Վահան Տեր-Առաքելյան. Կոմիտասի լավագույն աշակերտներից մեկը
1901 թվականին Վահան Տեր-Առաքելյանն ընդունվելով Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ դառնում է ամենալավ ուսանողներից և Կոմիտասի երգչախմբի մենակատարներից մեկը։ Շնորհիվ Վ.Տեր-Առաքելյանի կոմպոզիտորը ծանոթանում և գրի է առնում նրա ծննդավայրի՝ Վայքի եղանակները։ «Նա լեռնային առյուծ է, նրա ձայնն անտառում առյուծի գիշերային մռնչոց է հիշեցնում», - այսպես էր նկարագրում իր աշակերտին Կոմիտասը։
1909-ին Վահանն ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա՝ զուգահեռաբար անցնելով նաև սպայական դասընթացներ ու ստանալով ենթասպայի կոչում։ Նա մասնակցում է 1-ին համաշխարհային պատերազմին՝ խիզախության համար Պարգևատրվելով մի շարք շքանշաններով, բազմաթիվ պատվոգրերով եւ մարտական սրերով։ 1921 թվականից Տեր-Առաքելյանը տեղափոխվում է Թիֆլիս եւ աշխատում «Մարտակոչ» ու «Պրոլետար» թերթերի խմբագրություններում։ Այս տարիներին գրում և հրատարակում է գրական ստեղծագործությունների մի ամբողջ շարք՝ «Դեպի նոր կյանք», «Կարմիր դրոշ», «Նեռի ծնունդը», «Անմահ կայծ», «Կաթնաղբյուր»։
Ժամանակակիցների վկայությամբ, նրա արձակն իր գեղարվեստական ուժով չէր զիջում Հայաստանի լավագույն գրողների՝ Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի ստեղծագործություններին։ Վ.Տեր-Առաքելյանի գրչին է պատկանում «Քյոռ Օղլի» օպերայի լիբրետոն։ Նա օժտված էր նաև թարգմանչի տաղանդով։ Վ.Տեր-Առաքելյանի շնորհիվ հայ ընթերցասեր հասարակայնությունն հնարավորություն ունեցավ ծանոթանալու համաշխարհային գրականության լավագույն նմուշներին՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ին, Բրունո Յանեսկուի «Ես վառում եմ Փարիզը», Յարոսլավ Գաշեկի «Համաշխարհային պատերազմում խիզախ զինվոր Շվեյկի արկածները» և այլ ստեղծագործությունների։ Երգիչը դիմել է նաև ռուսական պոեզիային. հայտնի են նրա՝ Պուշկինի, Եսենինի, Մայակովսկու, Գորկու երկերի թարգմանությունները։
...Ընթերցողները Վահան Տեր-Առաքելյանին պետք է հիշեն, որպես «Խիզախ զինվոր Շվեյկի արկածներ»-ի եւ «Աննա Կարենինա»-ի թարգմանչի։ Նա թարգմանիչ-պոետ է։ Միայն «Շվեյկ»-ում քառասուն նոր բառ կա։ Իսկ «Աննա Կարենինա»-ն նա թարգմանել է այնպիսի զգացումով, որ Աննան ընթերցողի համար դարձել է աստվածատուր կին, իսկ նրա մահը՝ անձնական դրամա։ Եթե թարգմանչական արվեստն համեմատենք դերասանականի հետ, ապա կարելի է զարմանալ ու հիանալ, թե Վ.Տեր-Առաքելյանին ինչպես է հաջողվել մի դեպքում օժտված լինել հումորի այդպիսի զգացումով, մյուսում՝ խորը դրամատիզմով», - այսպես է գնահատել Տեր-Առաքելյան-թարգմանչին լեզվագրագետ Ռուբեն Զարյանը։
Կոմիտասի ողբերգական վախճանից մեկ տարի անց՝ 1936 թվականին Թիֆլիսում ձերբակալվեց Վահան Տեր-Առաքելյանը և աքսորվեց Կոմիի ինքնավար հանրապետություն, որտեղ էլ 1941 թվականին կնքեց իր մահկանացուն։ Միայն 1960 թվականին երգչի հարազատներին հաջողվեց նրա աճյունը տեղափոխել հայրենիք։