Գինեգործությամբ հայտնի Արենի գյուղում ամեն տարի կազմակերպվում է Գինու փառատոն
Արենի գյուղը, որ հայտնի է իր գինեգործությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա:
Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:
Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում:
Ավանդաբար ամեն աշուն Արենիում գինու փառատոն է լինում, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները:
Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»: