյալ Ղուկասը շատ էր վրդովվում (էջ 40): Տնից փախած Միչոն երբեմն գիշերում էր Մրդոյենց ախոռի սաքուի վրա: Այսինքն, յայլաների մեր տներում եղած սավքիի (սավքի-Համշենի բարբառով`թախտ-Ակունքի խմբ.) վրա (էջ 46): Անտեր («անտեր» բառը բնագրում հայերեն է-Ակունքի խմբ.) Միչոն տեսեք` ինչեր է նկատում Լուսիկի ձայնում. «Նրա ձայնը Սուրբ Սարգիս լեռան ժայռերին ծվարած աղավնիների վերածված փերիների ձայնից ավելի գեղեցիկ ու քաղցր էր» (էջ 48): Միտքս մի քառատող է գալիս մեկից.

Դիմացի ժայռերին
Փերին է կանչում, փերին,
Ձյուն է եկել և փակել
Մեր զրույցի տեղը:

Հետո էլ մտաբերում եմ իմ հորեղբորորդի Ռամազանին, ով ասելով, թե փերիներն իրեն են կանչում անտառի խորքից, ձորի բերանից, կախարդվածի պես սկսում էր քայլել դեպի լեռը: Հիշում եմ նաև այն մոմիներին, ովքեր պատմում էին, որ մութ անցումներում տեսել էին կենդանիների կերպարանք ստացած ոգիներին, կանչել նրանց հետևից, քար նետել նրանց վրա: Միչոն շարունակում է մանկությունս հիշեցնել, երբ Լուսիկին պատմում է «ավելի վրա նստած թռչող, բայղուշի աչքերին նայելով` ապագան գուշակող, օրվա ժամերը որոշող ջադուի հեքիաթը»: Քի՞չ ենք ջադուների մասին հեքիաթ լսել` յայլաներում մութ գիշերները կրակին նայելով:

«Անձրև» վերնագրով պատմվածքում էլ երբ խոսվում է Գյոբեք Պարսամի խանութի դարաբաների (պատերի-Ակունքի խմբ.) մասին, դա ինձ հիշեցնում է, թե ինչպես էր հայրս մեզ հանդիմանում, երբ աղմուկ էինք հանում (էջ 57): Պատերի հետ կապված առանձնապես լավ հիշողություններ չունեմ, որովհետև երբ հայրս նախատում էր մեզ, ասում էր. «Ձենիյեդ գեդրեցեք: Ցեզի վեգաննում, դարաբանիյուս շեբեցնիմ գու» («Ձեր ձայնը կտրեք: Ձեզ կվերցնեմ, պատերին կխփեմ»-Ակունքի խմբ.): Ուզում եմ կարճ կապել այս պատմությունը: Երբ հետո մարագ (մարագը բնագրում հենց հայերենով է-Ակունքի խմբ.) (էջ 59) եմ փախչում, և նյարդայնությունս անցնում է, շարունակում եմ: Ծանոթ բառերն այս անգամ Թորիկ Ղուկասի արտերում են դեմս դուրս գալիս: Մեկի անունը Հողթար է, մյուսինը` Մարհոն: Պոլսահայ ընկերները Հողթար անունը գիտեն, բայց Մարհոնը չեն հասկանում: Ես էլ նորից չարախնդում եմ: Դե իհարկե, գյուղացի չեք, ով գիտե` վերջին անգամ երբ եք մարխ (մարխը բնագրում հենց հայերենով է-Ակունքի խմբ.) օգտագործել: Մեր տներում ամառ-ձմեռ վառարանում կրակ կա, ձմռանը` ներսում, ամռանը` դրսում: Եթե մարխ չլինի, չեք կարող կրակը վառել: Դրա համար էլ մարհոն բառը պարզաբանված է գրքի ծանոթագրության մեջ. «Տեղ, որում շատ վառելափայտ կա» (էջ 62): Այ քեզ գյուղացիական գործեր: «Քշել, ցանել, նոր եզ, քրտինք, աշխատանք, պարտք, մուրհակ, այդ ամենից հետո մի լավ չեչտանել…»: Մտածում եմ այդ բառերը հայերեն բնագրով կարդալու մասին: Բառերը խառնում եմ: Այդ բոլոր գործերը մենք էլ ենք անում, այդ բոլոր բառերը` մենք էլ կիրառում: Բնականաբար, չեչը(պանրի տեսակ-Ակունքի խմբ.) չեն հասկանում մեր պոլսահայ ընկերները: Հետո Թորիկ Ղուկասի տիկնոջ լաչակն է (լաչակը բնագրում հենց հայերենով է-Ակունքի խմբ.) դիմացս դուրս գալիս (էջ 67): Ահա մեկ այլ մոռացված քառատող էլ է միտքս գալիս.

