Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից). միջազգային գիտաժողով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը մայիսի 28-ին և 29-ին շարունակեց իր աշխատանքները:
Մայիսի 28-ի նիստերն ատենապետեցին Հայր Աթանաս Շառլ Ռենուն, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Դանիելյանը, դոկտոր, պրոֆեսոր Փիթեր Քաուին և Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: 
Զեկույցներ ներկայացրին Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը («Կիլիկյան շրջանի արտախուրակները Մայր Աթոռի թանգարաններում»), ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից Ինեսա Դանիելյանը («Մոմիկի նկարազարդած ձեռագրերի անվանաթերթերը և կիլիկյան գրքարվեստը»), ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» հայագիտական ամբիոնից դոկտոր, պրոֆեսոր Փիտեր Քաուին («Ներսես Պալիանենցի “Մոլորութիւնք”-ի քննություն հայ քաղաքական գործիչների ու պապականության միջև զարգացող հարաբերությունների լույսի ներքո»), «Փարիզ Ա Պանթեոն-Սորբոն» համալսարանից դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը («Կիլիկյան Հայաստանի եւ Ֆրանսախոս Ասորիքի եկեղեցական փոխհարաբերությունները»), Մայր Աթոռ Ս. Էջմիածնից և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից պ.գ.դ. Ազատ Բոզոյանը («Կիլիկիայի Հայոց պետության արքունիքը և նրա փոխհարաբերությունները քրիստոնեական համայնքների հետ»), Մաշտոցի անվան Մատենադարանի գիտքարտուղար պ.գ.թ. Վահան Տեր-Ղևոնդյանը («Իբն Լևոն արքայատոհմը կամ Կիլիկիայի Լևոնյանները») և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից պ.գ.թ. Գագիկ Դանիելյանը («Հռոմկլայի հայրապետական աթոռի պատմության արաբական սկզբնաղբյուրները»):
Նույն օրը գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարաններ, ուր մասնավորապես ծանոթացան «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը ցուցադրվող 13-րդ դարի կիլիկյան արտախուրակներին:
Մայիսի 29-ի նիստերը նախագահեցին պ.գ.թ. Վահան Տեր-Ղևոնդյանը, դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը և պ.գ.դ. Ազատ Բոզոյանը:

Գիտաժողովի վերջին օրը զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Դանիելյանը («Արցախի նշանակությունը Կիլիկիայի Հայկական թագավորության Արևելյան քաղաքականության մեջ ԺԳ. դարի 40-ական թթ.»), Մոսկվայից Սամվել Գրիգորյանը («Լևոնկլա Ա և Լևոնկլա Բ Կիլիկյան Հայաստանի ամրոցները»), Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը («Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները Վարդան Արևելցու նորահայտ երկի լույսի ներքո»), ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սեյրանուշ Մանուկյանը («Ռումինահայերի` Մատենադարանին նվիրած № 9510 Ավետարանը»), ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Չուգասզյանը («Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի թիվ 9422 Ավետարանի մանրանկարների արվեստը»), ՀՊՄՀ-ից Լիանա Աղաբեկյանը («Աշխարհիկ և հոգևոր նվիրապետությունների փոխհարաբերությունները Կիլիկյան Հայաստանում հայոց թագավորության վերականգնման խնդրի շուրջ») և Մայր Աթոռի մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը («Հայրապետական Աթոռը Սսից Վաղարշապատ տեղափոխելու և նոր կաթողիկոս ընտրելու իրավական հիմքերն ըստ «Ազգապատում» և «Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիո» աշխատությունների»):