Ինչքան ջերմատունը փոքր է, այնքան ծախսերը մեծ են, լուծումը` մեծ ջերմատներ կառուցելն է
Ժամանակակից գյուղատնտեսությունը զարգացնելու համար, Հայաստանում ամենածախսատար պրոցեսը ջեռուցումն է, քանի որ գազը թանկ է:
Կարապետի խոսքերով՝ այսօր ծախսերի նվազեցման լուծումը մեծ ջերմատներ կառուցելն է: Ըստ նրա՝ ինչքան ջերմատունը փոքր է, այնքան ծախսերը մեծ են: Նրա և իրանցի գործընկերոջ հաշվարկներով, ջերմատուն պետք է կառուցել 2500քմ-ից սկսած, որպեսզի եկամուտ ապահովի:
«Մեզ մոտ 200-500 քմ ջերմատուն են կառուցում, ինչից հնարավոր չէ եկամուտ ստանալ, ստացած գումարները ծախսվում են ջերմատան վրա: Իմ ներկայիս 800 քմ ջերմատունը եղել է 3 հատ առանձին-առանձին ջերմատներ, միացրել եմ իրար ու ծախսերը մոտ 30%-ով պակասել են: Ձմռանը մենք տաքացնում ենք ջերմատան ներսի օդը, որը սառում է դրսի պատերի մակերեսից:
Ջերմատունն ինչքան մեծ լինի, այնքան դրսի պատերի մակերեսը փոքր կլինի՝ օդի ծավալի հաշվին: Օրինակ՝ 5000 խմ օդը ավելի ուշ կսառի, քան 3000 խմ-ը և անիմաստ գումարներ էլ չեն ծախսվի ջեռուցման վրա: Հիմնականում ջերմատները ցածր են կառուցում, ինչը չի կարելի, քանի որ օդի ծավալը քչանում է և շուտ է սառում: Բացի այդ, փոքր ջերմոցների հողն է քիչ, ինչն արդյունավետ չէ»,-ասում է Կարապետը:
Նա ոլորտի ևս մեկ խոչընդոտ է համարում ներկայիս բանկային քաղաքականությունը: Լուրջ ներդրում կատարելու համար գյուղատնտեսն անպայման պետք է բանկերից վարկ վերցնի, իսկ բանկերը երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, կամ լավագույն դեպքում տրամադրում են, երբ անշարժ գույք կամ մի 100 հազար դոլարանոց գույք են գրավ թողնում, որ 50 հազար դոլար վարկ տրամադրեն:
«Բանկային համակարգը գյուղացիների համար առայժմ ձեռնտու ու եկամտաբեր չէ: Ես գնամ ասեմ, որ ալոե եմ աճեցնելու և 3 տարի եկամուտ չեմ ստանալու, չեմ կարծում, որ հանրապետությունում լինի մի բանկ, որ ինձ գումար տա, կամ տա ոչ թե 1-2 մլն դրամ, այլ ասենք՝ 10 մլն դրամ»,-նշում է Կ. Ավագյանը և հուսադրում, որ մեծ ցանկության դեպքում նույնիսկ այս պայմաններում հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվել և եկամուտներ ստանալ:
Աղբյուրը` hetq.am