Կարապետ Ավագյանը բացել է ալոեի «կոդը». Քրիզանթեմից աստրոմերիա, այնուհետև՝ ալոե
Կարապետ Ավագյանը արդեն 14 տարի ծաղիկներ է աճեցնում: Սկզբում աճեցրել է հոլանդական տեսակի քրիզանթեմներ, հետո՝ աստրոմերիա, այժմ էլ իր տան դիմացի 800քմ մակերեսով պոլիէթիլենային ջերմատանը զարկ է տվել ալոեի աճեցմանը: Կարապետը հետաքրքրվել է և պարզել, որ ինքը հանրապետությունում միակն է, որ ալոե (հալվե) է աճեցնում:
«Աշխատանքը պետք է ստեղծագործական ինչ-որ բան լինի: Եթե ստեղծագործություն չկա, խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու հետաքրքիր պրոցեսներ չկան, դառնում է ստանդարտ բան, և չեմ կարողանում աշխատել: Եթե նույնիսկ լոլիկը քրիզանթեմից ու ալոեից 2 անգամ ավելի շատ բերքատվություն ապահովեր, ես լոլիկի մշակությամբ չէի զբաղվի, որովհետև այսօր ստանդարտ բան է»,-«Հետքի» հետ զրույցում ասում է մասնագիտությամբ ինժեներ Կարապետը:
«Աշխատանքը պետք է ստեղծագործական ինչ-որ բան լինի: Եթե ստեղծագործություն չկա, խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու հետաքրքիր պրոցեսներ չկան, դառնում է ստանդարտ բան, և չեմ կարողանում աշխատել: Եթե նույնիսկ լոլիկը քրիզանթեմից ու ալոեից 2 անգամ ավելի շատ բերքատվություն ապահովեր, ես լոլիկի մշակությամբ չէի զբաղվի, որովհետև այսօր ստանդարտ բան է»,-«Հետքի» հետ զրույցում ասում է մասնագիտությամբ ինժեներ Կարապետը:
Քրիզանթեմից աստրոմերիա, այնուհետև՝ ալոե
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Կարապետ Ավագյանը քրիզանթեմի աճեցմամբ սկսել է զբաղվել 60 քմ տարածքից: Սկզբում փորձել է հասկանալ ծաղկի լեզուն ու երբ «գլուխ» է հանել, ավելացրել է տարածքը: Քրիզանթեմի աճեցումը նրա մոտ ստացվել է, և արտադրանքը շուկա է դուրս բերել: Կարապետը պատմում է, որ նոր տեսակի ծաղիկները հետաքրքրել են ոլորտով զբաղվողներին, և քրիզանթեմի սածիլների պահանջարկ է առաջացել: Սկսել է քրիզանթեմի սածիլների վաճառքով զբաղվել: Քրիզանթեմը իրեն թե եկամուտ է բերել, թե հանրապետությունում ծաղիկն է տարածվել, իսկ երբ ծաղկի մշակությունը դարձել է զանգվածային, իսկ հանրապետությունում քրիզանթեմն ընդունվել է որպես «սովորական ծաղիկ», Կարապետի մոտ քրիզանթեմի նկատմամբ հետաքրքրությունը կորել է և փորձել է նոր՝ ավելի հետաքրքիր բան մտածել:
Նրա ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում աստրոմերիա ծաղկի նոր տեսակները, որի մշակությամբ զբաղվելը և շահութաբեր էր, և նորություն էր շուկայում: Կարապետը սկսել է զբաղվել աստրոմերիայի աճեցմամբ:
«Ինձ դուր է գալիս բարդ, նոր ստեղծվող, թվացյալ անլուծելի խնդիրներ ունեցող բույսերի հետ աշխատելը: Չեմ սիրում անել մի բան, որը բոլորն են անում և ամեն ինչ պարզ է: Առաջնահերթ ինձ հետաքրքրում է ոչ թե դրանից մեծ գումարներ ստանալը, այլ կոնկրետ բույսը մշակելը և վերջնական արդյունքը տեսնելը»,-ասում է Կարապետը և հավելում, որ ցանկացած բույս կոդ ունի, իրեն հետաքրքիր է այդ կոդը բացելը: Հենց մարդը կարողանա կոդն ամբողջովին բացել ու կարդալ, եկամուտը ավտոմատ գալու է:
Աստրոմերիա աճեցրել է 5-6 տարի: Բայց այդ ծաղիկն էլ արագ տարածվել է Հայաստանում և, Կարապետի բնորոշմամբ, դարձել «պոմիդորի, վարունգի ու այլ բանջարեղենի նման մի բան»: Դրանից հետո Կարապետը դարձյալ ընկել է փնտրտուքի մեջ:
Այդ հարցում նրան ուղղորդել է հարևան Իրանում բնակվող մի հայ գործընկեր: Նա հուշել է Կարապետին, որ դեղաբույսեր աճեցնի: Սկզբում որոշել է ալոեի և ուրցի նոր տեսակների մշակությամբ զբաղվել: Հետաքրքրվել և պարզել է, որ Հայաստանում ալոե չեն աճեցնում, սակայն մոտ 30 տարի դեղագործական նպատակներով ալոե ներկրվում է Վրաստանից և այլ երկրներից:
Դեղագործական գործարանների ղեկավարների հետ բանակցություններից հետո որոշել է հենց ալոեի մշակության վրա կանգ առնել: Սկզբնական շրջանում իրեն օգնել է գյուղատնտեսության մեջ նորարարությունները խրախուսող ծրագիրը, որին դիմել և մրցույթում հաղթել է:
Աղբյուրը` hetq.am