Սպիրիդոն Մելիքյան, Միհրան Թումաճան, Վաղարշակ Սրվանձտյան, Վարդան Սարգսյան և Հայկ Սեմերջյան. Կոմիտասի աշակերտները
Հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասի գործունեության կարևորագույն ոլորտներից էր մանկավարժությունը։ «Նա հանգիստ էր, ընկերական, մեղմ, ոգեւորությամբ տոգորված։ Նրա ժպտուն աչքերում թաքնված թախծալի ցոլքը, պարզ ինտոնացիան, խանդաղատալի ձայնը մատնում էին նրա ներքին կրակը։ Կոմիտասը հիվանդ էր ժողովրդական երգով։ Դասավանդելիս երգում էր և նրա ժողովրդական երգի մեջ զգացվում էին նրբերանգներ, ռիթմ, կոլորիտ», - այսպես էր հիշում Կոմիտաս-մանկավարժին հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը։
Հայտնի երաժշտագետ Վասիլի Կորգանովի վկայությամբ, Կոմիտասի շնորհիվ «ճեմարանում երաժշտա-տեսական առարկաների դասարանն ավելի բազմամարդ էր, քան շատ կոնսերվատորիաներում և երաժշտական ուսումնարաններում»։
Աշակերտներին օգնելու նպատակով կոմպոզիտորը գրել է մի շարք դասագրքեր՝ «Երաժշտության տարրական տեսություն», «Հայկական նոտագրություն», «Հարմոնիա»։
Տասնյակ տարիներ Կոմիտասը երազում էր ազգային երաժշտանոցի ստեղծման մասին, որը, ցավոք, նրան այդպես էլ չհաջողվեց։
Կոմիտասի մանկավարժական հմտության վառ ապացույցն են երգիչներին ուղղված նրա տասը պատվիրանները։
Կոմպոզիտորը պատասխանատվության մեծ զգացումով էր վերաբերվում մանկավարժությանը՝ ասելով. «Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։
Կոմիտասի լավագույն աշակերտներից էին Վահան Տեր-Առաքելյանը,յ ժողովրդական երգերի հիասքանչ «մեկնաբան», տաղանդավոր երգիչ Արմենակ Շահմուրադյանը, Բարսեղ Կանաչյանը, որոնց armenianhandmade.com կայքն արդեն անդրադարձել է առանձին նյութերով:
Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Կոմիտասի առաջին աշակերտներից էր Սպիրիդոն Մելիքյանը։ Ծնվել է 1881 թվականին։ Դեռևս ուսման տարիներին նա զբաղվել է գիտական հետազոտություններով։ Ճեմարանն ավարտելուց հետո՝ 1904-1908 թվականներին, Սպիրիդոնը մեկնում է Բեռլին և սովորում նույն պրոֆեսորների ղեկավորությամբ, որոնց մոտ ժամանակին ուսանել էր ինքը՝ Կոմիտասը։ Անդրկովկաս վերադառնալուն պես, հրաժարվելով Էջմիածնում ստացած հոգևորականի իր կոչումից, նա սկսում է զբաղվել մանկավարժական, հասարակական և երաժշտագիտական գործունեությամբ։ Ներսիսյան ճեմարանում, շարունակելով Մ.Եկմալյանի ավանդույթները, Ս.Մելիքյանն է՛լ ավելի է բարձրացնում տեղի երգչախմբի մակարդակը։ Թիֆլիսում նա Հայկական երգչախմբային ընկերության եւ Հայկական երաժշտական կազմակերպության հիմնադիրներից և գործող անդամներից էր։
Սպիրիդոն Մելիքյանի երաժշտագիտական աշխատանքներից են «Երաժշտության զարգացման խնդիրնեը» (1909), «Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա» (1914), «Երգեցողության դասագիրքը» (1912), «Շիրակի Երգեր» ձեռնարկը (1917)։ Առաջին հրապարակումը նվիրված է դպրոցներում երաժշտության դասավանդման զարգացման խնդիրներին և հայրենական երաժշտական մշակույթի պրոպագանդման նպատակով ֆիլհարմոնիկ ընկերության կազմակերպմանը։ Մյուս հետազոտությունները նվիրված են խազերին և եկեղեցական 8-ձայն համակարգին։ «Շիրակի երգեր» ձեռնարկը 1914 թվականին Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերության կողմից կատարած երաժշտա-ազգագրական հետազոտությունների արդյունքն է։ Հայ իրականության մեջ առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրված երգերը նոտագրվում և հրատարակվում էին առանձին ժողովածուով։ Այստեղ հավաքագրված են գեղջկական երգեր և պարերգեր, աշուղական իմպրովիզացիաներ, որոնք հետաքրքիր են իրենց ժանրային բովանդակությամբ, ունեն մեծ պատմական նշանակություն և այսօր էլ ծառայում են որպես թեմատիկ աղբյուր հայ կոմպոզիտորների համար։
Ս.Մելիքյանը մահացել է 1933-ին։
Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանը ծնվել է Սեբաստիայի շրջանի Կյուրին քաղաքում։ 1910 թվականին տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ եւ ստացել է իրավաբանական կրթություն։ Հիանալով Կոմիտասի արվեստով՝ Թումաճանը դարձել է «Գուսան» երգչախմբի անդամ։ Պատերազմի ավարտից հետո Կոստանդնուպոլսում գտնելով իր ընկերներին՝ իրականացրել է «Հայ գուսան» երգային ժողովածուի հրատարակումը։ 1923 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ կազմակերպել է երգչախմբեր եվ համերգներ, ձայնագրել է արևմտահայկական երգեր։ Կոմիտասի եւ Սպիրիդոն Մելիքյանի հավաքագրած երգերի հետ մեկտեղ Թումաճանի կազմած ժողովածուները հայ երաժշտական արվեստի արժեքավոր գոհարներից են։ 1964 թվականին Միհրան Թումաճանը հաստատվել է հայրենիքում, որտեղ հրատարակել է իր ժողովածուները։ Նա մահացել է 1973 թվականին Երեւանում։
Վաղարշակ Սրվանձտյանը հանրահայտ ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանի ազգականն է։ Ծնվել է 1891թվականին Իրանի Թավրիզ քաղաքում։ Սուլթան Համիդի ռեպրեսիայի տարիներին արտաքսվել է Բրուսա, որտեղ սովորել է Ֆրերների քոլեջում։ Ինը տարեկանից Վաղարշակը ֆլեյտա է նվագել ուսանողական հոգևոր նվագախմբում։ 1910 թվականին նա մեկնել է Կ.Պոլիս և սովորել Կոմիտասի մոտ։ 1920 թվականին ընկերների հետ մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու, ապա ԱՄՆ՝ հաստատվելով Ֆրեզնո քաղաքում։ Հետևելով իր ուսուցչի օրինակին՝ Վաղարշակ Սրվանձտյանը զբաղվել է ազգագրությամբ և կոմպոզիտորական գործունեությամբ։ Պահպանվել են Փարիզում և այլուր տպագրված նրա երգերը և ռոմանսները։ Կյանքի վերջում ստեղծել է իր լավագույն ստեղծագործությունը՝ «Հայկական սիմֆոնիա»-ն։ Վ.Սրվանձտյանը վախճանվել է Ֆրեզնոյում, 1958 թվականին։
Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանը ծնվել է 1892 թվականին Կ.Պոլսում, երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան գիմնազիայում, աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ և խմբավար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրել է «Հայկական երաժշտական ընկերությունը»։ Վ.Սարգսյանն իրականացրել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը։ Կոմիտասի մյուս աշակերտների հետ 1920 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ նշանակվել է հայկական եկեղեցու երգչախմբի ղեկավար։ Այնուհետև, Բելգիայում ստեղծել է «Հայեր» երաժշտական ընկերությունը, հիմնել երգչախումբ։ Վարդան Սարգսյանը սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում։ 1931 թվականին Մարսելում կազմակերպել է երկրորդ «Հայկական երաժշտական ընկերությունը», իրականացրել Կոմիտասի և իր իսկ ստեղծագործությունների կատարումները։ 1947 թվականին Վ.Սարգսյանը տեղափոխվել է Փարիզ։
Նրա գրչին են պատկանում հայ ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայ պոետների խոսքերով գրված երգեր, «Սրբազան երգեցողությունք Հայաստանյաց եկեղեցվո» ծավալուն աշխատությունը։ Վ.Սարգսյանի դերը մեծ է իր ուսուցչի՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքման եւ հրատարակման գործում։ Նրա շնորհիվ լրացվել եվ հրատարակվել է Կոմիտասի «Պատարագը»։
Վարդան Սարգսյանը մահացել է 1978 թվականին։
Կոմիտասի աշակերտների շարքում ամենահամեստ տեղը զբաղեցնում է Հայկ Սեմերջյանը։ Նրա մասին քիչ տեղեկություն է հասել մեզ։ Հայտնի է, որ Հ.Սեմերջյանը հիասքանչ ձայնով օժտված երգիչ էր, որը, ցավոք, պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձայնն ու լսողությունը և հեռացել երաժշտական ասպարեզից։ Ճակատագրի բերումով նրան վիճակված չէր շարունակել իր ուսուցչի՝ մեծն Կոմիտասի գործը։