Խաղողագործության ու գինեգործության ակունքները Հայկական լեռնաշխարհում

Հնագետների համոզմամբ՝ խաղողի աճեցումն ու գինու արտադրությունը սկիզբ են առել Հարավային Կովկասի հարուստ և բերրի հովիտներից: 
Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: 
Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի տնտեսական գործունեության, թերևս, ամենահին ճյուղերից են: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 

19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն: 1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ: Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ: 

2011 թվականին հնէաբանները հայտարարեցին, որ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործական հնձանը, որը թվագրված է մ.թ.ա. 4000 թ.: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արենի քարանձավային համալիրում և բաղկացած է խաղողը ճզմելու համար նախատեսված քարե ավազանից և քամված հեղուկի պահեստավորման տարողություններից: 

Շրջակայքում հայտնաբերվել են նաև խաղողի կորիզներ, մնացորդներ և տասնյակ չորացած վազեր: Գտնված կորիզները պատկանում են խաղողի Vitis Vinifera տեսակին, որն այսօր էլ օգտագործվում է գինու արտադրության մեջ: 

Մինչ այս բացահայտումները, գինեգործության հնագույն հետքերը համարվում էին Եգիպտոսում հայտնաբերված սարքավորումները, որոնք թվագրված են մ.թ.ա. 3100 թ.:
Հնագույն ժամանակներից մինչ օրս գյուղատնտեսությունը, և մասնավորապես` խաղողագործությունն ու գինեգործությունը, էական դեր են խաղացել Հայաստանի տնտեսության ձևավորման գործում և հայ ժողովրդի գոյատևման կարևոր միջոց են հանդիսացել, սակայն խորհրդային հասարակարգի փլուզումից հետո` գինեգործությունն անկում է ապրել և դեռևս չի վերականգնել իր դիրքերը:


Հայկ Կիսեբլյան