Նոր բիզնես. Ալոեն 3 տարի բուծելուց հետո, 30-40 տարի անընդհատ բերք է տալիս


  Կարապետի իրանահայ գործընկերը եկել է Հայաստան և սկզբնական շրջանում խորհուրդներ է տվել, թե ինչպես աճեցնի ալոեն: Կարապետը ալոեի աճեցման համար Հայաստանում մասնագետ չի կարողացել գտնել և հիմնականում օգտվել է համացանցից ու գրականությունից:


Կարապետն ասում է, որ ալոեն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և վերջինիս հիմնական պահանջը ռեժիմի ապահովումն է՝ անհրաժեշտ լուսավորությունը, օդը, ջեռուցումը, ոռոգումը, անձրևացումը և այլն: Այն շատ պահանջկոտ բույս չէ, խնդիրներ չի առաջացնում, բայց եթե ռեժիմը չես կարողանում ճիշտ ապահովել, այսինքն՝ բույսի ծրագիրը խախտում ես, սկսում է խնդիրներ ունենալ. աճն է դանդաղում, հիվանդություն է զարգանում և այլն: Ռեժիմը պահելուց և ամիսը երկու անգամ սնուցելուց հետո պետք է համբերատար սպասել 2.5-3 տարի և վաճառքի հանել ալոեի տերևները:

«2.5 տարեկանից սկսած ալոեի տերևներն ավելի փարթամ են լինում, իսկ զանգվածը՝ շատ, ինչը ձեռնտու է և ֆերմերին և մթերող գործարանին: Ես ունեմ 2.4 տարեկան բույսեր, բայց չեմ կարծում, որ բերքահավաքը ինձ ձեռնտու է: Հաշվարկ ենք կատարել, որ ևս կես տարի սպասենք նոր սկսենք ալոեի տերևները քաղել: Եթե հիմա կարող ենք հավաքել 100կգ տերև, ապա 6 ամիս հետո դա կլինի 150 կիլոգրամ: Այդ 50 կիլոգրամը կորցնելու ենք ամեն 100 կիլոգրամի մեջ և 6 ամիս շարունակ, բայց մենք 2,5 տարի սպասել ենք և 6 ամսվա համար չարժե շտապել»,-նշում է նա:

Կարապետն ասում է, որ ալոեի մշակության 3 տարին գյուղացու համար երկար է թվում և լուրջ ներդրումներ է պահանջում, սակայն այն ունի մեծ առավելություն. 3 տարի հետո 30-40 տարի անընդհատ բերք է տալիս, «կանգնել չկա», իսկ յուրաքանչյուր տարի՝ նախորդի համեմատ, բերքատվությունն ավելանում է:

Աղբյուրը` hetq.am