Հայոց Ցեղասպանութեան պետական թանգարանՄոնտեվիդէոյում
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՈՒՐՈՒԿՈՒԷՅԻ ՀՅԴ «ՎՌԱՄԵԱՆ» ԿՈՄԻՏԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Աւելի քան 30 տարի Արփի Հոջաջանեանը Ուրուգուայի հայ համայնքում զբաղւում է գաղութային, հայապահպան գործունէութեամբ: Նա Ուրուգուայի ՀՅԴ «Վռամեան» կոմիտէի ներկայացուցիչն է, եւ վերջին շրջանում գործունէութեան հիմքում Հայ Դատն ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու լուսաբանման հարցերն են:
«Արմէնպրէս»ի հետ զրոյցում Արփի Հոջաջանեանը ներկայացնում է Ուրուգուայի հայ համայնքի գործունէութիւնն ու Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին իրականացուելիք աշխատանքները:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ինչպէ՞ս կը գնահատէք Ուրուգուայի հայ համայնքի դերը: Ինչո՞վ են զբաղւում եւ ի՞նչ առանձնայատկութիւններ ունեն:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Ուրուգուայի հայ համայնքը կայացած է Հայաստան-Ուրուգուայ երկկողմ յարաբերութիւնների զարգացման արդիւնքում: Շնորհիւ դրա, հայ համայնքը ինտեգրուած է հասարակութեան մէջ, հայերն ու Հայաստանը շատ յարգուած են տեղի ժողովրդի կողմից:
Ուրուգուայը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած առաջին պետութիւնն է, խորհրդարանն էլ ի նպաստ Հայաստանի եւ Հայ Դատի բազմաթիւ կարեւոր որոշումներ է կայացրել: 2012թ. կրկին առաջինն աշխարհում Ուրուգուայի ներկայացուցիչների պալատի նախագահն այցելեց Արցախ: Սրանք կարեւորագոյն արդիւնքներ են, որ մշակել են Ուրուգուայի հայկական կազմակերպութիւնները տասնամեակներ շարունակ: Սրանք լաւագոյն պատասխանն են ձեր հարցի, թէ ինչպիսի դեր ունի հայ համայնքը Ուրուգուայում: Հայ համայնքի դերն աւելի կարեւորուեց, երբ յուլիսին նախագահ Սերժ Սարգսեանն այցելեց Ուրուգուայ, եւ երկու նախագահները միասին հանդէս եկան յայտարարութեամբ:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ինչպէ՞ս է Ուրուգուայի հայ համայնքը նախապատրաստւում Հայոց ցեղասպանութեան 100րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւններին: Ին՞չ նախաձեռնութիւններով է համայնքը հանդէս գալու:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Շուրջ երկու տարի առաջ գաղութի բոլոր կազմակերպութիւնների ու եկեղեցիների մասնակցութեամբ կազմուեց Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչման յանձնախումբ, որն էլ կազմակերպչական ծրագրերով մշակում եւ համակարգում է 2015թ. ծրագրերը: Նախատեսուած են բազմաթիւ ձեռնարկներ. Ապրիլի 24ին նախատեսուած է համատեղ միջոցառում-ներկայացում, որը տեղի կ՛ունենայ քաղաքի գլխաւոր թատրոնում: Այդ միջոցառումը յարգանքի տուրք է՝ Ուրուգուայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման 50ամեակին: Ողջ տարուայ ընթացքում նախատեսուած են գրքերի հրատարակութիւններ, ցուցահանդէսներ, համերգներ: Տեղի կ՛ունենայ նաեւ աւանդական երթ մայրաքաղաքի գլխաւոր պողոտայում:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Միջոցառումներին նախատեսւո՞ւմ է նաեւ Ուրուգուայի պետական այրերի մասնակցութիւնը:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Երկրի իշխանութիւնները երկար տարիներ ի վեր ակտիւ մասնակցութիւն ունեն Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներին: Նախագահ, փոխնախագահ, ԱԳ նախարար, բազմաթիւ նախարարներ եւ խորհրդարանականներ կը մասնակցեն համայնքի կողմից կազմակերպուած բոլոր ձեռնարկներին: Նաեւ 14 տարի ի վեր խորհրդարանն ու ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբը միասին կազմակերպում են Ապրիլի 24ի ոգեկոչման ձեռնարկը, որն այս տարի տեղի կ՛ունենայ խորհրդարանի դահլիճում:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ինչպիսի՞ն է Ուրուգուայի հասարակութեան տրամադրուածութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի առնչութեամբ: Արդեօք հարցը քննարկւո՞ւմ է նաեւ Ուրուգուայի քաղաքական-փորձագիտական շրջանակներում:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Ուրուգուայի հասարակութիւնը բաւական իրազեկ է Հայոց Ցեղասպանութեան հարցի առնչութեամբ, ուստի 100րդ տարելիցը ընկալում է իբրեւ հայերին աջակցելու թուական: Ինչ վերաբերում է գիտական առումով հարցի քննարկմանը, ապա խորհրդարանն ու կառավարութիւնը հայ համայնքի հետ տեւական ժամանակ է՝ քննարկում են Ուրուգուայում Հայոց Ցեղասպանութեան պետական թանգարան բացելու նախագիծը: Դա մեծ նախաձեռնութիւն է, որն այս պահին մշակման փուլում է:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ի՞նչ նախաձեռնութիւններով է հանդէս գալիս տեղի թուրքական համայնքը:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Այստեղ թուրքական կազմակերպուած համայնք կամ թուրքական ծագում ունեցող քաղաքացիական միութիւններ չկան, կան քիչ թուով անհատներ: Ոուրուգուայում գոյութիւն չունի նաեւ ադրբեջանական համայնք: Այս տարի յունիսին Ոուրուգուայում Ադրբեջանը դեսպանատուն բացեց, որի գլխաւոր նպատակը հակահայկական քարոզչութեան իրականացումն է: Ադրբեջանի հակահայկական քաղաքականութեան հիմնական ոլորտները բիզնեսն ու խորհրդարանն են:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Ի՞նչ գործունէութիւն է ծաւալում հայ համայնքն Արցախեան հակամարտութիւնը երկրում ներկայացնելու առնչութեամբ:
ԱՐՓԻ ՀՈՋԱՋԱՆԵԱՆ.- Ուրուգուայի կառավարութիւնը բազմիցս յայտարարել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի առնչութեամբ՝ շեշտելով, որ կողմ է հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, որին պէտք է հասնել բանակցութիւնների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն 2011թ. սեպտեմբերին Ուրուգուայի ներկայիս ԱԳ Նախարար Լուիս Ալմակրօն յայտնեց, որ Արցախի ապագայ կարգավիճակը պէտք է լինի կա՛մ անկախ պետութեան, կա՛մ Հայաստանին միանալու միջոցով: Ինչ վերաբերում է արցախեան հակամարտութեան կարգաւորման գործում համայնքի ջանքերին, ապա համայնքը շատ ակտիւ է եւ աջակցում է երկրի դիրքորոշմանը: Այս առումով հայ համայնքը բազմաթիւ ակցիաներ եւ զանգուածային միջոցառումներ է անցկացնում Ադրբեջանի վարած քաղաքականութեան դէմ: Բազմաթիւ միջոցառումներ են անցկացւում նաեւ համացանցում, որոնց նպատակն է Ուրուգուայի հասարակութեանը ծանօթացնել Լեռնային Ղարաբաղի պատմութեանն ու ներկայ իրավիճակին:
Վարեց՝ ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
http://asbarez.com/arm/209914/