Բարսեղ Կանաչյան. Կոմիտասի տաղանդաշատ աշակերտներից մեկը
Բարսեղ Կանաչյանը, ծնվել է 1888 թվականին։ Ութ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Բուլղարիա՝ Վառնա։ Սովորել է ջութակ նվագել նախ տեղի հայկական դպրոցում, ապա Բուխարեստի ուսումնարանում, ուր ստացել է նաեև հարմոնիայի եւ դաշնամուրի դասեր։ 1908 թվականին վերադառնալով Կ.Պոլիս՝ կազմակերպել է «Քնար» և «Մասիս» նվագախմբերը, ինչպես նաև երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադառնալով Պոլիս, նա գտնում է կոմիտասյան սաներին և նրանց հետ կազմակերպում «Կոմիտասյան հինգ սաներ» խմբակցությունը։ Իրենց ուսուցչի գործը հավերժացնելու նպատակով նրանք համերգներ են տալիս, հրատարակում «Հայ գուսանական երգեր»-ի երեք երգարան, կազմակերպում երգչախմբեր և նվագախմբեր, զբաղվում մատաղ սերնդի դաստիարակության գործով։
Բեյրութում կազմակերպում է «Գուսան» երգչախումբը, որի գործունեությունը տևում է ավելի, քան 15 տարի։ 1920 թվականին Կանաչյանն իր ընկերների հետ մեկնում է Փարիզ և մեկ տարի սովորում Ռենե Լը Նորմանի դասընթացներում։ Այնուհետև շարունակում է իր երաժշտական գործունեությունը Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, ապա փոխադրվելով Բեյրութ՝ ձեռնարկում համերգային շրջագայություններ դեպի Դամասկոս, Տրիպոլի, Զահլե, Լաթաքիե, Հալեպ և այլուր։
Իր մանկավարժական և խմբավարական գործունեությանը զուգընթաց Կանաչյանը զբաղվել է նաև ստեղծագործական աշխատանքով։ Որպես կոմպոզիտոր նա նույնպես շարունակել է կոմիտասյան գիծը՝ իր ստեղծագործությունների համար հիմք ընդունելով հայ ժողովրդական երգը։ Գրել է բազմաթիվ մեներգեր, խմբերգեր, մանկական երգեր, դաշնամուրային պիեսներ։ Ունի ժողովրդական ու հայրենասիրական երգերի մշակումներ։ Նրա խոշոր գործերից է «Աբեղա» մեկ գործողությամբ օպերան (Լեւոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի հիման վրա)։
1950 թվականից աչքերի հիվանդության պատճառով Բարսեղ Կանաչյանը ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը։ Նա վախճանվել է 1967 թվականին։