Հայաստանում հեռանկարային ծրագրեր ունեցող գյուղատնտեսներ չկան. Կարապետ Ավագյան

Կարապետը մեծ ցանկություն ունի պայմանագրեր կնքել հյութ արտադրող գործարանների հետ, որպեսզի դրսից ներկրվող պատրաստի ալոեի հյութի փոխարեն Հայաստանում արտադրվի այն, ինչն ավելի եկամտաբեր կլինի և կապահովի լրացուցիչ աշխատատեղեր: Կարապետի ցանկությունն այժմ չի կարող իրականություն դառնալ, քանի որ արտադրություն զարգացնելու համար չկա արտադրանք: 

Նա համամիտ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան: Ճիշտ հակառակը՝ հանրապետությունում աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ շուկան հագեցած չէ:

«Տեսեք, շատերը լոլիկ են աճեցնում, բայց դա բավարար չէ ամբողջ հանրապետության համար, և 6 ամիս Թուրքիայից լոլիկ է մտնում Հայաստան: Ստացվում է, որ մենք տարվա կեսն ենք կարողանում ապահովել լոլիկով: 

Նույնը նաև այլ ոլորտներում: Ամբողջ տարի Հոլանդիայից ծաղիկ է ներկրվում Հայաստան, չենք կարողանում պահանջարկն ապահովել: 

Եթե ձեռնտու չէ տեղում աճեցնելը, ապա ինչպե՞ս է ձեռնտու Հոլանդիայում աճեցնելը, տրանսպորտային ծախսեր կատարելով Հայաստան տեղափոխելն ու վաճառելը: Եթե Հայաստանում աճեցնես ու այդ գնով հասցնես խանութներին, շատ ավելի եկամուտ կստանաս, քան դրսից ներկրես»,-ասում է Կ. Ավագյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մեծ գումարներ ծախսող, երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունեցող գյուղատնտեսներ չկան: 
Կարապետն ասում է, որ մեզ մոտ հետևյալ սխեման է գործում. ունենալ 300քմ մակերեսով ջերմոց, ծաղիկ աճեցնել, 4-5 ամիս հետո արագ շուկա տանել, վաճառքից ստացած գումարով վարկ փակել կամ ապրել:

Աղբյուրը` hetq.am