‹‹Մեր պարերը և մենք›› ու ‹‹Պարենք հայերեն›› նախաձեռնությունների բաց նամակը Երևանի քաղաքապետին
Հարգարժան պրն. Քաղաքապետ, Ձեզ դիմում են ‹‹Մեր պարերը և մենք››, ‹‹Պարենք հայերեն›› նախաձեռնությունները և մի շարք ավանդական երգի պարի խմբեր: Շեշտը դնելով այն փաստի վրա, որ Երևանը վերջին տարիներին անհամեմատ գեղեցկացել ու նոր շունչ է ստացել, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ: Պարոն Մարգարյան, այսօրվա Երևանը առաջինը Ձեր ջանասեր աշխատանքի արդյունքն է: Ակներև է այն փաստը, որ քաղաքին նոր շունչ են հաղորդում հենց բացօթյա մշակութային միջոցառումները, որոնց քաղաքացիները առանձնակի ջերմությամբ են մոտենում:
Մենք՝ արդեն տարիներ շարունակ Կասկադում տեղի ունեցող ազգային պարի ամենամսյա բաց դասերին մասնակից երիտասարդներս, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ պարող քաղաքացիների քանակը այնքան է աճել, որ տարածքը այլևս չի բավարարում: Դրա վառ ապացույցն են Պարի միջազգային օրը՝ ամսի 29 - ին ,Կարապի լճի մոտ տեղի ունեցած հրաշալի միջոցառումը, ինչպես նաև նախորդ տարի Ազատության հրապարակում տեղի ունեցած ազգային պարի ուսուցման բաց դասերը:
Այս գեղեցիկ ավանդույթ դարձած անընդհատ բազմամարդ դարձող միջոցառումը, որ քաղաքին առանձնակի համ ու հոտ է հաղորդում, այժմ տարածքի խնդիր ունի, և դրան լուծում կարող եք տալ միայն դուք : Խնդրում ենք Ձեզ ամիսը մեկ անգամ՝ ամսվա առաջին ուրբաթ օրը, երեկոյան ժամը 19:00, նախաձեռնությանը տրամադրել Ազատության հրապարակը և համապատասխան տեխնիկա՝ միջոցառումը իրականացնելու համար: Հաշվի առնելով Ձեր մոտեցումը ազգային մշակույթին՝ համոզված ենք, որ այս հարցը ճիշտ լուծում կստանա ,և Ազատության հրապարակը ամեն ամիս կդառնա հազարավոր քաղաքացիների ուրախության և համախմբման վայր: