Արմենակ Շահմուրադյան. Փարիզում նրան անվանեցին «հայկական Կարուզո»
Իր ակտիվ և բեղուն մանկավարժական գործունեության ընթացքում Կոմիտասը կրթել է վառ երաժիշտների մի ամբողջ սերունդ, որոնք դարձան իրենց ուսուցչի անմահ գործի շարունակողներն ու ժառանգության պրոպագանդողները։ Նրանցից է հայ ժողովրդական երգերի հիասքանչ «մեկնաբան», տաղանդավոր երգիչ Արմենակ Շահմուրադյանը։
Մեզ հասած նրա ձայնագրությունների թիվը մեծ չէ, սակայն դրանք էլ բավարար են Կոմիտասյան դպրոցի մասին լիարժեք գաղափար կազմելու համար։ Շահմուրադյանի թավշյա տենորով անզուգական են հնչում հայ երգարվեստի մարգարիտները՝ «Կռունկ»-ը, «Հով արեք»-ը, «Անտունի»-ն, «Գարուն ա»-ն...
Եգիչը ծնվել է 1878 թվականին հայկական Մուշ քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ութ տարեկանում այնքան վառ էին արտահայտված նրա վոկալ ընդունակությունները, որ Արմենակին ընդունեցին եկեղեցական երգչախումբ, որտեղից էլ ուղարկեցին Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Այստեղ նա դարձավ հայ նշանավոր կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի մենակատարը։ Ճեմարանում էլ Շահմուրադյանը ծանոթացավ Կոմիտասի հետ։ Հանճարեղ կոմպոզիտորը գրի էր առնում եւ ուսումնասիրում երգչի կատարմամբ բյուրեղյա մաքրությամբ հնչող մեղեդիները, իսկ Արմենակը Կոմիտասի օգնությամբ ու նրա ուշադրության ներքո կատարելագործում էր իր վոկալ վարպետությունը։
Տասնվեց տարեկանում Արմենակը թողնում է Էջմիածինը և մեկնում Թիֆլիս, որն համարվում էր Անդրկովկասի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ նրա յուրահատուկ ձայնը գրավում է շատերի, այդ թվում հայտնի գրողներ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ուշադրությունը։
Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներն ու իրադարձություններն անտարբեր չանցան Արմենակի կողքով։ Հայ շատ ապստամբների հետ նա ձերբակալվեց և հանձնվեց թուրքական իշխանություններին։ Միայն շնորհիվ իր երգի Շահմուրադյանին հաջողվեց փրկվել։ Նրա հիասքանչ ձայնի համբավն հասավ թուրք դեսպան Ֆաուդ-Բելին, որը լսելով Արմենակին, նրան ներում շնորհեց։
Հաստատվելով Փարիզում՝ Շահմուրադյանն ընդունվեց Վենսան դ՛Էնդիի «Երգեցողության դպրոց»։ Այստեղ նույնպես նրան սպասում էր փառքը. Արմենակը դարձավ հանրաճանաչ Պոլինա Վիարդոյի աշակերտը։ Նրա առջև բացվեցին փարիզյան դահլիճների դռները։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Շահմուրադյանը մասնակցեց շատ օպերային ներկայացումների, վոկալիստների մրցույթների՝ արժանանալով ունկնդիրների եւ մամուլի հիացմունքին եւ բարձր գնահատականին։
«Ինչպիսի հիասքանչ ձայն, ինչպիսի հազվագուտ և գրավիչ տեմբր։ Այս գնահատականում չկա ոչ մի չափազանցություն», - գրում է «Կոմեդիա» թերթը։
«Մասնակիցներից միայն մեկն է օժտված նշանակալից տաղանդով, որը փայլուն ապագա է խոստանում նրան. դա Արմենակ Շահմուրադյանն է», - մրցույթում երգչի ելույթից հետո այսպես է գրում «Էկլեր» թերթը։
1911 թվականի հւնվարի 27-ին տեղի ունեցավ Արմենակի դեբյուտը. նա հանդես եկավ Ֆաուստի դերում։
«Շատ գեղեցիկ արտաքինը, հաճելի շարժուձևը բեմական այն չափանիշներն են, որոնք զարգանալով, տանում են դեպի կատարելություն», - գրում է թերթերից մեկը։
Փարիզում Ա.Շահմուրադյանին անվանեցին «հայկական Կարուզո»։
Այս տարիներին Կոմիտասը զգոն կերպով հետևում էր իր սանի հաջողություններին։ Լինելով Գրանդ-օպերայի մենակատար՝ Շահմուրադյանը դառնում է Կոմիտասի կազմակերպած մշակութային բոլոր միջոցառումների հիմնական և գլխավոր մասնակիցը։ Կոմիտասն ինքն էր նվագակցում իր աշակերտին։
Շարունակելով փայլուն տենորի իր կարիերան՝ Արմենակը համերգներով հանդես է գալիս ողջ աշխարհում՝ գրավելով լավագույն բեմերը։ Նրա ձայնը «հնչում» է Բոստոնում, Սան-Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Նյու-Յորքում, Լոնդոնում, Ցյուրիխում, Բրյուսելում, Թեհրանում, Բաղդադում եւ այլուր։ 1930-ին Շահմուրադյանը փառքով թեւավորված վերադառնում է Փարիզ եւ իր ուսուցչին գտնում է հոգեբուժարանում։ Ցավո՛ք, Կոմիտասն այլևս ի վիճակի չէր ճանաչելու իր սիրելի աշակերտին. դա մեծ հարված էր Արմենակի համար։ Ճակատագրի բերումով 9 տարի անց՝ 1939 թվականին, նույն հիվանդանոցում, նույնպիսի հիվանդության հետևանքով վախճանվեց նաեւ Արմենակ Շահմուրադյանը։