Ջաղացքն ի վար քալեցեր,
Քույմ լազութ վաան թսքուշ,
Քա քեզի գեսմաթ չա թա,
Ջերմագ լաչագ վաան թսքուշ:
(Ջաղացքն ի վար քայլեցի
Եգիպտացորեն աղալու համար:
Աղջի~կ, քեզ վիճակված չէ՞
Սպիտակ հում պանիրը վրան քսելը-Ակունքի խմբ.)

Փեսա Օվանի շալվարից և չարոխիցամաչելն ինձ հիշեցնում է, թե ինչպես էր հորեղբայրս գյուղի միջով անցնելուց հետո անտառ գնալիս այն հանում, որպեսզի չճղվի իր միակ չարոխը: Օվանի վախը շատ նման է մորս այն ահին, որը նա ունեցել է մեծ եղբորս ծնվելուց հետո. երեխան գրկում` մայրս վախենում էր, թե ջադուն կգա և կուտի նորածնին. «…ճիշտ և ճիշտ բանալու անցքերից ներթափանցելով` տներ մտնող և երեխա ունեցող կանանց սրտները երկար եղունգներով փորելով` մթան մեջ քամու հետ հեռացող ալերի նման… Օվանը հենց այդ ալերի վախն էր ապրում: Կարծես թե իր գլխավերևում սեփ-սև վրանի նման` մութ թևերով տնկված սպասում էին նրանք» (էջ 75): Մանավանդ Քարան խանումի` կանանց ձայնելը լսելիս ինձ թվաց, թե մեր գյուղի կանանց խոսակցությունն եմ լսում. «Քա~: Տա Աստված` խերով լինի: Ասում են` Օվանը փեսա է դարձել» (էջ 77):

«ԴափանՄարգար» ստեղծագործության մեջ հիշատակվող նախրի և մարագի (բնագրում հայերենով են-Ակունքի խմբ.) մասին հատվածն ավարտում եմ, մի ծխախոտ ծխում և անցնում այն պատմվածքին, որի վերնագիրն է կրում գիրքը.

Անհնար է չհամաձայնվել «Աղավնիներ» պատմվածքի վերաբերյալ գրքի առաջաբանում Օննիկ Փալույանի նշած խոսքերի հետ. «…Սույն փոքրիկ պատմվածքում մի հսկայական դրամա է ներկայացվում, որի վերջը հասնում է մինչև մարդասպանության: Մարդասպանություն` գյուղում: Հրաշալի սցենար` կինոբեմադրիչների համար…» (էջ 1): Մի կողմ եմ դնում պատմվածքի ազդեցիկ լինելն ու այն հարցը, թե արդյոք այն կարող էր ֆիլմի սցենար դառնալ, քանի որ ինքս ընկած եմ զուգորդությունների հետևից: Մեր լեզվում ևս շատ հանդիպող կամ կորած բառերի փոխարեն խառնուրդ բառերի եմ հանդիպում այս պատմվածքում: Մեր լեզվում օգտագործում ենք սեր էնուշ (կազմված է թուրքերեն սեր-գլուխ և Համշենի բարբառի էնուշ-անել բառերից, այսինքն` գլխավորել-Ակունքի խմբ.), գայիփ էնուշ (կազմված է թուրքերեն քայըփ-կորուստ և Համշենի բարբառի էնուշ-անել բառերից, այսինքն` կորցնել-Ակունքի խմբ.), ույմիշ էլլուշ (կազմված է թուրքերեն ույումուշ-հարմարված և Համշենի բարբառի էլլուշ-լինել բառերից, այսինքն` հարմարվել-Ակունքի խմբ.), դուշունմիշ էլլուշ (կազմված է թուրքերեն դյուշյունմշյուշ-մտածված և Համշենի բարբառի էլլուշ-լինել բառերից, այսինքն` մտածել-Ակունքի խմբ.), վազ անցնուշ (կազմված է թուրքերեն վազ-հրաժարում և Համշենի բարբառի անցնուշ-անցնել բառերից, այսինքն` հրաժարվել-Ակունքի խմբ.): Բառերի կեսն այլ լեզուներից են փոխառնված, կեսն էլ` Համշենի բարբառով են: Նույն կերպ դեմս են դուրս գալիս քեֆշ ընել (էջ 91), ույմիշ ըլլալ (էջ 94), ալիշմիշ ըլլալ (էջ 96), զորլանմիշ ըլլալ (էջ 97), վազ անցնել (էջ 94, 98, 101, 106): «Լեզուն նույն ազդեցությունն է կրում և Խարբերդում, և Համշենում»,-ասում եմ ինքս ինձ:

«Քուբան գառը ամու էր» պատմվածքում դարձյալ ծանոթ տեղանունների եմ հանդիպում: Սևքար, վանք, բաղագ (էջ 112): «Խաչիվանքուն դուզի/Փարլաք օլուր յուլդուզի/չիքսամ Խաչիվանքա/գյորսամ սեվդուղում քիզի» քառատողով Խարբերդի վանքից, Սևքարի վրա նստած` բաղագից (սառնաղբյուրից) ողջույններս եմ հղում Խաչիվանքին:

«Չալոն» վերջին պատմվածքն է գրքում: Անբախտ շուն Չալոն բնավորություն ունեցող շուն է: Ընթերցելիս մի կողմից ինքդ քեզ ասում ես` որքա~ն գեղեցիկ կերպար է հորինված: Արդեն իսկ սկզբում չես էլ հասկանում, որ խոսքը շան մասին է: Հասկանալուց անմիջապես հետո էլ իսկույն մոռանում ես դրա մասին: Համաստեղն անզուգական մեթոդով այնպիսի տպավորություն է թողնում, կարծես մարդու մասին է խոսքը: Ծանոթանում ես այդ կերպարի հետ այնպես, կարծես գյուղում մի անհատ է, ուզում ես ընկերանալ նրա հետ, սիրում նրան, վշտանում նրա համար, սիրտդ կսկծում է նրա ցավից: Բայց և այնպես, շարունակում եմ նաև բառերը հետապնդել: Խաչաղբյուրն էլ Չալոյի հետ թրև է գալիս: Չալոյի պատմությունն էլ է մահվամբ ավարտվում:

Մտքումս առաջացած զուգորդություններն ինձ անընդհատ հանգեցնում են մահվան գաղափարին: «Մինչ այժմ ինչպե՞ս եմ կարողացել անհաղորդ մնալ այս պատմվածքներին»,-ասում եմ ինքս ինձ: Երևի հիմա մահվան ու կյանքի միջև եղած աննշան սահմանագծում փորձում եմ սփռված հատիկներս հավաքել` որպես դարման, որպես սերմ, որպեսզի վերստին կարողանամ վերընձյուղվել…

mhrzkn@gmail.com
Ortakhaber.com

Թարգմանությունները և ծանոթագրությունները` Մելինե Անումյանի

*Թարգմանությունը կատարվել է ՀԵՀ-ի որպես ՀՀ նախագահի կողմից գործընկեր կազմակերության հայտարարած` «Հայության խնդիրներն ուիրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհով աշխատանքի շրջանակներում:

Akunq.net